Իրանում Իսրայելի և Միացյալ Նահանգների համատեղ օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի։ Այս մասին հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իսլամական հանրապետության Կարմիր մահիկի կոմիտեն։
Զոհերից 180-ը, ըստ պաշտոնական Թեհրանի, զոհվել են Մինաբ քաղաքի տարրական դպրոցին հասցված իսրայելական հարվածի հետևանքով։
«Քաթարի և Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները ակտիվ մասնավոր շփումներ են սկսել իրենց դաշնակիցների հետ՝ Իրանի շուրջ ռազմական գործողությունները հնարավորինս արագորեն դադարեցնելու նպատակով», - գրում է Bloomberg գործակալությունը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պարսից ծոցի երկու պետությունները, դաշնակիցների միջոցով, փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի Վաշինգտոնը Իրանի հետ որոշակի փոխզիջման գնա և կողմերի միջև հրադադար հաստատվի։
«Քաթարն ու ԱՄԷ-ն փորձում են մեծ կոալիցիա ձևավորել՝ շուտափույթ դիվանագիտական լուծումների հասնելու նպատակով։ Դա, ըստ արաբական միապետությունների ներկայացուցիչների, թույլ կտա կանխել տարածաշրջանային հետագա էսկալացիան, ինչպես նաև միջազգային շուկայում էներգակիրների երկարաժամկետ գնաճը», - գրում է Bloomberg-ը։
Իսրայելի զորքերն անցած գիշեր հատել են Լիբանանի հետ սահմանը՝ խորանալով հարևան երկրի տարածքում։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը՝ նշելով, որ իսրայելցի զինվորականները այդ քայլին են դիմել «առաջնագծի ամրապնդման նպատակով»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտպանել է Վաշինգտոնի որոշումը՝ հարվածելու իրանական թիրախներին, այն որակելով որպես կանխարգելիչ քայլ և «անխուսափելի սպառնալիքի» պատասխան: Նա զգուշացրել է, որ «ամենածանր հարվածները դեռ սպասվում են ԱՄՆ զինված ուժերի կողմից»։
«Անկասկած, անխուսափելի սպառնալիք կար», - Վաշինգտոնում լրագրողներին ասել է Ռուբիոն։
«Մենք գիտեինք, որ Իսրայելի գործողություն է լինելու։ Մենք գիտեինք, որ դա կհանգեցնի ամերիկյան ուժերի դեմ հարձակման», -նշել է նա՝ հավելելով. «Եթե մենք կանխարգելիչ կերպով չհետապնդեինք նրանց, նախքան նրանք կսկսեին այդ հարձակումները, մենք ավելի մեծ զոհեր կունենայինք։ Սա պետք է տեղի ունենար՝ անկախ ամեն ինչից»։
Ռուբիոյի հայտարարությանը ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն «մտել է Իսրայելի անունից ընտրովի պատերազմի մեջ»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ուկրաինացի մասնագետներ ուղարկել Մերձավոր Արևելք՝ իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու համար, եթե այդ երկրների առաջնորդները համոզեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համաձայնվել մեկամսյա հրադադարի։
Զելենսկին Bloomberg-ին ասել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժման չորս տարին թույլ է տվել Կիևին կուտակել անօդաչու թռչող սարքերը որսալու եզակի փորձ, որոնցից շատերը իրանական «Շահիդներ» են։ Իրանն այժմ օգտագործում է այդ ԱԹՍ-երը՝ Միացյալ Արաբական Էմիրությունների, Կատարի և Սաուդյան Արաբիայի վրա հարձակվելու համար։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնում է, որ Իրանի հարավում գտնվող Գերաշ շրջանում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Հնարավոր վնասների մասին չի հաղորդվում:
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ «այս պահին ի վիճակի չէ տարհանել կամ ուղղակիորեն օգնել Իսրայելից մեկնող ամերիկացիներին»։
Իսրայելում ԱՄՆ դեսպանը X-ում գրառման մեջ խորհուրդ է տվել մեկնել ցանկացող քաղաքացիներին ճանապարհորդել Եգիպտոսով, այլ ոչ թե Հորդանանով։
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը թարմացրել է իր ճանապարհորդական նախազգուշացումը և ԱՄՆ կառավարության՝ արտակարգ իրավիճակների գործողություններին չներգրավված աշխատակիցներին կարգադրել է լքել երկիրը «անվտանգության նկատառումներից ելնելով»։
Այն նաև նշել է, որ Բաղդադում գտնվող ԱՄՆ կառավարության աշխատակիցներին արգելվել է օգտվել քաղաքի միջազգային օդանավակայանից՝ անվտանգության ռիսկերի պատճառով։
Պետդեպարտամենտի Հյուպատոսական հարցերով պետքարտուղարի օգնական Մորա Նամդարն ավելի վաղ սոցցանում գրել էր, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ մեկնեն ավելի քան տասնյակ երկրներից՝ «անվտանգության լուրջ ռիսկերի պատճառով»։
Պաշտոնյան նշել էր, որ այդ երկրներն են՝ Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, օկուպացված Արևմտյան ափը և Գազան, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եմենը։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանից նավթի և գազի մատակարարումների շարունակական նվազումը Իրանի դեմ շարունակվող պատերազմի ֆոնին կարող է հանգեցնել կտրուկ գնաճի և եվրոգոտու արտադրական ծավալների կտրուկ անկման, Financial Times-ին ասել է Եվրոպական կենտրոնական բանկի գլխավոր տնտեսագետ Ֆիլիպ Լեյնը։
Լեյնը նշել է, որ Մերձավոր Արևելքից եկող ցնցման մասշտաբը կախված կլինի «հակամարտության մասշտաբից և տևողությունից»։
Նա մեջբերել է Եվրոպական կենտրոնական բանկի 2023-ին հրապարակված վերլուծությունը, որում նշվում է՝ եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը հանգեցնի «էներգիայի մատակարարումների մշտական անկման», ինչպես նաև «տարածաշրջանային տնտեսական գործունեության խափանման, ապա տեղի կունենա «էներգետիկ ոլորտի հետ կապված գնաճի զգալի աճ և արտադրության ծավալների կտրուկ անկում»:
Իսրայելի բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերն այժմ մի քանի գործողություններ են իրականացնում Իրանի ՀՕՊ համակարգի դեմ։
Բանակի խոսնակ խոսնակ Ավիչայ Ադրաին սոցցանցում գրել է, որ իսրայելական ինքնաթիռները թիրախավորել են անձնակազմին, որը շահագործում էր Իրանի պաշտպանական համակարգերը, այդ թվում՝ ռադարային և հրթիռային կայանքները։
Նա նաև նշել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը նաև հարվածել են Իրանի բալիստիկ հրթիռների արձակման հարթակների հետ կապված վայրերին։