Մատչելիության հղումներ

«Կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, հետևեք լրատվությանը, կտեսնեք». վարչապետի պնդումը ընդդիմությունից «զրպարտող» են համարում


Վարչապետը պնդում է՝ չի ուղղորդել տասը եպիսկոպոսներին, ամիսներ առաջ նման հավաք խոստացած Նիկոլ Փաշինյանն անձամբ Էջմիածին չգնաց, ասաց՝ անհրաժեշտություն չի տեսնում: Փոխարենը աջակցում և ողջունում է վեհափառի հեռանալու պահանջով հավաք անցկացնող եպիսկոպոսներին, որոնք իր հետ հանդիպելուց հետո պահանջեցին կաթողիկոսի հրաժարականը:

«10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են, այսինքն՝ Էջմիածնի վանական համալիրն իրենցն է, և իրենք էլ Էջմիածնի վանական համալիրինն են, և հետևաբար նրանց կողմից հնչեցված հրավերը՝ հավաքվելու Մայր Աթոռում, բացարձակապես լեգիտիմ է», - նշեց նա:

Կաթողիկոսի հեռանալու պահանջով հավաք անցկացնելու մասին հայտարարությունը եղավ երեկ երեկոյան, վարչապետը պնդեց, թե նրանց մինչև այդ չի հանդիպել, իսկ հավաքի մասին մամուլից է տեղեկացել:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է՝ այս հավաքը հենց Նիկոլ Փաշինյանն է կազմակերպել: Մարուքյանի կարծիքով՝ սադրանք հրահրելու նպատակ ունի վարչապետը, որն այսօր իր թիմակիցների հետ կողքից է հետևելու Էջմիածնում իրադարձություններին:

«Այս 10 եպիսկոպոսները մտածել են, որ իրենց խնդիրները լուծելու է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահի ասում է՝ ժողովուրդ ջան, դուք պետք է անեք, ձեր ձեռքերով եմ ես այս կրակից շագանակները հանելու, հիմա այն պահն է, որ դուք պետք է գնաք Մայր Աթոռ, դուք գնացեք, ես մնացածը կկազմակերպեմ, տեղի կունենա, հետո մենք կգանք», - նշեց Մարուքյանը:

Վարչապետն այսօր վստահ էր՝ Մայր Աթոռում բախումների հնարավորություն չկա: Ասաց՝ իրավապահներն ունեն լիարժեք հնարավորություններ սադրիչներին չեզոքացնելու համար: Այսօր արդեն ավելի հեռուն գնաց ու պնդեց, թե եկեղեցին պաշտպանելու են աղանդավորներից: Սա կաթողիկոսին ուղղված Նիկոլ Փաշինյանի ամենաթարմ մեղադրանքն է, վարչապետն ամիսներ շարունակ պնդում էր՝ վեհափառը պետք է հեռանա, որովհետև կուսակրոնության ուխտն է խախտել, իսկ վերջին շաբաթների ամենաաղմկոտ մեղադրանքն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցու հովվապետը «օտարերկրյա գործակալ է»:

Վարչապետին այսօր վրդովվեցրեց հարցը, թե ինչու իր այս պնդումից հետո իրավապահները քրեական գործ չեն հարուցում: Ասաց՝ մամուլում փաստաթղթեր կան, հոգևորականներն են ասում, ինքն էլ այդ կարծիքին է. «Դա նաև ակնհայտ իրողություն է, այսինքն՝ ձեզ համար նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից: Ինչո՞վ է նորություն, չե՞ք տեսել փաստեր, ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք այդ փաստերը: Քրեական գո՞րծ է ձեզ պետք՝ դա տեսնելու համար, գնացեք, մամուլի հրապարակումները նայեք, պաշտոնական հաղորդագրությունները»:

Փաշինյանի այս մեկնաբանություններին արձագանքել են Հայ ազգային կոնգրեսից: Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ վեհափառի հեռացման Փաշինյանի ներկայացված գլխավոր պատճառաբանությունը որևէ իրավական հիմք կամ ապացույց չունի, հետևաբար տարրական զրպարտություն է:

«Եկեղեցու դեմ կատարված իր ապօրինի հարձակումների «գաղափարական» հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան որ ապօրինի են հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու դեմ», - նշել է Լևոն Զուրաբյանը:

Վարչապետին հարցրինք՝ եթե իրավապահները քրեական գործ չեն հարուցում, իսկ ինքը շարունակում է պնդել, որ կաթողիկոսը պետության դեմ է գործում, այսպիսիով՝ որպես երկրի ղեկավար՝ չի՞ ձևավորում վտանգավոր նախադեպ, որ առանց փաստերի և իրավական գնահատականների մարդկանց կարելի է ծանր մեղադրանքներ ներկայացնել և դիմել դրանից բխող գործողությունների:

«Ոչ, ես վտանգավոր նախադեպ չեմ ձևավորում, որովհետև ի տարբերություն ոմանց, այդ թվում՝ ցավոք, լրատվամիջոցների, անհիմն հայտարարություններ չեմ անում: Դա կոնկրետ հիմնավորում ունի, և հրապարակային են այդ հիմնավորումները», - արձագանքեց նա:

Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում չի հետևում իրավական պրոցես, Փաշինյանը պատասխանեց. «Որովհետև իրավական պրոցեսն ունի բազմաթիվ նրբություններ, միջպետական հարաբերությունների հազար հարց կա: Շատ կարևոր նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնվեն»:

Նիկոլ Փաշինյանի բացատրությունը, թե իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս՝ ելնելով ազգային անվտանգության շահերից, չի համոզել Լևոն Զուրաբյանին. «Աշխարհի բոլոր բռնապետները Սահմանադրության և օրենքների խախտումները և բռնապետության հաստատումը հիմնավորել են ազգային անվտանգության շահերով, ոչ թե, օրինակ, իշխանությունը պահելու մոլագար ցանկությամբ»:

Ոչ միայն կաթողիկոսին, այլ նաև մի շարք ընդդիմադիրների են իշխանականները համարում օտարերկրյա գործակալներ, բայց այս բոլոր դեպքերում էլ նրանց մեկնաբանություններին ոչ մի իրավական գործընթաց չի հետևել: Իրենք՝ ՔՊ-ականները բացատրում են, թե դրանք քաղաքական գնահատականներ են:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG