Մատչելիության հղումներ

Միրզոյանը և Բորելը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի կյանքի կոչման քայլերը


Շաբաթ օրը հեռախոսազրույց է կայացել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

Հայաստանի արտգործնախարարության լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող գործընկերության համատեքստում երկուստեք ընդգծվել է թե՛ արդեն իսկ ձևավորված համագործակցության ծրագրերի իրականացման, թե՛ լրացուցիչ ուղղություններով նոր հանգրվանի հասնելու կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման արդյունքներով մշակված «Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագրին, ինչպես նաև առաջիկայում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Միրզոյանն ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կայացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել օրակարգի առաջիկա միջոցառումներին և անելիքներին:

Միրզոյանը և Բորելը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: Անդրադառնալով երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին և համապատասխան հանձնաժողովների միջև գրավոր պայմանավորվածություններին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես հայտարարվել է նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով: Ներկայացնելով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության ձեռք բերված պայմանավորվածությունները նաև պայմանագրի նախագծում արտացոլելու միջոցով, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG