FlyOne ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվել է Օման, Հայաստանի քաղաքացիներն այդ ինքնաթիռով կվերադառնան Հայաստան։
Ավելի վաղ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր՝ թռիչքների չեղարկման պատճառով Աբու Դաբիում մնացած քաղաքացիների տեղափոխումը կազմակերպելու համար թռիչք նախապատրաստելու աշխատանքների մասին։
Թե քանի քաղաքացի այդ ինքնաթիռով Հայաստան կվերադառնա, Քաղավիացիայի կոմիտեն տվյալներ չունի։
Իրանի դեմ պատերազմը կարող է երկար տևել, ԱՄՆ-ն պատրաստ է․ Թրամփ
Իրանի դեմ ռազմական գործողությունները անհրաժեշտության դեպքում կարող են շատ երկար տևել, ԱՄՆ-ն պատրաստ է դրան, հայտարարել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է նախորդ Բարաք Օբամայի վարչակազմին, որը, ըստ նրա, Իրանին թույլ է տվել զարգացնել իր միջուկային ծրագիրը։ Արդյունքում Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել, եթե ԱՄՆ-ն չմիջամտեր։
Թրամփը նշել է, որ ռազմական գործողությունների նպատակն է նաև ապահովել, որ Իրանը չկարողանա ֆինանսավորել կամ ուղղորդել բանակներ իր սահմաններից դուրս։
Իրանի կառավարությունը ժողովրդին կոչ է արել այսօր երեկոյան հավաքվել մայրաքաղաքում՝ շարունակվող հարձակումների ժամանակ Իսլամական Հանրապետությանը աջակցություն ցուցաբերելու համար։
Հանրահավաքը նաև նպատակ ունի շաբաթ օրը ԱՄՆ-ի կամ Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակին հարգանքի տուրք մատուցել։
Կոչը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ։
Իսրայելի և ԱՄՆ հարվածների ժամանակ հարձակման է ենթարկվել իրանական ինը հիվանդանոց, որոնցից հինգը՝ Թեհրանում, չորսը՝ այլ քաղաքներում: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի պատգամավոր, առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ֆաթեմե Մոհամմադ Բեյղին։
Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բեյղին տեղեկացրել է, որ Թեհրանում գտնվող Գանդիի անվան հիվանդանոցն ամբողջությամբ տարհանվել է, իսկ հիվանդները տեղափոխվել են այլ հաստատություններ։
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ չնայած թույլատրել է բրիտանական բազաների օգտագործումը ԱՄՆ-ի կողմից Իրանի հարձակումներին ի պատասխան, իրենք չեն միանում Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումներին։
«Մենք չենք միանում ԱՄՆ-Իսրայել հարձակողական հարվածներին։ Մեր որոշման հիմքում ընկած է վաղեմի բարեկամներ և դաշնակիցների կոլեկտիվ ինքնապաշտպանությունը և բրիտանացիների կյանքի պաշտպանությունը», - ասել է Քիր Սթարմերը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական հրթիռներն ու անօդաչուները Իսրայելի Բեեր Շեբա քաղաքում հարվածել են Իսրայելի բանակին պատկանող կապի համալիրին, հաղորդում է Tasnim–ը։
Գործակալությունն ավելի ուշ հրապարակել է լուսանկար՝ նշելով, որ դրանում պատկերված է թիրախավորված շենքը, «որտեղ տեղակայված են խոշոր միջազգային ընկերություններ, այդ թվում՝ Microsoft-ը»:
Կատարը իրանական երկու կործանիչ է խոցել
Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը «հաջողությամբ խոցել են» Իրանից եկող երկու կործանիչ։
Նախարարության հայտարարությունում ասվում է, որ ռազմածովային և հակաօդային պաշտպանության համակարգերը նաև խոցել են յոթ բալիստիկ հրթիռ և հինգ իրանական անօդաչու թռչող սարք։
«Սպառնալիքը վերացվել է հայտնաբերումից անմիջապես հետո՝ օպերատիվ պլանի համաձայն, բոլոր հրթիռները խոցվել են նախքան իրենց նշանակետին հասնելը», - ասվում է հաղորդագրությունում։
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ իր երկիրը հարվածելու է Մերձավոր Արևելքում գործող «բոլոր ահաբեկչական առաջնորդներին և խմբավորումներին»՝ խոստանալով ծանր հարված հասցնել լիբանանյան «Հեզբոլա» զինված կազմակերպությանը։
«Մենք այս արշավը կավարտենք ոչ միայն Իրանի դեմ հարվածներով, այլ նաև նրանով, որ Հեզբոլա»-ն կստանա կործանարար հարված», - ասել է Զամիրը՝ հավելելով՝ թիրախում են բոլոր ահաբեկչական առաջնորդներն ու խմբավորումները, որոնք կփորձեն վնասել Իսրայելին։
«Մենք դա արդեն ապացուցել ենք և շարունակելու ենք ապացուցել»,- ասել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ։
Ֆրանսիայի նախագահ Էմանjուել Մակրոնը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի միջև ընդլայնվող պատերազմը կարող է հասնել Եվրոպայի սահմաններին: Մակրոնն այս մասին խոսել է Ֆրանսիայի միջուկային զսպման նոր ռազմավարությունը ներկայացնելիս։
«Շաբաթ օրը մեկնարկած հակամարտությունն արդեն բերում է և շարունակելու է բերել անկայունություն ու հնարավոր լայնածավալ բախում մեր սահմաններին, հատկապես այն պայմաններում, երբ Իրանի միջուկային և բալիստիկ կարողությունները շարունակում են պահպանվել», - ասել է Ֆրանսիայի նախագահը։