Այսօր ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների մակարդակը բարձր է, քան երբևէ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փոխնախագահի հետ մենք ընդգծեցինք մեր հարաբերությունների հետագա զարգացման մեծ պոտենցիալը: Իրականում, այո, մենք այսօր բարձրագույն կետում ենք, բայց միայն այն օրակարգը, որ մենք նշեցինք, այդ օրակարգի իրականացումն անգամներով է ընդլայնելու մեր համագործակցության շրջանակը: Մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել, բայց կարևոր է արձանագրել, որ մենք հիմա ռազմավարական գործընկերության կոնկրետ արտահայտություններ կարող ենք ցույց տալ, որոնք տեսանելի են», - հայտարարեց Փաշինյանը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ երկուշաբթի օրը հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նախագահականի հաղորդագրության համաձայն՝ Խաչատուրյանը ողջունել է փոխնախագահի այցը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։
Հայաստանի նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը: Շեշտվել է նաև, որ բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
«Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկը, ինչի համար շնորհակալ ենք ԱՄՆ գործընկերներին: V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում», - սոցցանցերում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
https://www.facebook.com/share/1DQaXpaSdw/
https://t.me/+rllEQFpESYEyNThi
Քիչ անց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, մոտենալ, սակայն, հնարավոր չէ, ոստիկանները փակել են հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ի պատասխան հարցին, թե արդյոք պատրաստվում է Բաքվում խոսել հայ գերիների մասին, ասել է, որ այդ հարցը, անշուշտ, բարձրացվելու է։
«Տեսեք, մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես այստեղի վարչապետի, այնպես էլ Ալիևի և Ադրբեջանի հետ։ Գիտե՞ք, ես լսեցի, որ վարչապետը երեկ ասաց, որ ինքը դրական է տրամադրված խաղաղության պայմանագրի հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք հիմա, համեմատած մի քանի ամիս առաջ եղած իրավիճակի հետ։ Ուստի մենք, անշուշտ, կանդրադառնանք մի շարք թեմաների, բայց կարծում եմ, որ մենք շարունակելու ենք շատ արդյունավետ աշխատել ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:
ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանել է Բաքու: Ըստ փոխնախագահի մամուլի խոսնակի՝ Վենսի ընտանիքին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարաֆովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր պաշտոնակատարը:
Նախատեսվում է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա տեղի կունենա ընդլայնված կազմով երկկողմ հանդիպում: Սպասվում են նաև մամուլի համար հայտարարություններ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև սահմանափակ կազմով հանդիպում է սկսվել, հայտնում է ադրբեջանական APA-ն:
Իլհամ Ալիևն ու Ջեյ Դի Վենսը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցին:
Ադրբեջանի նախագահը հայտնեց, որ Բաքուն ու Վաշինգտոնը վեց ամիս աշխատել են փաստաթղթի վրա: Ալիևը երախտագիտություն հայտնեց Թրամփ-Վենս վարչակազմին՝ Ադրբեջանի նկատմամբ «շատ դրական» վերաբերմունքի համար:
«Մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը», - հայտարարեց Ադրբեջանի նախագահը:
ԱՄՆ փոխնախագահը Բաքվում տեղական ժամանակով ժամը 17:47 է ժամանել նախագահական պալատ, որտեղ նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահը։
Ընդլայնված կազմով երկկողմ հանդիպման ընթացքում Վենսը և Ալիևը կարճ հայտարարություններով են հանդես եկել տեսախցիկների առջև։
Ալիևը նշել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Վենսին Ադրբեջանում։ Նա ասել է, որ վերջին վեց ամիսներին երկու հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, և ընդգծել է փոխադարձ շահերի առկայությունը։
Վենսը փոխանցել է, որ նախագահ Թրամփը հղում է իր լավագույն մաղթանքները և երախտապարտ է գործընկերության համար։
Փոխնախագահը չի արձագանքել հնչեցված հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում կբարձրացնի Ադրբեջանում բանտարկված տասնյակ ակտիվիստների և լրագրողների խնդիրը։ Լրագրողներին սրահից ուղեկցելիս Վենսը և Ալիևը ծիծաղել են։
«Թրամփի երթուղին» ոչ միայն կմիացնի Ադրբեջանի երկու հատվածները, այլև կդառնա խոշոր տրանսպորտային միջանցք՝ շատ հուսալի և անվտանգ ձևով։ Այն Ադրբեջանի տարածքով կմիացնի Ասիան Եվրոպային, և դրան կմասնակցեն նաև Հայաստանը և այլ հարևան երկրներ», - APA-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ։
Ալիևը հայտարարել է, որ այս նախագիծը ընդհանուր առմամբ կխթանի խաղաղությունը տարածաշրջանում։