Մատչելիության հղումներ

Թրամփ. Իրանն ավելի արագ պետք է գործի

Գլխավորը՝ համառոտ

16:39 2.3.2026

Իսրայելական բանակը հայտարարել է, որ գիշերը սպանել է «Հեզբոլլա»-ի հետախուզական շտաբի պետ Հուսեյն Մաքլեդին։

Զինվորականները հայտարարել են, որ նա սպանվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հասցված ճշգրիտ հարվածի արդյունքում։

«Հեզբոլլա»-ն չի մեկնաբանել լուրը:


16:33 2.3.2026

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Միրզոյանն ու Կոսը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Նրանք անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների և այցերի օրակարգային հարցերի:

16:30 2.3.2026

Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 ժամ փակ մնալուց հետո բացվել է, այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը:

«Իրանի սահմաններից երկուսը, սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված, 24 ժամ փակ են եղել, դրանցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն էր: Այսօր առավոտյան ժամը 9:30 այդ խնդիրը լուծվեց, և այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում», - այսօրվա ասուլիսում հայտնեց Խալիլ Շիրղոլամին:

Պաշտոնական Երևանը Հայաստան-Իրան ցամաքային փակման մասին ոչինչ չի հաղորդել:

Դեսպանի փոխանցմամբ՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը սահմանին է, որտեղից վստահեցրել է, որ այժմ կուտակումներ չկան:

«Ինձ նաև հաղորդվեց, որ սպասման մեջ էին 30-40 քաղաքացիներ, նրանք բոլորն ունեին միջազգային տոմսեր, և նրանց թռիչքը պետք է տեղի ունենար Երևանից: Եվ կա այս գործընթացի հակառակ տարբերակը, այսինքն՝ մեր քաղաքացիներից շատերը Իրան վերադառնալու ճանապարհին ընտրում են ավիաչվերթով դեպի Երևան ժամանել, այստեղից ցամաքային ճանապարհով հասնել Թեհրան», - նշեց դեսպանը՝ հավելելով, որ երեկ մոտ 20 հոգի է ցամաքային ճանապարհով ուղևորվել Իրան, ևս 15 հոգի էլ կհասնեն Երևան, հետո՝ Իրան:

16:26 2.3.2026

Թեհրանի նահանգային արտակարգ իրավիճակների ծառայության շենքը, որը գտնվում է Թեհրանի կենտրոնում, «լուրջ վնասներ» է կրել հրթիռային հարձակման հետևանքով, հայտնել է գերատեսչության խոսնակը:

Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը, նաև շտապօգնության մի քանի աշխատակիցներ են վիրավորվել այս միջադեպի ժամանակ, բայց նրանց մեծ մասի վիճակը լավ է:

16:22 2.3.2026

Իրանից Ադրբեջան է տարհանվել 312 մարդ, այդ թվում՝ 101 ադրբեջանցի և 19 այլ երկրի քաղաքացիներ, ներառյալ՝ Չինաստանից, Ռուսաստանից և Պակիստանից։ Լուրը հաղորդում է պաշտոնական Բաքուն։

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ մոտ 500 ռուս քաղաքացիների է պատրաստվում տարհանել Իրանից դեպի Ադրբեջան՝ Կասպից ծովի Աստարա անցակետով, և նրանցից 39-ը արդեն անցել են սահմանը։


16:22 2.3.2026

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ Իրանի մայրաքաղաքում գտնվող հիվանդանոցից մարդիկ են տարհանվել մոտակայքում հնչած պայթյունների հետևանքով։ Ըստ միջազգային կազմակերպության՝ երեք այլ բժշկական կենտրոններ նույնպես վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ օդային պատերազմ սկսելուց ի վեր։

ԱՀԿ խոսնակը նշել է, որ կազմակերպությունը փորձում է ստուգել տեղեկությունները ինչպես Թեհրանում գտնվող Մոթահարի հիվանդանոցի, այնպես էլ Իրանի հյուսիս-արևմտյան Սարաբ քաղաքում և արևմտյան Համադան նահանգում գտնվող այլ բժշկական կենտրոնների վնասման վերաբերյալ։

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին այսօր Մարդու իրավունքների խորհրդին ուղղված իր ելույթում հիվանդանոցների վրա հարձակումները որակել է «անկանոն հարձակումներ»՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։

16:02 2.3.2026

Կատարը հայտնել է, որ իրանական անօդաչուները հարվածել են էներգետիկ ենթակառուցվածքների:

16:02 2.3.2026

Իսրայելի զինուժը հայտնել է, որ «լրացուցիչ լայնածավալ հարված» են հասցրել Թեհրանի կենտրոնին։ Ըստ Tasnim-ի՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում պայթյուններ են լսվել:


15:44 2.3.2026

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ առավոտյան Քուվեյթի զինուժը սխալմամբ ամերիկյան երեք կործանիչ է խոցել, որոնց անձնակազմին հաջողվել է անվնաս փրկվել:

«Անձնակազմի բոլոր վեց անդամներն անվտանգ դուրս են նետվել ինքնաթիռից, անվտանգ կերպով դուրս են բերվել և գտնվում են կայուն վիճակում։ Քուվեյթը ընդունել է իր սխալը, և մենք շնորհակալ ենք Քուվեյթի պաշտպանական ուժերի ջանքերի և այս շարունակական գործողությանը նրանց աջակցության համար», - ասվում է X-ում հրապարակած հայտարարությունում:

Միջադեպի հանգամանքները պարզվում են:

15:40 2.3.2026


Մեծ Բրիտանիայի Մերձավոր Արևելքի հարցերով նախարար Հեմիշ Ֆալկոները հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիան պատերազմում չէ»։ Այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ իրանական անօդաչու սարքը հարվածեց Կիպրոսում Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերի բազային։

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել կեսգիշերից անմիջապես հետո, երբ «Շահեդ» անօդաչու սարքը բախվել է Ակրոտիրիի բրիտանական ռազմաբազայի ռազմական օբյեկտներին՝ առաջացնելով փոքր նյութական վնասներ։

«Թույլ տվեք հստակ ասել՝ Մեծ Բրիտանիան դիտավորյալ որոշում է կայացրել չմասնակցել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման առաջին ալիքին։ Սակայն Իրանի անկառավարելի հարձակումների դեմ տարածաշրջանում մեր դաշնակիցների վրա, մենք որոշեցինք, ինչպես վարչապետը հայտարարել էր երեկ երեկոյան, աջակցել ԱՄՆ-ին՝ օգտագործելու մեր բազաները պաշտպանական գործողություններ իրականացնելու համար», - ասել է Մերձավոր Արևելքի հարցերով նախարար Հեմիշ Ֆալկոները։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG