Կանոնական դաշտ վերադառնալու մի քանի հորդորներից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից:
Մայր Աթոռի հաղորդագրությունում նշվում է. «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը»:
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Վեհափառի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների շարքում է: Արդյոք կաթողիկոսը կազատի նաև վարչապետին միացած մյուս ինը եպիսկոպոսներին, առայժմ պարզ չէ:
Կաթողիկոսի որոշումից հետո՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց. «Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ», - գրել է վարչապետը:
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ավելի վաղ «Առավոտի» հետ զրույցում ասել էր, թե կաթողիկոսին վերագրվող մեղադրանքների վերաբերյալ փաստեր են դրվել իրենց առջև, որից հետո ինքը հասկացել է, թե ինչու եկեղեցին ներքշավեց քաղաքականության մեջ:
Ո՞վ և ինչպիսի՞ փաստեր դրեց կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսի առջև, Գևորգ սրբազանը չէր մանրամասնել, բայց պնդել էր. «Հայ եկեղեցին միայն մեր ազգային շահին պիտի ծառայի, և որևէ մեկը, ով ուզում է լինել, եկեղեցում իրավունք չունի ներքաշվել քաղաքական պայքարի մեջ, դա ծառայեցնելով օտար շահերի»:
Լրագրողի դիտարկմանը՝ «հիմա Դուք հավատում եք, որ եկեղեցու առաջնորդը գործակալ է», նա արձագանքել էր. «Փաստաթղթեր, հանդիպումների ֆիքսված արձանագրություններ, ի՞նչ ասեմ էլ»: