Ընդդիմության շարքերը լքած պատգամավոր Իշխան Զաքարյանը, որ տարիներով բացակայում է Ազգային ժողովից նիստերից, լիարժեք աշխատավարձ է ստանում:
«Օրենսդրությամբ այսպես է՝ եթե բացակաները հարգելի են, աշխատավարձից պահում չի լինում, եթե անհարգելի են, լինում է», - ասաց Խորհրդարանի նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:
Ավելին՝ վերջին երկու տարիների ընթացքում նիստերից բացակայող պատգամավորը պարգևավճար է ստանում: Անցած տարեվերջին նրա հաշվեհամարին էլ են փոխանցվե՞լ շուրջ երեք միլիոն, ինչպես մյուսներին՝ դիմեցինք Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին: Դավիթ Առաքելյանը մեր հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն մեջբերեց Ազգային ժողովի նախագահի կարգադրությունը, ըստ որի բոլոր պատգամավորներն ու աշխատակիցներն են ստացել:
Ազգային ժողովի նախագահը երկու օր առաջ հրապարակել է նիստերից բացակայող պատգամավորների տասնյակը: Ինչպես ինքն է ձևակերպել՝ թոփ տասնյակը: Ալեն Սիմոնյանի ցուցակում միայն ընդդիմադիր պատգամավորներն են, ինը՝ «Հայաստան» խմբակցությունից, և միայն մեկը «Պատիվ ունեմ»-ից՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրա ցանկում չկա Իշխան Զաքարյանի անունը:
Ալեն Սիմոնյանի տասնյակի ռեկորդակիրը դաշնակցական Իշխան Սաղաթելյանն է, որ 4,5 տարվա ընթացքում 100 անգամ է բացակայել: Իսկ ինչո՞ւ է Իշխան Զաքարյանը բացակայում Ալեն Սիմոնյանի կազմած ցանկից: «Հարգելի պատճառով»՝ «Ազատությանը» պարզաբանեց խոսնակ Մովսես Հարությունյանը:
«Առկա են դրանք հիմնավորող ու օրենսդրությամբ պահանջվող համապատասխան փաստաթղթեր, դրա համար էլ Զաքարյանը չի ներառվել անհարգելի բացակայություններ ունեցողների տասնյակում», - նշեց Հարությունյանը:
Ընդդիմությունից հեռացած Իշխան Զաքարյանի բացակաները հարգելի համարող այս նույն խորհրդարանը 2022 թվականին պարգևավճարից զրկել էր ընդդիմադիր պատգամավորներին, որ Փաշինյանի դեմ պայքարը խորհրդարանից փողոց էին տեղափոխել: «Դիմադրություն» շարժման մասնակից պատգամավորների բացակայությունները ԱԺ աշխատակազմը որակել էր անհարգելի ու նաև նրանց աշխատավարձը կրճատել:
Իշխան Զաքարյանը պատգամավոր է դարձել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած դաշինքով, վեց ամիս անց լքել՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ու դարձել անկախ պատգամավոր: ՔՊ-ի հետ նա կողմ քվեարկեց, որ իշխանության թեկնածուն՝ Վահագն Խաչատուրյանն ընտրվի Հայաստանի նախագահ:
Իշխան Զաքարյանին 2024 թվականին փնտրում էին ընդդիմադիրները, երբ Բագրատ սրբազանի շարժումը հասել էր Երևան ու վարչապետին անվստահության գործընթաց պետք է սկսեին: Նա այդպես էլ չմիացավ ոչ Փաշինյանի դեմ պայքարին, ոչ էլ Սերժ Սարգսյանի նախաձեռնած իմփիչմենթին: Այս ընթացքում կարճվեց նրա դեմ 2021-ից հարուցված՝ փողերի լվացման, պաշտոնական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու գործը:
Խորհրդարանում չերևացող Զաքարյանը երկու ամիս առաջ երևաց կադրերում՝ վարչապետ Փաշինյանի կողքին: Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ այցելել էր Ծաղկաձորի սպորտբազա, որը Զաքարյանի որդունն է:
Զաքարյանը նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է. անցած ապրիլին, երբ Ազգային ժողովի նստաշրջանն էր մեկնարկել, նա կոմիտեի գործերով Լիբանանում էր: Իսկ թե ԱԺ-ից բացակայելու համար ի՞նչ փաստաթղթեր է ներկայացրել, որ համարել են հարգելի, աշխատակազմից ուղիղ չեն պատասխանում: