ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարում է, որ ոչնչացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական և վերահսկողական կառույցները, ինչպես նաև Իրանի օդային պաշտպանության հնարավորությունները, հրթիռների, անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը և ռազմական օդանավակայանները։
«Մենք կշարունակենք վճռական գործողություններ ձեռնարկել իրանական ռեժիմի կողմից ներկայացվող անմիջական սպառնալիքների դեմ», - ասվում է հայտարարության մեջ։
Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է երկու անօդաչու թռչող սարքերի հարվածի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել և կա նյութական որոշակի վնաս, երեքշաբթի օրը X-ում հրապարակած գրառման մեջ հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը:
Վեց ամերիկացի զինծառայողներ մահացել են Իրանի պատասխան հարձակումների ժամանակ ծանր վիրավորվելուց հետո, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
Մի քանիսը վիրավոր են:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է, թե ԱՄՆ-ն և Իսրայելը «անվերջ պատերազմ» են մղում Իրանի դեմ՝ պնդելով, որ գործողությունը արագ կավարտվի:
Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները պայմաններ կստեղծեն Իրանում ռեժիմի փոփոխության համար։
Իսրայելի վարչապետը պնդել է, որ ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողությունները «կբերեն խաղաղության մի դարաշրջան, որի մասին մենք նույնիսկ չենք երազել»։
Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ հարվածել են Թեհրանի պետական ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակողի գլխավոր գրասենյակin՝ այն որակելով որպես «ահաբեկչական ռեժիմի կապի կենտրոն»։
«Տարիների ընթացքում Իրանի հեռարձակման մարմինը կոչ է արել ոչնչացնել Իսրայել պետությունը և օգտագործել միջուկային զենք», - ասվում է զինվորականներ հրապարակված հայտարարության մեջ։
«Կենտրոնը վերջերս օգտագործվել է նաև իրանական ռեժիմի ուժերի կողմից՝ քաղաքացիական գործունեության քողի տակ ռազմական գործունեությունը խթանելու համար», - հավելել են նրանք։
Կարճ ժամանակ անց Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ երկրի վրա սկսվել է իրանական հարձակումների նոր ալիք։
Իրանի նախագահը դատապարտել է դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումները
Իրանի նախագահը դատապարտել է իրանական դպրոցների և հիվանդանոցների վրա ԱՄՆ և Իսրայելի հասցրած հարվածները։
«Հիվանդանոցների վրա հարձակումները հարվածում են հենց կյանքին։ Դպրոցների վրա հարձակումները թիրախավորում են ազգի ապագան», - գրել է Մասուդ Փեզեշքիանը սոցցանցում։
«Հիվանդներին և երեխաներին թիրախավորելը բացահայտորեն խախտում է մարդասիրական սկզբունքները։ Աշխարհը պետք է դատապարտի դա։ Իրանը չի լռելու կամ հանդուրժելու այս հանցագործություններին», - հավելել է նա։
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ենթադրաբար իրանական անօդաչուն վառելիքի տերմինալի է հարվածել՝ հրդեհ առաջացնելով։ Տերմինալի գործունեությունը հրդեհի հետևանքով չի կանգնել։
«Աբու Դաբիի իշխանություններն այսօր արձագանքել են Մուսաֆայի վառելիքի տերմինալի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով առաջացած հրդեհին», - ասվում է Աբու Դաբիի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։
«Իրավիճակն անմիջապես վերցվել է հսկողության տակ։ Վիրավորներ չկան, հրդեհը տերմինալի գործունեության վրա որևէ ազդեցություն չի եղել»,- նշվում է հայտարարությունում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում հարձակվել է ԱՄՆ-ի հետ կապված ենթադրյալ նավթատար նավի վրա՝ ի պատասխան Իրանին ամերիկա-իսրայելական հարձակումների։
«ATHE NOVA տանկերը, որը Հորմուզի նեղուցում ամերիկյան դաշնակիցներից մեկն է, դեռևս այրվում է երկու անօդաչու թռչող սարքերի հարվածից խոցվելուց հետո», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարությունում։
ԻՀՊԿ-ն շաբաթ էր հայտարարել, որ փակել է ջրային ճանապարհը, որը կենսական նշանակություն ունի նավթի և գազի համաշխարհային առաքումների համար։
Հորմուզի նեղուցով են անցնում աշխարհում վաճառվող նավթի մոտ մեկ հինգերորդը և Կատարից ու Արաբական Միացյալ Էմիրություններից արտահանվող հեղուկ բնական գազի զգալի մասը։ Նավթի համաշխարհային օրական սպառման մոտ 20 տոկոսը՝ մոտ 20 միլիոն բարել, ևս անցնում է այստեղով։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն բարձր է գնահատել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ, սակայն բացառել է դրանց դաշինքի միանալը։
Բրյուսելում գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռյուտեն ասել է, որ «շատ կարևոր» է այն, ինչ ԱՄՆ-ն անում է «Իսրայելի հետ միասին»՝ Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների զարգացման կարողությունները վերացնելու և թուլացնելու համար։
«ՆԱՏՕ-ն բացարձակապես որևէ ծրագիր չունի ներքաշվելու այս գործընթացի մեջ կամ լինելու դրա մաս», - ասել է նա՝ հավելելով, որ առանձին դաշնակիցները կարող են աջակցել ԱՄՆ ջանքերին։
ԱՄՆ նախագահն արդարացրել է Իրանի վրա ամերիկա-իսրայելական համատեղ հարվածները՝ ասելով, որ երկրի միջուկային ծրագիրը աճող սպառնալիք է Միացյալ Նահանգների համար։ Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ արդեն իրանական 10 նավ են ոչնչացրել։
«Սա մեր վերջին լավագույն հնարավորությունն էր՝ հարվածելու և վերացնելու այս հիվանդ և չարագործ ռեժիմի կողմից ներկայացվող անհանդուրժելի սպառնալիքները», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։
Թրամփը նշել է, որ գործողության «նպատակները հստակ են», դրանցից առաջինը Իրանի հրթիռային կարողությունների ոչնչացումն է։
«Երկրորդ,՝մենք ոչնչացնում ենք նրանց նավատորմը. մենք արդեն ոչնչացրել ենք 10 նավ, դրանք ծովի հատակում են։ Երրորդ՝ մենք ապահովում ենք, որ ահաբեկչության աշխարհի թիվ մեկ հովանավորը երբեք չկարողանա միջուկային զենք ձեռք բերել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։