Մատչելիության հղումներ

Բայրամովն Արաղչիին վստահեցրել է՝ Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Ադրբեջանական APA-ն՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը, գրում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում վերջին շրջանում լարվածությունը մտահոգիչ է, ընդգծել է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով։

Բայրամովը հավաստիացրել է՝ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր օդային տարածքն օգտագործվի հարևան Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողությունների համար։

Նախօրեին Իրանի ԱԳ նախարարը Վաշինգտոնից հնչող սպառնալիքներին ի պատասխան, որ Թեհրանը պետք է շտապ բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ, հայտարարեց՝ Իրանի զինված ուժերը պատրաստ սպասում է՝ արձագանքելու ցանկացած ագրեսիայի: Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ անցած տարվա 12-օրյա պատերազմից քաղած արժեքավոր դասերից հետո ավելի են ուժեղացրել իրենց ռազմական կարողությունները, և անհրաժեշտության դեպքում պատրաստ են «ավելի արագ ու հուժկու արձագանքել»: Այդուհանդերձ, Իրանը ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել խնդիրը և չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, հավելել է իրանցի պաշտոնյան:

Մինչ այդ ԱՄՆ նախագահն էր հայտարարել, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և Թեհրանին կոչ էր արել նստել բանակցությունների ու համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ ուշ չէ:
Reuters-ը գրում է, որ թեև միայն ավիահարվածներով հնարավոր չէ տապալել հոգևորական իշխանությանը, Թրամփը դիտարկում է Իրանի անվտանգության ուժերին և ղեկավարությանը թիրախային հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ նոր ցույցեր հրահրելու համար:

XS
SM
MD
LG