Մատչելիության հղումներ

Թրամփ. Իրանն ավելի արագ պետք է գործի

Գլխավորը՝ համառոտ

10:16 3.3.2026

Հարձակման է ենթարկվել Թեհրանի կենտրոնը

Իրանական «Շարղ» թերթը հաղորդում է, որ խորհրդարանի հին շենքի մոտակայքում գտնվող տարածքը օդային հարվածների է ենթարկվել:

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Թեհրանի կենտրոնում՝ Վալիասր և Ջամի փողոցների խաչմերուկի մոտ, որտեղ գտնվում են մի քանի մշակութային վայրեր և թանգարաններ։

Հարվածի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։

09:30 3.3.2026

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ն ունի զինամթերքի «գործնականում անսահմանափակ պաշար»՝ Իրանի հետ պատերազմի ընթացքում օգտագործելու համար։

«Միացյալ Նահանգների զինամթերքի պաշարները, միջին և միջինից բարձր մակարդակի, երբեք չեն եղել ավելի բարձր կամ ավելի լավ։ Ինչպես այսօր ինձ ասացին, մենք ունենք այս զենքի գործնականում անսահմանափակ պաշար: Պատերազմները կարող են մղվել «հավերժ» և շատ հաջողությամբ՝ օգտագործելով միայն այս պաշարները», - Truth social-ում գրել է ԱՄՆ նախագահը։

09:18 3.3.2026

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարում է, որ ոչնչացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական և վերահսկողական կառույցները, ինչպես նաև Իրանի օդային պաշտպանության հնարավորությունները, հրթիռների, անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը և ռազմական օդանավակայանները։

«Մենք կշարունակենք վճռական գործողություններ ձեռնարկել իրանական ռեժիմի կողմից ներկայացվող անմիջական սպառնալիքների դեմ», - ասվում է հայտարարության մեջ։

08:51 3.3.2026

Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է երկու անօդաչու թռչող սարքերի հարվածի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել և կա նյութական որոշակի վնաս, երեքշաբթի օրը X-ում հրապարակած գրառման մեջ հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը:

08:40 3.3.2026

Վեց ամերիկացի զինծառայողներ մահացել են Իրանի պատասխան հարձակումների ժամանակ ծանր վիրավորվելուց հետո, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:

Մի քանիսը վիրավոր են:

08:36 3.3.2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է, թե ԱՄՆ-ն և Իսրայելը «անվերջ պատերազմ» են մղում Իրանի դեմ՝ պնդելով, որ գործողությունը արագ կավարտվի:

Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները պայմաններ կստեղծեն Իրանում ռեժիմի փոփոխության համար։

Իսրայելի վարչապետը պնդել է, որ ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողությունները «կբերեն խաղաղության մի դարաշրջան, որի մասին մենք նույնիսկ չենք երազել»։

08:23 3.3.2026

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ հարվածել են Թեհրանի պետական ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակողի գլխավոր գրասենյակin՝ այն որակելով որպես «ահաբեկչական ռեժիմի կապի կենտրոն»։

«Տարիների ընթացքում Իրանի հեռարձակման մարմինը կոչ է արել ոչնչացնել Իսրայել պետությունը և օգտագործել միջուկային զենք», - ասվում է զինվորականներ հրապարակված հայտարարության մեջ։

«Կենտրոնը վերջերս օգտագործվել է նաև իրանական ռեժիմի ուժերի կողմից՝ քաղաքացիական գործունեության քողի տակ ռազմական գործունեությունը խթանելու համար», - հավելել են նրանք։

Կարճ ժամանակ անց Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ երկրի վրա սկսվել է իրանական հարձակումների նոր ալիք։

22:46 2.3.2026

Իրանի նախագահը դատապարտել է դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումները

Իրանի նախագահը դատապարտել է իրանական դպրոցների և հիվանդանոցների վրա ԱՄՆ և Իսրայելի հասցրած հարվածները։

«Հիվանդանոցների վրա հարձակումները հարվածում են հենց կյանքին։ Դպրոցների վրա հարձակումները թիրախավորում են ազգի ապագան», - գրել է Մասուդ Փեզեշքիանը սոցցանցում։

«Հիվանդներին և երեխաներին թիրախավորելը բացահայտորեն խախտում է մարդասիրական սկզբունքները։ Աշխարհը պետք է դատապարտի դա։ Իրանը չի լռելու կամ հանդուրժելու այս հանցագործություններին», - հավելել է նա։

22:17 2.3.2026

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ենթադրաբար իրանական անօդաչուն վառելիքի տերմինալի է հարվածել՝ հրդեհ առաջացնելով։ Տերմինալի գործունեությունը հրդեհի հետևանքով չի կանգնել։

«Աբու Դաբիի իշխանություններն այսօր արձագանքել են Մուսաֆայի վառելիքի տերմինալի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով առաջացած հրդեհին», - ասվում է Աբու Դաբիի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

«Իրավիճակն անմիջապես վերցվել է հսկողության տակ։ Վիրավորներ չկան, հրդեհը տերմինալի գործունեության վրա որևէ ազդեցություն չի եղել»,- նշվում է հայտարարությունում։

22:16 2.3.2026

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում հարձակվել է ԱՄՆ-ի հետ կապված ենթադրյալ նավթատար նավի վրա՝ ի պատասխան Իրանին ամերիկա-իսրայելական հարձակումների։

«ATHE NOVA տանկերը, որը Հորմուզի նեղուցում ամերիկյան դաշնակիցներից մեկն է, դեռևս այրվում է երկու անօդաչու թռչող սարքերի հարվածից խոցվելուց հետո», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարությունում։

ԻՀՊԿ-ն շաբաթ էր հայտարարել, որ փակել է ջրային ճանապարհը, որը կենսական նշանակություն ունի նավթի և գազի համաշխարհային առաքումների համար։

Հորմուզի նեղուցով են անցնում աշխարհում վաճառվող նավթի մոտ մեկ հինգերորդը և Կատարից ու Արաբական Միացյալ Էմիրություններից արտահանվող հեղուկ բնական գազի զգալի մասը։ Նավթի համաշխարհային օրական սպառման մոտ 20 տոկոսը՝ մոտ 20 միլիոն բարել, ևս անցնում է այստեղով։


Բեռնել ավելին

XS
SM
MD
LG