14:28
«Քրեական վարույթը, որի շրջանակներում իրականացվում է խուզարկության գործողությունը, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին, և այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ», - ասաց փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ «խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի ու Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ»:
«Ցեսիայի պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում: Այսինքն այստեղ բացահայտ հանցագործության տարրեր, ուսումնասիրելով դատարանի որոշումը խուզարկության, անձամբ ես չեմ արձանագրում», - ասաց Երիցյանը:
Փաստաբանն ընդգծեց, թե ինչ բովանդակությամբ փաստաթղթեր են փնտրում, հասկանալի չէ. «Ըստ դատարանի որոշման պետք է դա կապ ունենա քիչ առաջ վկայակոչածս գործողության հետ»:
«Դատարանի որոշման մեջ արծարծվում է նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և Սամվել Կարապետյանի կողմից տրված ցուցմունքը», - ասաց նա:
Հարցին՝ հունիսից մինչև հիմա քրեական վարույթի շրջնակում որևէ մեկը հարցաքննվե՞լ է, Ռոման Երիցյանը պատասխանեց. «Ըստ ինձ հասանելի դարձած տեղեկությունների, հարցաքննվել է «Արդշինբանկ» ՓԲ ընկերության տնօրենը, և դատարանն իր որոշման հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: Երբ դատարանը հիմնավորել է իր որոշումը այս կամ այն կերպ ու հղում է կատարել կոնկրետ ապացույցների, որի հիման վրա կատարվում է այսօր խուզարկություն, դրա հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ու վերջինիս կողմից նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքը»:
Թե ի՞նչ ցուցմունքի մասին է խոսքը, փաստաբանն ասաց՝ տեղեկություն չունի:
14:19
«Պատճառը բոլորս հասկանում ենք, վաղուց Արցախի պետական ինստիտուտների հանդեպ, այդ թվում՝ այս շենքի հանդեպ՝ որպես ինստիտուտներին ներկայացնող շենք, հետապնդումները ակտիվ են եղել, ուղղակի երեկվա խորհրդարանական լսումները լրացուցիչ առիթ են եղել, որ պետք է նոր խուզարկություններ լինեն», - լրագրողների հետ զրույցում ասաց «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը:
«Ազատության» հարցին՝ կապ տեսնո՞ւմ է նախօրեին Ադրբեջանին ուղղված վարչապետ Փաշինյանի առաջարկի ու այսօրվա խուզարկության միջև, Բեգլարյանը պատասխանեց. «Կարող է կապ լինել, իսկ Արցախի ժողովրդի վերադարձից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ վարչապետը: Արցախի ժողովուրդը պետք է որոշի՝ վերադառնում է, թե չի վերադառնում: Տվյալ դեպքում Հայաստանի վարչապետը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը հայտնել, որը մեզ համար խիստ անընդունելի է, դատապարտելի է»:
Փաշինյանը Ադրբեջանին առաջարկել է զուգահեռաբար փակել Ղարաբաղի հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները:
13:24
Քննչական կոմիտեն խուզարկությունն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում: Այս մասին հայտնում են «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում», - նշել է Աբրահամյանը:
Քննչական կոմիտեն հաստատում է այս տեղեկությունը՝ հայտնելով է, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Թե ինչ քրեական վարույթ է, ՔԿ-ն չի մանրամասնում:
Նախօրեին Արցախի ներկայացուցչությունում խորհրդարանական լսումներ էին, որի ընթացքում արցախցի գործիչները հայտարարեցին, թե Լեռնային Ղարաբաղ հավաքական վերադարձի իրենց իրավունքից հրաժարվել չեն պատրաստվում: