Մատչելիության հղումներ

Թրամփ. Իրանն ավելի արագ պետք է գործի

Գլխավորը՝ համառոտ

18:30 1.3.2026

Այսօր Թեհրանին Իսրայելի հասցրած հարվածների թիրախներից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շտաբ-բնակարանն է եղել, հաղորդում է Fars-ը։

Ըստ լրատվական գործակալության՝ հարված է հասցվել նաև բանակային հիվանդանոցին, ինչպես նաև «Բասիջ» աշխարհազորի մի քանի բազաների, որոնք կարևոր դեր են խաղացել հունվարին բողոքի ցույցերը ճնշելու գործում։


ԻՀՊԿ-ի շտաբ-բնակարանը (հայտնի որպես Թար-Ալլահ), անցյալ տարվա հունիսին ևս հրթիռակոծվել էր: Այն կենտրոնական հրամանատարական կետ է, որը զբաղվում է մայրաքաղաքում անվտանգության հետ կապված խոշոր միջադեպերով և գործում է ԻՀՊԿ-ի բարձրագույն հրամանատարության անմիջական հսկողության ներքո:

Ճգնաժամային իրավիճակներում, երբ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հրաման է տալիս, Թար-Ալլահը վերահսկողություն է ստանձնում քաղաքի անվտանգության նկատմամբ։ Այդ իրավիճակներում ոստիկանությունը, նախարարությունները, ինչպես նաև Թեհրանում գտնվող ԻՀՊԿ-ի և Բասիջի ուժերը գործում են հենց այս կառույցի հրամանատարության ներքո։

18:09 1.3.2026

Իրանի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չորս բալիստիկ հրթիռներով թիրախավորել է ամերիկյան «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը:

18:06 1.3.2026

Իրանի արտգործնախարարը Al Jazeera-ին ասել է, որ երկիրը «սկսել է սահմանադրական գործընթաց, և այսօր ստեղծվել է Անցումային խորհուրդ, որը կաշխատի գործերի կառավարման ուղղությամբ»։ Խորհուրդը կազմված է նախագահից, դատական համակարգի ղեկավարից և Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբաններից մեկից։

Այս երեք հոգանոց խումբը կղեկավարի երկիրը մինչև նոր առաջնորդի ընտրությունը։ Իսկ հետո տեղի կունենա Փորձագետների ժողովի կողմից նոր առաջնորդի ընտրությունը, որը, թերևս, կարճ ժամանակ կպահանջի, գուցե մեկ կամ երկու օրից նրանք երկրի նոր առաջնորդ կընտրեն, ասել է նա։

Արտգործնախարարն ընդգծել է՝ Իրանը որևէ սահմանափակում չունի ինքն իրեն պաշտպանելու հարցում:

Գերագույն առաջնորդի սպանությունը «շատ լուրջ և աննախադեպ գործողություն է և միջազգային իրավունքի կոպիտ խախտում», հավելել է Իրանի գլխավոր դիվանագետը՝ շեշտելով, որ Խամենեի սպանությունը առճակատումն ավելի բարդ և վտանգավոր կդարձնի։


17:47 1.3.2026

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «շարունակելու ենք մեր գերագույն առաջնորդի հետքերով գնալ»։

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կշարունակեն ուժեղ հարվածներ հասցնել, «կշարունակեն ոչնչացնել իրենց թշնամիների ռազմական բազաները», ասել է նա։


17:38 1.3.2026

Իրանի պատասխան հարվածներից Արաբական Միացյալ Էմիրություններում 3 մարդ է զոհվել, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

Նրանք Պակիստանի, Նեպալի և Բանգլադեշի քաղաքացիներ են, որոնք զոհվել են իրանական անօդաչուների հարվածներից, որոնց հաջողվել էր շրջանցել ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունը։ Առնվազն 58 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

Ընդհանուր առմամբ, Իրանը ԱՄԷ-ի վրա արձակել է 165 բալիստիկ հրթիռ, որոնցից 152-ը երկրի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է, իսկ 13-ն ընկել են ծովը:

17:28 1.3.2026

ՀՀ կառավարությունն աշխատանքներ է իրականացնում՝ հնարավորության պարագայում օդային ճանապարհով Հայաստան փոխադրելու չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին:

«Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։

Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

17:23 1.3.2026

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ կանչել Իրանի դեսպանին, այն բանից հետո, երբ երկիրը Թեհրանին մեղադրեց իր տարածքին հարվածելու համար։

«Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թագավորությունում Իրանի դեսպանին՝ ի պատասխան Իրանի կողմից թագավորության և մի շարք եղբայրական երկրների դեմ ուղղված անամոթ հարձակումների»,- ասվում է X-ում նախարարության տարածած հայտարարությունում։



17:21 1.3.2026

Երուսաղեմի մոտակայքում բնակելի շենքի վրա Իրանի հրթիռային հարվածի հետևանքով 8 մարդ է զոհվել, հայտնում է Իսրայելի ոստիկանությունը։

Ոստիկանության տվյալներով՝ Բեյթ Շեմեշ քաղաքում տեղի ունեցած հարվածի հետևանքով վիրավորվել է 18 մարդ։

«Ուղիղ հարվածի հետևանքով շենքը լուրջ վնաս է կրել և փլուզվել»,- հայտնել է գերատեսչությունը։

17:20 1.3.2026

Քուվեյթի վրա Իրանի հարձակումների հետևանքով 1 մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել, տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը:

17:17 1.3.2026

Հռոմի պապը «խորը մտահոգություն» է հայտնել Իրանում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով վերջ դնել «բռնության պարույրին», նախքան այն կվերածվի մի իրավիճակի, որի հետևանքններն անդառնալի կլինեն։

Կիրակնօրյա աղոթքից հետո Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ամբոխին դիմելով՝ Լեո XIV-ն ասել է, որ «կայունությունն ու խաղաղությունը չեն կարող կառուցվել փոխադարձ սպառնալիքների կամ զենքերի միջոցով, որոնք բերում են ավերածություններ, ցավ և մահ, այլ միայն բանական, իսկական և պատասխանատու երկխոսության միջոցով»։

Նա հավելել է, որ կոչ է արել կողմերին դադարեցնել բռնությունը՝ զգուշացնելով «հսկայական մասշտաբների ողբերգության» հնարավորության մասին։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG