Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը ընդդիմություն-իշխանություն նոր թունդ հակադարձումների թեմա է դարձել:
«Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն նախաստորագրված համաձայնագիրը վերջնականապես ստորագրվի, և, հետևաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ իրականացվի, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ճանապարհը տարածաշրջանում՝ կայունությամբ և բարգավաճմամբ։ Այժմ այս քաղաքական կամքը գոյություն ունի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարության շրջանում: Հիմա մի քանի բան է մնացել, որ Հայաստանը պետք է անի: Ինչպես գիտեք, գալիք հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են, դա նույնպես կարևոր փուլ կլինի։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ հարցումներով պարոն Փաշինյանն այժմ առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք այն կառուցողական դերակատարությանը, որը նա ունի այս հարցում։ Այս գիծը, այս վճռականությունը պետք է շարունակվի», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Հաքան Ֆիդանի հայտարարությունից ժամեր անց խորհրդարանական ընդդիմության երկու ուժերի պատգամավորներ Աննա Մկրտչյանն ու Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքով հայտարարեցին՝ Թուրքիան բացահայտ ասում է, որ առաջիկա ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին, Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին գործերին, ապագա իշխանության ձևավորմանը:
Իշխանությունից սուտ որակեցին ընդդիմության պնդումները, թե Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ աջակցում է Փաշինյանին ընտրություններում: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցերում գրեց՝ Ֆիդանը նման բան «չէր էլ կարող ասել, որովհետև դա Հայաստանի ներքին գործն է»:
«Մարդը բառացի ասում է, որ հանրությունն աջակցում է այն գործընթացին, որը գործող իշխանությունը տանում է առաջ: Որտե՞ղ է հանրություն և իշխանություն բառակապակցության մեջ իր աջակցությունը 2026 թվականի ընտրություններին», - նշեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Վարչապետի թիմակից ԱԺ-ի նախագահը Ֆիդանի հայտարարությունն այսպես է հասկացել. «Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլևս իրողություն է, և թշնամանքի էջը մենք միասին, այնուամենայնիվ, կարողացել ենք փոխենք՝ թե՛ մենք՝ հայերս, թե՛ թուրքերը: Ես հասկացել եմ, որ Հայաստանը չի կարող ու չպետք է իրեն տարածաշրջանից դուրս դնի: Ռուսաստանի հետ մենք սահման չունենք ու Եվրոպայի հետ էլ սահման չունենք, մեր տարածաշրջանի չորս հարևան ունենք, այդ չորս հարևանից դուրս մենք մեզ չենք կարող դնել: Շնորհակալություն եմ հայտնում այդ հայտարարության համար, դրական եմ գնահատում»:
«Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը դժվար է պատկերացնում՝ ինչպե՞ս Թուրքիայի արտգործնախարարը ավելի ուղիղ կարող էր ասել, որ աջակցում է Հայաստանում իշխող ուժին:
«Ինչո՞ւ պետք է որևէ այլ երկրի, հատկապես Հայաստանի համար Թուրքիայի և Ադրբեջանի նման երկրի ղեկավարները շահագրգռված լինեն Հայաստանում որևէ թեկնածուի ընտրությունով: Եթե մենք ունենք Հայաստանում ղեկավարություն, որը ձեռնտու է, նվեր է, ամենանախընտրելի թեկնածուն է Ալիևի ու Էրդողանի համար, դա ի՞նչ է նշանակում, արդյոք այդ թեկնածուն կարո՞ղ է պաշտպանել կամ պաշտպանո՞ւմ է հայկական շահը: Սա է մտահոգությունների առարկան, սա է տագնապի հիմքը», - նշեց Վարդանյանը:
Բանավեճը հասավ նրան, որ ընդդիմադիրները զուգահեռներ տարան Կրեմլի խոսափող Սոլովյովի՝ մի քանի օր առաջվա հայտարարության հետ, որտեղ նա խոսել էր Հայաստանում ևս Ուկրաինայի օրինակով ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտությունից։
«Հիմա հարց. մի քանի օր առաջ սոլովյովախեղդ իշխանական քանի՞ ներկայացուցիչ հրապարակային Ֆիդանի վրա մատ թափ կտա, թե «մի խառնվիր Հայաստանի ինքնիշխան գործերին։ Դա հայ ժողովրդի որոշելիքն է»։ Չեն անի, քանզի առաջիկա ամիսներին այս իշխանության փրկօղակը, օգնողը Բաքուն ու Անկարան են լինելու, որ վերարտադրեցնեն, իրենց ծրագրերն ավարտին հասցնելու համար»։
ԱԺ խոսնակը Սոլովյովի ու Ֆիդանի համեմատությունը տեղին չի համարում. «Տարածաշրջանի մեջ ներգրավված լինելն ու հիբրիդային պատերազմը տարբեր բաներ են»:
Իշխող ՔՊ-ի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ընդդիմության հայտարարությունների տակ այլ բան է տեսնում. «Հայաստանում ու Հայաստանի շուրջ դրական զարգացումները շատ ակնհայտ են, ու դա է պատճառը, որ փրփուրներից է կախվում Հայաստանի ընդդիմությունն ու նրանց սպասարկող ընդդիմադիր դաշտը: Դարձրել են մատի փաթաթան ու սխալ վերնագրեր են հրամցնում»:
Մինչ իշխանությունը TRIPP-ի գործնական կիրառության փաստաթղթով Հայաստանի ինքնիշխանության հետ կապված մտահոգությունները փարատված է համարում, ընդդիմությունից շարունակում են պնդել՝ Հայաստանն Ադրբեջանին միջանցք է տալիս:
Քրիստինե Վարդանյանը Ֆիդանի հայտարարությունը հենց դրա ապացույցն է համարում:
«Երբ Հայաստանի արտգործնախարարը Ամերիկայում էր, հրապարակվեց մի փաստաթուղթ։ Նրանք այն անվանում են TRIPP, այն նրա մասին է, թե ինչպես կյանքի կոչել այն, ինչ մենք անվանում ենք Զանգեզուրի միջանցք։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրեցինք այդ փաստաթուղթը։ Ավելի ուշ, մոտ երկու ժամ ես խոսեցի իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ այն մասին, թե ինչ է գրված այս փաստաթղթում և ինչպես են նրանք դիտարկում դա, քանի որ Բաքվի տեսակետը կարևոր է», - ասել է Ֆիդանը։
Քրիստինե Վարդանյանն ընդգծեց. «Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը ուղիղ այն մասին է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրվող ու նախաստորագրվող փաստաթղթերը ամբողջությամբ տեղավորվում են իրենց պատկերացումների մեջ, մարդն ուղիղ ասում է՝ «անունն ինչ ուզում եք դրեք, դա մեր պատկերացրած Զանգեզուրի միջանցքն է», նախապայմանը Թուրքիայի այնպիսին է, որ բոլոր պայմանավորվածությունների պետք է լինեն Ադրբեջանի պատկերացումներին համապատասխան»:
Հաքան Ֆիդանն էլի հայ-թուրքական կարգավորումը պայմանավորել էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: