Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահն այցելեց Երևան և Բաքու

Սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան:

14:34 9.2.2026

Ակնկալվում են «երկկողմ հարաբերությունների շուրջ նոր հայտարարություններ»։

14:28 9.2.2026

Reuters-ը հավելում է՝ ԱՄՆ-ի համար կարևորագույն հանքանյութերի մատակարարման հասանելիության ապահովումը նույնպես, հավանաբար, կլինի Վենսի այցի ուշադրության կենտրոնում: TRIPP-ը կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի հսկայական հանքային հարստության, այդ թվում՝ ուրանի, պղնձի, ոսկու և հազվագյուտ մետաղները արևմտյան շուկաներ տանող հիմնական տարանցիկ միջանցքը:

14:24 9.2.2026

Վենսի ծրագրի մասին քիչ մանրամասներ են հրապարակվել, սակայն այցը տեղի է ունենում մի փուլում, երբ Վաշինգտոնը ձգտում է ավելի մեծ դիվանագիտական և տնտեսական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում, փաստում է «Ֆրանսպրես» գործակալությունը, հավելելով՝ ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Վաշինգտոնի մասնակցությամբ իրականացվող TRIPP երթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը և ամերիկյան առևտրային շահերը՝ բացելով նոր մատակարարման շղթաներ, որոնք շրջանցում են Ռուսաստանը և Իրանը։


14:04 9.2.2026

Քաղաքագետների կարծիքով՝ այցի հիմնական նպատակը քաղաքական է՝ TRIPP-ի իրագործումը: Փորձագետների գնահատմամբ՝ ուշադրության կենտրոնում է լինելու նաև օգտակար հանածոների ոլորտում համագործակցությունը:

Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով՝ փոխնախագահ Վենսը Երևանում այնպիսի գործարքներ է առաջ մղելու, որոնք կթուլացնեն Հայաստանում ռուսական ու իրանական ազդեցությունը, մասնավորապես հենց օգտակար հանածոների շուրջ:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը շուրջ 50 ապրանքների խումբ գնահատել է որպես երկրի ազգային և տնտեսական անվտանգության համար կենսական։ Դրանց շարքում են նաև 17 հազվագյուտ հողային տարրերը, որոնք օգտագործվում են ամեն ինչում՝ հողմային տուրբիններից մինչև սմարթֆոններ: Հայաստանում որոշ հազվագյուտ հողային տարրեր կան: Թե որքան, արդյոք հնարավոր է արդյունահանել, պարզ չէ:

13:36 9.2.2026

ԱՄՆ փոխնախագահի այցի նախաշեմին Երևանը ազդարարել է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու:

Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը շաբաթավերջին խոսել է խաղաղ միջուկային էներգիայի, անվտանգության ու «կրիտիկական հանքանյութերի» ոլորտներում հնարավոր համագործակցության մասին:

13:24 9.2.2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահի հայաստանյան այցի շրջանակներում կքննարկվի նաև ԱՄՆ վերջին որոշումը՝ Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ:

ԱՄՆ նախագահը փետրվարի 7-ին՝ Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո հրամանագիր է ստորագրել, որով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար:

«Մոտավորապես 50 միլիոն դոլարի արտահանում ենք ունեցել նախորդ տարի Միացյալ Նահանգներ, և բնականաբար, այնտեղ ապրանքներ կան, որոնք էական չափով իրենց մրցունակությունը կկորցնեն նման իրավիճակում», - նշել է նախարար Պապոյանը լրագրողների հետ զրույցում:

Հարևան Իրանը Հայաստանի չորրորդ ամենամեծ առևտրային գործընկերն է:

13:17 9.2.2026

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր ժամանում է Երևան: Նա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Հայաստան է այցելում, որտեղից Բաքու կմեկնի:

Նախատեսված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել են կառավարությունից:

Պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ տնտեսական հարցերով փոխնախարար Ջեյքոբ Հելբերգը:

Անցած ամիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ն առաջ մղելն է: Սպիտակ տան ղեկավարը նաև ազդարարել էր, որ «Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր կկնքեն»: Համաձայնագրի բովանդակությունը մինչ այս պահը երկու երկրները չեն գաղտնազերծել:

Նախագահ Թրամփը գրել էր նաև ամերիկյան արտադրության կիսահաղորդիչների գործարքի մասին. արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անցած շաբաթ օրը տեղեկացրել է, որ դրանց մի մասն արդեն Հայաստան է հասել:

XS
SM
MD
LG