Առնվազն 36 մարդ է սպանվել հարևան Իրանում կրակոցներից, 2 հազարից ավելին՝ ձերբակալվել. երկրում ցույցերը շարունակվում են արդեն 11 օր՝ ըստ HRANA իրավապաշտպան կազմակերպության:
Ցույցերի պատճառն ազգային փողի հերթական արժեզրկումն է, գնաճը, էներգետիկ ճգնաժամը:
Երկրի ուժայինները ցուցարարների ուղղությամբ են կրակել ու սպանել, հայտարարում է ականատես Մոհամմադ Հեյդարի Իլամին. «Երբ մարդիկ տեսան, որ [անվտանգության ուժերը] տանիքի վրա են, նրանց վանկարկումները ավելի բարձրացան։ Այդ ուժերը սկսեցին ուղիղ կրակել մարդկանց վրա»։
Սպանված ու վիրավոր ցուցարարների մասին նաև մարդու իրավունքների պաշտպաններն են ահազանգում: Վիրավորները տեղափոխվել են Իլամ քաղաքի հիվանդանոց: Այստեղ ուժայինների դեմ նաև բժիշկներն են դուրս եկել:
Ականատեսի խոսքով՝ հիվանդանոցում բռնություն ու ծեծ է եղել, անգամ բժիշկներ են ձերբակալվել:
Միացյալ Նահանգները Իլամի հիվանդանոցի վրա հարձակումը կոչել է «մարդկության դեմ հանցագործություն»:
Նախագահ Թրամփն արդեն հայտարարել է՝ եթե ավելի շատ խաղաղ ցուցարարներ զոհվեն, Վաշինգտոնը պատրաստ է գործել, իսկ Իրանը «ծանր հարված կստանա»:
Խռովարարներին պետք է իրենց տեղը դնել, հակառակորդներին «չզիջել». Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին է զգուշացրել՝ ընդգծելով՝ ներողամիտ չեն լինելու ոչ մեկի հանդեպ: Չնայած սպառնալիքներին՝ ցույցերն այսօր առավոտից կրկին վերսկսվել են: