Մատչելիության հղումներ

եթերում Վենս. «Հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որ այցելում է Հայաստան»

Լրացված

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելում է Երևան: Վաղը նա մեկնելու է Բաքու:

17:58

Նախագահականում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի դեմ առ դեմ հանդիպումը, հետո այն կշարունակվի ընդլայնված կազմով:

Հայկական կողմից ընդլայնված կազմով հանդիպմանը կմասնակցեն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտաքին հարաբերությունների վարչության պետ Կարեն Գասպարյանը, ինչպես նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ամերիկյան կողմից մասնակցում են՝ փոխնախագահի աշխատակազմի ղեկավար Ջեյքոբ Ռիզեսը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Էնդրյու Բեյքերը, պետքարտուղարի տնտեսական աճի, էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը, Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը, փոխնախագահի եվրոպական և ռուսական հարցերով հատուկ խորհրդական Էնդրյու Լումիսը, խաղաղության առաքելությունների գծով ավագ խորհրդական, հատուկ դեսպանորդ Արյե Լայթսթոունը և գործերի ժամանակավոր հավատարմատար, Հայաստանում ԱՄՆ առաքելության ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Ալենը:


17:52

20-ից ավելի հայկական իրավապաշտպան կազմակերպություններ բաց նամակ են հղել ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով օգնել ադրբեջանական բանտերում գտնվող հայ կալանավորների ազատ արձակմանը, հաղորդում է «Ֆրանսպրես»-ը, մանրամասնելով՝ անցյալ շաբաթ Ադրբեջանի ռազմական դատարանը երկարատև ազատազրկման, այդ թվում՝ ցմահ բանտարկության դատապարտեց Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական ու քաղաքական ղեկավարությանը՝ նրանց մեղավոր ճանաչելով պատերազմական հանցագործությունների ու ցեղասպանության համար։

17:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահականում դիմավորեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, և պատվիրակությունները մտան շենք:

Զուգահեռ, Բաղրամյան 26-ի մոտ լսվում էին նաև ակցիա իրականացողների ձայները, մասնավորապես, «Ազատություն»-ը ֆիքսեց «Ազատություն հայ պատանդներին» կոչը: Այդուհանդերձ, պարզ չէր, թե ովքեր էին անցկացնում ակցիան:

17:31

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ և երեխաների հետ ժամանեց Երևան:

ԱՄՆ փոխնախագահին օդանավակայանում դիմավորում են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

17:20

Ադրբեջանական մի խումբ հասարակական կազմակերպություններ ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ հայտարարություն են տարածել՝ հորդորելով Ջեյ դի Վենսին Երևանում բարձրացնել «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի, նրանց մշակութային ժառանգության պահպանության» հարցը։

«Արևմտյան ադրբեջանցիները տարածքային պահանջներ չեն ներկայացնում: Նրանց նպատակը Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալը չէ, այլ խաղաղությամբ և արժանապատվությամբ հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքի իրականացումը», - պնդում են ադրբեջանական ՀԿ-ները հայտարարությունը, հավելելով՝ «արդար և կայուն խաղաղությունը պետք է ներառի ադրբեջանցիների վերադարձը իրենց տներ՝ խաղաղության և անվտանգության պայմաններում»։

17:15

«Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան». X-ում այս գրառմամբ լուսանկար է հրապարակել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը, ով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ միասին Հայաստան է այցելում:

17:09
17:07

Բաղրամյան 26 տանող ճանապարհը երկու կողմից փակ է: Ոստիկանները շղթա են կազմել նաև մետրոյի դիմաց:

Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Երևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն ժամերին չի գործի նաև Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը»:


17:07

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի օդանավը, Flightradar24 կայքի տվյալներով, վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

17:01

Քիչ անց սպասվում է ԱՄՆ փոխնախագահի ժամանումը Բաղրամյան 26, որտեղ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։

ԱՄՆ փոխնախագահի դիմավորման վերջին աշխատանքներն են ավարտում Բաղրամյան 26-ում։


Բեռնել ավելին

XS
SM
MD
LG