Մատչելիության հղումներ

Էջմիածինում հույս ունեն՝ 10 եպիսկոպոսները կվերադառնան մայր եկեղեցու գիրկը


Էջմիածինը հույսը չի կորցնում, որ Վեհափառի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները կվերադառնան մայր եկեղեցու գիրկը։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին հաջորդած հայտարարությունն է քիչ առաջ տարածվել. «Խորհուրդն անընդունելի նկատեց եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները և դրանց արծարծման կերպերը՝ կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված հակականոնական օրակարգերից, վերադառնան մայր եկեղեցու գիրկը՝ առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով»։

Խորհուրդը հրատապ է համարել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը։ Առաջարկ է հնչել նաև միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների հետ աշխատել՝ «կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից եկեղեցու շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ տարածվող թյուր ընկալումները»։

«Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է մայր օրենքին, վիրավորում մեր ժողովրդի կրոնական ապրումները և ոտնահարում հայոց եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները», - ասված է հայտարարությունում։

Երեկ երեկոյան է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով հրավիրվել նոր կազմով։ Կաթողիկոսի որոշմամբ խորհրդից հեռացվել են իր հրաժարականը պահանջող եպիսկոպոսներից Վազգեն, Գևորգ ու Աբրահամ սրբազանները։

Նավասարդ արքեպիսկոպոսը մնացել է կազմում, որովհետև ի պաշտոնե Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդը պիտի հոգևոր խորհրդի եկեղեցական իշխանության գործադիր բարձրագույն այս մարմնի անդամ լինի։ Հեռացվածներին արդեն փոխարինել են նորերը։

«Ոչ մեռել ենք, ոչ հիվանդացել ենք, ոչ էլ երեք անգամ բանը անօրինական կերպով բացակայել ենք», - Վազգեն արքեպիսկոպոսն իրենց խորհրդի կազմից հեռացնելը օրինազանցություն ու կաթողիկոսի հերթական կամայականություն է համարում։

Մայր Աթոռը հղում է անում խորհրդի կանոնադրության մի կետի, որը իրենց հեռացման որոշման հետ, ըստ Վազգեն Սրբազանի, կապ չունի։ Հոգևոր խորհրդի կազմը ընտրվում է Եպիսկոպոսաց ներկայացուցչական ժողովում, որը պիտի հրավիրվի երկու տարին մեկ, սակայն չի հրավիրվել արդեն ութ տարի։ Անդամները չորս տարով են ընտրվում։ Վեհափառի հրաժարականը պահանջողները հոգևոր խորհուրդը լեգիտիմ չեն համարում, որոշումները՝ անվավեր, սկսած 21 թվականից։

«Ամենայն հայոց կաթողիկոսը խախտում է եկեղեցական ներկայացուցչական ժողովի և Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունները», - նշեց Վազգեն Սրբազանը։

Վեհափառի հրաժարականը պահանջողները շարունակում են միակ լուծումը տեսնել կաթողիկոսի հեռացումը։ Երեկ նրանք այդ պահանջով հավաք էին նախաձեռնել Մայր Աթոռում, սակայն տարածք եկան ուշացումով, շրջապատված տասնյակ ուժայիններով, որոնք ձեռքի հարվածներով այս ու այն կողմ էին նետում լրագրողներին։ Հրաժարական պահանջողները հեռացան կարճ ժամանակ անց՝ վանկարկումների ու սուլոցների ներքո։

«Մենք չգիտենք՝ ինչու այդպես եղավ, մենք սովորականի պես եկել էինք։ Ինձ թվում է՝ ուժայինները երևի այդ ագրեսիվ լրատվամիջոցներից էին գուցե փորձում պաշտպանել, ուրեմն, հոգևորականներին», - նշեց Վազգեն արքեպիսկոպոսը։

Նա ասաց՝ բոլորովին էլ չեն մտածել, որ հուդա ու դավաճան վանկարկումները իրենց էին ուղղված։ Իսկ այն, որ Վեհափառի հրաժարականը պահանջողների ու նրանց աջակցողների միջև ոստիկանական բաժանարար պատ էր, դա, ըստ Սրբազանի, իրենց պլանը չէր։ Ժողովրդին բաժանելու միտք չունեն։ Այդ մասին նա փորձեց տեղում էլ ասել։

Ինչո՞ւ այնուամենայնիվ հավաքի նախաձեռնողներն այդպես հպանցիկ եկան ու գնացին։ Արդյոք նրանց ծրագիրը փոխվե՞ց, երբ տեսան Վեհափառին աջակցելու համար քաղաքացիների մեծ խումբ է Մայր Աթոռ հասել։

«Մեր պլանը չփոխվեց, մենք կատարեցինք այն, ինչ որ պիտի կատարեինք, բայց քանի որ ուրեմն հրավիրվել էին տարբեր խմբեր, խմբավորումներ և որոնց հիմնական նպատակն էր սադրելը, մենք, բնականաբար, փորձեցինք խուսանավել», - ընդգծեց Վազգեն Սրբազանը:

Վազգեն արքեպիսկոպոսն, այնուամենայնիվ, խոստովանեց, որ պլանը մի քիչ փոխվել է՝ եկեղեցի չմտան, աղոթք չարեցին։ Վեհափառի հրաժարականի պահանջով մի նամակ հանձնեցին քարտուղարություն։ Ի՞նչ բախտի է արժանացել այդ նամակը։

«Ընթացակարգ և այլն գոյություն չունի։ Հայոց հայրապետն ընտրվում է ցկյանս, Հայոց հայրապետին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը և որևէ մեկը չի կարող նման պահանջ ներկայացնել», - ասաց Ասողիկ աբեղան։

Մայր աթոռի 56 միաբան10-ը Վեհափառին գահից իջեցնել է փորձում, իսկ եթե մեծամասնությունը միանա պահանջին, ըստ Ասողիկ աբեղայի ոչ մի օգուտ. «Ուզում է 10 եպիսկոպոս հավաքվի, ուզում է 100 եպիսկոպոս հավաքվի, ուզում է 200 եպիսկոպոս հավաքվի։ Իրենց պահանջը, իրենց դիմումը հակականոնական է, անընդունելի է, որովհետև իրենք ապստամբ են և եկեղեցու դեմ են գործում»։

Ըստ աբեղայի՝ կաթողիկոսը միայն մի պատճառով կարող է հեռացվել, եթե նա հայ եկեղեցու դավանանքը դրժի։ Հասկանալի է՝ Ասողիկ աբեղան չի կարծում, որ այդպիսի բան կա, իսկ Հայաստանի վարչապետը արդեն աղանդավոր է համարել Վեհափառին։

Յոթ ամիս ձգվող հակակաթողիկոսական արշավը երեկ գործնական փուլ մտավ։ Վեհափառի հրաժարականը պահանջողները Մայր Աթոռի բակ հասան, գործնական փուլը սակայն կարճ տևեց։ Այժմ կողմերը վերադարձել են հեռակա փոխհրաձգությունների փուլին։ Փակուղի՞ է, ոչ, ըստ Վազգեն արքեպիսկոպոսի, առաջիկայում հավաք չեն ծրագրում, բայց Վեհափառին հեռացնելու գործն, ասաց, ոչ մի րոպե կանգ չի առնում. «Աստված ինքը կտնօրինի»:

Այս գործում Աստծուն են ապավինում բոլոր կողմերը։




XS
SM
MD
LG