Իսրայելը մարտի 2-ի վաղ առավոտյան հայտարարել է, որ իր զինված ուժերը պատասխան հարված են հասցրել Լիբանանում տեղակայված «Հեզբոլա» շարժման կողմից պահվող օբյեկտներին այն բանից հետո, երբ Իրանի հետ կապված զինյալների խմբավորումը ստանձնել է Իսրայելի հյուսիսում հրթիռային հարձակման և անօդաչու թռչող սարքի հարձակման պատասխանատվությունը:
Իսրայելը հայտարարել է, որ հարվածում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի օբյեկտներին ամբողջ Լիբանանի տարածքում:
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին, ով նաև երկրի նախկին գերագույն առաջնորդի խորհրդականն էր, երկուշաբթի X-ի իր գրառման մեջ նշել է, որ Թեհրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ:
Միացյալ Նահանգների հետ համատեղ հայտարարության մեջ Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները մեղադրել են Իրանին «անխնա և անխոհեմ հրթիռային հարձակումներ և անօդաչու թռչող սարքերի հարվածների համար տարածաշրջանի ինքնիշխան տարածքներին»:
«Այս չարդարացված հարվածները հասցվել են ինքնիշխան տարածքի, վտանգել են քաղաքացիական բնակչությանը և վնաս են հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին», - ասվում է հայտարարության մեջ:
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը դատապարտել է Թեհրանին անդամ պետությունների վրա հարձակումների համար և հայտարարել այդ գործողություններին արձագանքելու նրանց «իրավունքի» մասին:
Լոնդոնը թույլ կտա ԱՄՆ զինված ուժերին օգտագործել բրիտանական բազաները «որպես կոնկրետ և սահմանափակ պաշտպանական թիրախ», հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:
Նա ասել է, որ բրիտանական ինքնաթիռներն արդեն մասնակցում են համակարգված պաշտպանական գործողություններին և որսացել են Իրանի հարվածները: Նա հավելել է, որ Պարսից ծոցի գործընկերները Լոնդոնին խնդրել են ավելին անել հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար:
Բրիտանական պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել է, որ Կիպրոսում Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի բազան դարձել է անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարվածի թիրախ:
Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ փետրվարի 28-ին ամերիկյան B-2 անտեսանելի ռմբակոծիչները հարված են հասցրել իրանական բալիստիկ հրթիռների կայանքներին:
Ռմբակոծիչները զինված էին 907 կիլոգրամ ռումբերով, գրել է հրամանատարությունը X-ում՝ հավելելով, որ «ոչ մի ազգ երբեք չպետք է կասկածի տակ դնի Ամերիկայի վճռականությունը»:
ԱՄՆ-ն այդ ռմբակոծիչներն օգտագործել է նաև 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելիս:
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ փակել Է Թեհրանում իր դեսպանատունը և Իրանից հետ է կանչել իր դեսպանին ու դիվանագիտական անձնակազմի բոլոր անդամներին՝ ի պատասխան Թեհրանի կողմից իր տարածքի վրա հարձակումների:
Նախարարությունը շեշտել է, որ Իրանի ագրեսիվ գործողությունները քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ բնակելի տարածքների, օդանավակայանների, նավահանգիստների և սպասարկման օբյեկտների դեմ, որոնք վտանգում են քաղաքացիական անձանց կյանքը, վտանգավոր և անպատասխանատու լարվածության աճի են բերում և միջազգային իրավունքի խախտում են:
Թրամփը նախազգուշացրել Է Իրանի անվտանգության ծառայության ղեկավարներին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, զինվորականներին և ոստիկանությանը, «վայր դնել զենքերը և ստանալ լիակատար անձեռնմխելիություն կամ դիմակայել անխուսափելի մահվան»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շարունակել պատժել Իրանին «ամբողջ ուժով» և հայտարարել, որ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ:
Թրամփը Truth Social-ի վեց րոպեանոց տեսանյութում ասել է, որ Իրանում ռազմական գործողությունները ներկայումս շարունակվում են ամբողջ ուժով և կշարունակվեն այնքան ժամանակ, «քանի դեռ մեր բոլոր նպատակները չեն իրագործվել»:
Իրանի արտգործնախարարն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացմանը՝ չպատասխանել Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացվող հարվածներին։ Աբբաս Արաղչին ասել է, որ երկրի ինքնապաշտպանությունը կազմակերպելու հարցում ոչ մի «սահմանակակում չկա» իրենց համար։
«Ոչ ոք չի կարող մեզ ասել, որ «դուք իրավունք չունեք պաշտպանվելու»։ Մենք պաշտպանում ենք մեզ, ինչ էլ որ լինի, և մենք չենք տեսնում որևէ սահմանափակում մեր ժողովրդին պաշտպանելու, մեր ժողովրդին պաշտպանելու համար», - ABC News-ին ասել է Արաղչին։
«Այն, ինչ Միացյալ Նահանգներն անում է, ագրեսիայի ակտ է։ Այն, ինչ մենք անում ենք, ինքնապաշտպանություն է։ Այս երկուսի միջև հսկայական տարբերություններ կան», - հավելել է իրանցի պաշտոնյան։