Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները փոխնախագահ Վենսի՝ տարածաշրջան կատարելիք այցից հետո կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին, հաղորդում է Վաշինգտոնում «Ազատության» թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ այդ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ծրագրում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն՝ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի օդանավը, Flightradar24 կայքի տվյալներով, արդեն Հայաստանի օդային տարածքում է և քիչ անց վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում:
Քիչ անց սպասվում է ԱՄՆ փոխնախագահի ժամանումը Բաղրամյան 26, որտեղ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։
ԱՄՆ փոխնախագահի դիմավորման վերջին աշխատանքներն են ավարտում Բաղրամյան 26-ում։
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի օդանավը, Flightradar24 կայքի տվյալներով, վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Բաղրամյան 26 տանող ճանապարհը երկու կողմից փակ է: Ոստիկանները շղթա են կազմել նաև մետրոյի դիմաց:
Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Երևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն ժամերին չի գործի նաև Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը»:
«Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան». X-ում այս գրառմամբ լուսանկար է հրապարակել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը, ով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ միասին Հայաստան է այցելում:
Ադրբեջանական մի խումբ հասարակական կազմակերպություններ ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ հայտարարություն են տարածել՝ հորդորելով Ջեյ դի Վենսին Երևանում բարձրացնել «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի, նրանց մշակութային ժառանգության պահպանության» հարցը։
«Արևմտյան ադրբեջանցիները տարածքային պահանջներ չեն ներկայացնում: Նրանց նպատակը Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալը չէ, այլ խաղաղությամբ և արժանապատվությամբ հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքի իրականացումը», - պնդում են ադրբեջանական ՀԿ-ները հայտարարությունը, հավելելով՝ «արդար և կայուն խաղաղությունը պետք է ներառի ադրբեջանցիների վերադարձը իրենց տներ՝ խաղաղության և անվտանգության պայմաններում»։
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ և երեխաների հետ ժամանեց Երևան:
ԱՄՆ փոխնախագահին օդանավակայանում դիմավորում են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
- Հեղինակ՝ Շողիկ Գալստյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահականում դիմավորեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, և պատվիրակությունները մտան շենք:
Զուգահեռ, Բաղրամյան 26-ի մոտ լսվում էին նաև ակցիա իրականացողների ձայները, մասնավորապես, «Ազատություն»-ը ֆիքսեց «Ազատություն հայ պատանդներին» կոչը: Այդուհանդերձ, պարզ չէր, թե ովքեր էին անցկացնում ակցիան: