Բահրեյնում է տեղակայված ԱՄՆ ծովային ուժերի հինգերորդ նավատորմի կենտրոնակայանը: Դրա պատասխանատվության գոտին ընդգրկում է Պարսից ծոցը, Կարմիր ծովը, Արաբական ծովը և Հնդկական օվկիանոսի որոշ մասեր:
Կատարի մայրաքաղաք Դոհայի մոտ գտնվող անապատում է Ալ Ուդեիդ օդային ռազմաբազան: Սա Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենամեծ ռազմաբազան է՝ 10 հազար զորակազմով:
Քուվեյթում մի քանի ռազմական օբյեկտներ կան, այդ թվում՝ ԱՄՆ բանակի կենտրոնական շտաբի «Քեմփ Արիֆջան» ռազմաբազան և Ալի Սալեմ ավիաբազան, որը Իրաքի սահմանից մոտ 40 կմ հեռավարության վրա է և առավել հայտնի «Ժայռ» անունով:
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի հարավում է Ալ Դհաֆրա ավիաբազան, որը համատեղ օգտագործվում է ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հետ: Այն աջակցել է «Իսլամական պետության» դեմ իրականացված գործողություններին և տարածաշրջանում հետախուզական տեղակայումներին:
Դուբայի Ջաբել Ալի նավահանգիստը, չնայած պաշտոնապես ռազմաբազա չի համարվում, բայց ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ կանգառն է Մերձավոր Արևելքում: Այստեղ կանոնավոր կերպով տեղակայվում են ամերիկյան ավիակիրներ և այլ նավեր:
Իրաքում ԱՄՆ-ն ներկայություն ունի Անբար նահանգում տեղակայված Այն Ալ Ասադ ռազմաօդային բազայում: Այն աջակցում է Իրաքի անվտանգության ուժերին և ՆԱՏՕ-ի առաքելությանը։ Իրանն այս բազան թիրախավորել էր 2020 թվականին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։
Իրաքի կիսաինքնավար Քուրդիստանում է Էրբիլի ավիաբազան, որը ծառայում է որպես կենտրոն ԱՄՆ-ի ու դաշնակից ուժերի վարժանքների ու մարտական զորավարժությունների համար:
Սաուդյան Արաբիայում, ըստ 2024 թվականին Սպիտակ տան տրամադրած տվյալների, ամերիկացի 2 հազար 321 զինվորական է տեղակայված: Նրանք Սաուդյան Արաբիայի կառավարության հետ համակարգմամբ օդային և հրթիռային պաշտպանության կարողություններ են զարգացնում և աջակցում ԱՄՆ ռազմական ինքնաթիռների գործունեությանը: Զինվորականների մի մասը տեղակայված է Ռիադի հարավում գտնվող Արքայազն Սուլթան ավիաբազայում, որը տեխնիկական աջակցություն է ապահովում ամերիկյան զինտեխնիկայի, այդ թվում՝ Patriot հրթիռային մարտկոցների և այլ համակարգերի համար:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանից 100 կմ հյուսիս-արևելքում գտնվող Ազրաք քաղաքում է Մուվաֆաք ալ Սալթի ավիաբազան: Այստեղ է տեղակայված ԱՄՆ օդային ուժերի կենտրոնական վարչության 332-րդ օդային հետախուզական թևը:
Իրանի դեմ սկված ռազմական գործողություններին ի պատասխան՝ Թեհրանը կթիրախավորի տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները, ասել է Իրանի արտգործնախարարը Իրաքի գործընկերոջ հետ զրույցում։
Ըստ պաշտոնական Բաղդադի՝ Աբբաս Արաղչին նաև պնդել է, որ Թեհրանը շարունակելու է պաշտպանվել հնարավոր միջոցներով։
Բահրեյնը հայտնել է, որ ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի սպասարկման կենտրոնը հրթիռային հարձակման է ենթարկվել, փոխանցում են տեղական լրատվական գործակալությունները:
Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը տարհանման նախազգուշացում է տվել Իրանում ռազմական բազաների մոտակայքում ապրողներին, հաղորդում է Reuters-ը:
Reuters-ը, հղում անելով ականատեսներին, հաղորդում է, որ պայթյունի ձայներ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ տեղակայված է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ամենամեծ ռազմակայանը։
X սոցիալական ցանցում լուսանկարներ են տարածվում Իրանի՝ հարձակման ենթարկված նախագահական պալատից: Պաշտոնյաները հայտարարում են, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանը գտնվում է անվտանգ վայրում:
Իսրայելի ու ԱՄՆ-ի համատեղ հարվածներից հետո Իրանում գրեթե ամբողջությամբ խափանված է ինտերնետը, կապի հասանելիությունը մոտ չորս տոկոս է, հայտնում է Նեթբլոքսը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Tasnim-ի հաղորդմամբ, հայտարարել է հրթիռային հարվածների և անօդաչուների հարձակումների առաջին ալիքին, որոնք հասցվել են Իսրայելին:
ԱՄՆ-ն իր գործողություններն անվանել է «Էպիկ ցասում», Իսրայելը՝ «Առյուծի մռնչոց», Իրանը՝ «Խայբարի մարտ» կամ «Փոթորիկի վերջը»: