Մատչելիության հղումներ

եթերում Հաղորդվում է Իրանում, Լիբանանում և Իսրայելում նոր հարձակումների մասին

Գլխավորը՝ համառոտ

17:31 2.3.2026

ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը կհետապնդի և կսպանի ԱՄՆ քաղաքացիների մահվան համար պատասխանատուներին։

Քիչ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Փիթ Հեգսեթը նշել է, որ Իրանին չպետք է թույլատրվի միջուկային զենք ձեռք բերել: Նա նաև քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրը՝ ասելով, որ այն ձախողված գործարք էր։

Հեգսեթը նշել է, որ «Էպիկական զայրույթ» գործողության նպատակն է ոչնչացնել իրանական հրթիռների, հրթիռների արտադրության օբյեկտների, ռազմածովային ակտիվների և անվտանգային այլ ենթակառուցվածքներ։

ԱՄՆ պաշտպանության նախարարը նաև դիմել է Իրանի անվտանգության ուժերին՝ զգուշացնելով, որ նրանք պետք է լավ մտածեն իրենց հաջորդ քայլերի մասին։ Վաշինգտոնը հույս ունի, որ իրանցի ժողովուրդը կօգտվի ստեղծված «անհավանական» հնարավորությունից՝ իշխանությունը վերցնելու համար, ասել է Հեգսեթը:

17:28 2.3.2026

Թուրքիան անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցրել է թռիչքները Մերձավոր Արևելքի որոշ երկրներ՝ Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև ընթացող պատերազմի պատճառով։

«Թռիչքները դեպի Իրան, Իրաք, Սիրիա, Լիբանան և Յորդանանի ուղղությամբ դադարեցվել են մինչև մարտի 6-ը, իսկ նախատեսված բոլոր թռիչքները դեպի Քաթար, Քուվեյթ, Բահրեյն և Միացյալ Արաբական Էմիրություններ՝ մինչև մարտի 3-ը», - հայտարարել է փոխադրումների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն X սոցիալական ցանցում։

17:10 2.3.2026

Իրանի անվտանգության գլխավոր պատասխանատու Ալի Լարիջանին X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է երկարատև պատերազմին՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ ընթացող հակամարտության մեջ, ընդ որում շեշտել է, որ իր երկիրը, ի տարբերություն ԱՄՆ‑ի, «դեռ վաղուց է պատրաստվել երկարատև պատերազմի» համար։

Լարիջանին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը չի լինելու բանակցությունների կողմը ԱՄՆ‑ի հետ այս փուլում։

16:39 2.3.2026

Իսրայելական բանակը հայտարարել է, որ գիշերը սպանել է «Հեզբոլլա»-ի հետախուզական շտաբի պետ Հուսեյն Մաքլեդին։

Զինվորականները հայտարարել են, որ նա սպանվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հասցված ճշգրիտ հարվածի արդյունքում։

«Հեզբոլլա»-ն չի մեկնաբանել լուրը:


16:33 2.3.2026

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Միրզոյանն ու Կոսը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Նրանք անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների և այցերի օրակարգային հարցերի:

16:30 2.3.2026

Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 ժամ փակ մնալուց հետո բացվել է, այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը:

«Իրանի սահմաններից երկուսը, սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված, 24 ժամ փակ են եղել, դրանցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն էր: Այսօր առավոտյան ժամը 9:30 այդ խնդիրը լուծվեց, և այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում», - այսօրվա ասուլիսում հայտնեց Խալիլ Շիրղոլամին:

Պաշտոնական Երևանը Հայաստան-Իրան ցամաքային փակման մասին ոչինչ չի հաղորդել:

Դեսպանի փոխանցմամբ՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը սահմանին է, որտեղից վստահեցրել է, որ այժմ կուտակումներ չկան:

«Ինձ նաև հաղորդվեց, որ սպասման մեջ էին 30-40 քաղաքացիներ, նրանք բոլորն ունեին միջազգային տոմսեր, և նրանց թռիչքը պետք է տեղի ունենար Երևանից: Եվ կա այս գործընթացի հակառակ տարբերակը, այսինքն՝ մեր քաղաքացիներից շատերը Իրան վերադառնալու ճանապարհին ընտրում են ավիաչվերթով դեպի Երևան ժամանել, այստեղից ցամաքային ճանապարհով հասնել Թեհրան», - նշեց դեսպանը՝ հավելելով, որ երեկ մոտ 20 հոգի է ցամաքային ճանապարհով ուղևորվել Իրան, ևս 15 հոգի էլ կհասնեն Երևան, հետո՝ Իրան:

16:26 2.3.2026

Թեհրանի նահանգային արտակարգ իրավիճակների ծառայության շենքը, որը գտնվում է Թեհրանի կենտրոնում, «լուրջ վնասներ» է կրել հրթիռային հարձակման հետևանքով, հայտնել է գերատեսչության խոսնակը:

Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը, նաև շտապօգնության մի քանի աշխատակիցներ են վիրավորվել այս միջադեպի ժամանակ, բայց նրանց մեծ մասի վիճակը լավ է:

16:22 2.3.2026

Իրանից Ադրբեջան է տարհանվել 312 մարդ, այդ թվում՝ 101 ադրբեջանցի և 19 այլ երկրի քաղաքացիներ, ներառյալ՝ Չինաստանից, Ռուսաստանից և Պակիստանից։ Լուրը հաղորդում է պաշտոնական Բաքուն։

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ մոտ 500 ռուս քաղաքացիների է պատրաստվում տարհանել Իրանից դեպի Ադրբեջան՝ Կասպից ծովի Աստարա անցակետով, և նրանցից 39-ը արդեն անցել են սահմանը։


16:22 2.3.2026

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ Իրանի մայրաքաղաքում գտնվող հիվանդանոցից մարդիկ են տարհանվել մոտակայքում հնչած պայթյունների հետևանքով։ Ըստ միջազգային կազմակերպության՝ երեք այլ բժշկական կենտրոններ նույնպես վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ օդային պատերազմ սկսելուց ի վեր։

ԱՀԿ խոսնակը նշել է, որ կազմակերպությունը փորձում է ստուգել տեղեկությունները ինչպես Թեհրանում գտնվող Մոթահարի հիվանդանոցի, այնպես էլ Իրանի հյուսիս-արևմտյան Սարաբ քաղաքում և արևմտյան Համադան նահանգում գտնվող այլ բժշկական կենտրոնների վնասման վերաբերյալ։

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին այսօր Մարդու իրավունքների խորհրդին ուղղված իր ելույթում հիվանդանոցների վրա հարձակումները որակել է «անկանոն հարձակումներ»՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։

16:02 2.3.2026

Կատարը հայտնել է, որ իրանական անօդաչուները հարվածել են էներգետիկ ենթակառուցվածքների:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG