Թեև Հայաստանի իշխանությունը փակել է ղարաբաղյան հակամարտության էջը, արցախցիներն այսօր վերահաստատեցին՝ Լեռնային Ղարաբաղ հավաքական վերադարձի իրենց իրավունքից հրաժարվել չեն պատրաստվում:
«Մեր գլխավոր նպատակն է իրացնել Արցախի ժողովրդի իրավունքները, վերադառնալ սեփական հայրենիք, այնտեղ անվտանգ ապրել և ինքնորոշման հիման վրա որոշել քաղաքական կարգավիճակը», - այսօր հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը:
Արցախի Սահմանադրության օրվա առիթով կազմակերպված լսումներին Լեռնային Ղարաբաղի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը հայտարարեց՝ այս լսումներով պայքարի նոր էջ են բացում, միայն թե չհստակեցրեց, թե դա կոնկրետ ինչ գործողություններ է ենթադրում: Փոխարենը ներկայացրեց՝ ինչ պայմաններում են հնարավոր համարում իրենց վերադարձը Լեռնային Ղարաբաղ, Դանիելյանի խոսքով.- «Մենք վերադարձ տեսնում ենք այն ժամանակ, երբ կլինի միջազգային անվտանգային մեխանիզմներ և այդ պայմաններում կարող ենք արդեն խոսել վերադարձի մասին»:
«Փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն», - վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ վերադարձի մասին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պատկերացումներն իրատեսական չեն, առաջարկել է նրանց տնավորվել Հայաստանում: Իսկ վաշինգտոնյան համաձայնություններից հետո առհասարակ պնդում է, թե այդ օրակարգը վնասելու է հաստատված խաղաղությանը:
«Այսօր խոսել, որ վտանգը սա է, պետք է ուղղակի նորմալ բանակցություններ տանել և այդ բանակցությւոնների արդյուքնում ամեն ինչ էլ հնարավոր կլինի», - ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը:
2023 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի հսկողության տակ անցավ ու հայաթափվեց: Աշոտ Դանիելյանն այսօր հայտարարեց՝ իրենց համար ընդունելի կլիներ, եթե Հայաստանի իշխանությունը համաձայներ կարգավորման 2019-ի առաջարկներին, պնդեց՝ այն ժամանակ Արցախի իշխանությունը տեղյակ չի եղել, որ կարգավորման փաստաթուղթ կա բանակցային սեղանին:
Աշոտ Դանիելյանի պնդմամբ.- «Այնտեղ, որ տեսնում ենք, որ գրված է միջանկյալ կարգավիճակ, պետք է հասկանանք՝ եթե կա միջանկյալ կարգավիճակ, ուրեմն պետք է լիներ նաև վերջնական կարգավիճակ: Այսինքն՝ հարցի լուծում հնարավոր էր 2019 թվականի այդ առաջարկություններով»:
Այսօրվա լսումներին ներկա էին նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական մի շարք գործիչներ: