Մատչելիության հղումներ

Համատեղ ջանքերի արդյունքում խաղաղություն է հաստատվել այնտեղ, որտեղ նախկինում պատերազմ էր. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր Երևանից ուղևորվեց Բաքու: Ըստ փոխնախագահի մամուլի խոսնակի՝ Վենսի ընտանիքին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարաֆովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր պաշտոնակատարը:

Արդեն նախագահական պալատում նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահը։

Ռազմավարական համագործակցության կանոնադրություն


Իլհամ Ալիևն ու Ջեյ Դի Վենսը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն են ստորագրել: Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ Բաքուն ու Վաշինգտոնը վեց ամիս աշխատել են փաստաթղթի վրա: Ալիևը երախտագիտություն է հայտնել Թրամփ-Վենս վարչակազմին՝ Ադրբեջանի նկատմամբ «շատ դրական» վերաբերմունքի համար:

«Մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

TRIPP-ն Ադրբեջանի համար լրացուցիչ տնտեսական հնարավորություններ կստեղծի. Վենս


ԱՄՆ փոխնախագահը խոսել է TRIPP նախագծի մասին՝ ասելով, որ այն արդեն իրականացվում է և Ադրբեջանի համար լրացուցիչ տնտեսական հնարավորություններ կստեղծի՝ թույլ տալով բնական պաշարներն ավելի հեշտ արտահանել։

«Ես առաջիններից մեկն եմ, որ թռչել է «Թրամփի ուղու» վրայով, և մենք հույս ունենք, որ այն կհանգեցնի տնտեսական, բնական պաշարների, հազվագյուտ հանքանյութերի ոլորտում համագործակցության և իսկապես կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը, - ասել է նա, - Մենք բարեկեցություն կստեղծենք այնտեղ, որտեղ նախկինում եղել է հակամարտություն»:

Հակամարտություններն ու պատերազմները կանխելու կարևորագույն գործոններից մեկն այն է, որ երկու ժողովուրդները միասին աշխատեն և հասնեն մեծ բարեկեցության, հավելել է բարձրաստիճան պաշտոնյան:

Նա շեշտել է՝ առանց նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի առաջնորդության խաղաղության համաձայնագրին հնարավոր չէր լինի հասնել. «Երեք մարդ պատմական խաղաղություն են կերտել {Թրամփը, Ալիևն ու Փաշինյանը} և ապագայում էլ բարգավաճում կկերտեն մի վայրում, որտեղ մի ժամանակ միայն կռիվ էր:

Համատեղ ջանքերի արդյունքում խաղաղություն է հաստատվել այնտեղ, որտեղ նախկինում պատերազմ էր։ Ապագայում մենք բարեկեցություն կստեղծենք այն վայրերում, որոնք երբևէ նշանավորվել են միայն մարտերով և հակամարտությամբ»:

Ալիևն իր ելույթում նշել է, որ Թրամփ-Վենս վարչակազմի ամենակարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղին» է, որը ոչ միայն Ադրբեջանի երկու մասերն է կապելու իրար, այլև «կլինի շատ հուսալի, անվտանգ, մեծածավալ տրանսպորտային միջանցք, որը կկապի Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի, Հայաստանի տարածքով»:

«Այն Ադրբեջանի տարածքով կմիացնի Ասիան Եվրոպային, և դրան կմասնակցեն նաև Հայաստանը և այլ հարևան երկրներ», - ասել է նա՝ շեշտելով՝ այս նախագիծն ընդհանուր առմամբ կխթանի խաղաղությունը տարածաշրջանում։

Ադրբեջանի նախագահը հայտնել է համագործակցության նոր էջ բացելու մասին, այդ թվում՝ պաշտպանական սարքավորումների վաճառքի ուղղությամբ։



XS
SM
MD
LG