Իրանում բողոքի ցույցերի վերջին 10 օրվա ընթացքում առնվազն 36 մարդ է սպանվել, հայտնել է արտերկրում գործող HRANA իրավապաշտպան կազմակերպությունը:
Նշվում է, որ սպանվածներից 34-ը ցուցարարներ են, իսկ երկուսը կապված են եղել անվտանգության ուժերի հետ:
Իրանի իշխանությունները զոհերի պաշտոնական ցուցակ չեն հրապարակել, սակայն հայտնել են, որ զոհվել են անվտանգության ծառայության երեք աշխատակիցներ: BBC-ի իրանական ծառայությունն այս պահի դրությամբ հաստատել է 20 մարդու մահն ու ինքնությունը:
Իրավապաշտպանները հաղորդել են նաև ավելի քան 60 ցուցարարի վիրավորվելու և 2076-ի ձերբակալվելու մասին:
BBC-ն հայտնում է նաև տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են անվտանգության ուժերն արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների հետ բախումների ժամանակ, որոնք Թեհրանի մեծ շուկայում Իրանի հոգևոր ղեկավարների դեմ կարգախոսներ Էին վանկարկում:
Բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական արժույթի հերթական կտրուկ անկումից հետո:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել է, որ եթե Իրանի անվտանգության ուժերը սպանեն խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն պատրաստ է գործել:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շեշտել է, որ խռովարարներին պետք է իրենց տեղը դնել և խոստացել «չզիջել» հակառակորդին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Անտոնիու Գուտերեշի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ քարտուղարը «խորապես վշտացած է անվտանգության ուժերի ու ցուցարարների միջև բախումների հետևանքով մարդկանց զոհվելու և վիրավորվելու մասին հաղորդագրություններից» և ընդգծում է ցանկացած հետագա զոհերի կանխարգելման անհրաժեշտությունը:
Կիսապետական Fars լրատվական գործակալությունը փոխանցել է, որ ոստիկան է սպանվել Իլամի Մալեքշահիի շրջանում տեղի ունեցած բախման ժամանակ: Amnesty International-ը երեքշաբթի օրը հայտարարել է, որ տեղեկություններ ունի այն մասին, որ հեղափոխական գվարդիան և ոստիկանական հատուկ ուժերը «որսորդական հրացաններ և արցունքաբեր գազ են կիրառել» այդ շրջանում: