Մատչելիության հղումներ

270 մլն եվրո՝ Բրյուսելից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից Երևանին 4 տարում


Հայաստանի վարչապետը, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը, Եվրահանձնաժողովի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, Բելգիա, 5-ը ապրիլի, 2024թ.
Հայաստանի վարչապետը, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը, Եվրահանձնաժողովի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, Բելգիա, 5-ը ապրիլի, 2024թ.

Ավելի քան 300 միլիոն եվրոյի աջակցություն Եվրամիությունից ու Միացյալ Նահանգներից և ոչ թե միանվագ, այլ առաջիկա տարիների ընթացքում՝ տնտեսության ամրապնդման ու ժողովրդավարական բարեփոխումների համար։ Սա էր այսօր Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման հիմնական արդյունքը։

«Եվրամիությունն ու Հայաստանն ավելի ու ավելի են համընկնում արժեքների և շահերի առումով»

Բանակցությունների մեկնարկին, մասնավորապես, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրեց՝ Բրյուսելը հավելյալ 270 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին հաջորդող չորս տարիների ընթացքում՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման նպատակով։

«Մենք ներդրումներ ենք անելու Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր և ցնցումներին դիմակայուն դարձնելու համար։ Մենք կաջակցենք ձեր բիզնեսին, ձեր տաղանդներին, հատկապես ձեր փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի կարողանաք օգնել նրանց զարգանալ, նորարարություններ կատարել և մուտք գործել նոր շուկաներ: Եվ մենք ներդրումներ կանենք հիմնական ենթակառուցվածքային նախագծերում, օրինակ՝ Սև ծովի էլեկտրահաղորդման մալուխում, որը հնարավորություններով լի հաղորդման երթուղի է», - ասաց նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարը հիշեցրեց, որ կողմերն այս հանդիպման մասին պայմանավորվել էին անցած հոկտեմբերին Գրանադայում։ Այդ հանդիպումը տեղի էր ունեցել Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո, երբ Արևմուտքը դրա հետևանքները մեղմելու միջոցներ էր փնտրում։ Այսօր, խոսելով հարաբերությունների զարգացման մասին, Եվրահանձնաժողովի ղեկավարը ոչ միայն գնահատեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները, այլև քայլերը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու ուղղությամբ։

«Ես ողջունում եմ նաև այն միջոցները, որոնք Հայաստանը ձեռնարկել է Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները շրջանցելու դեմ, մասնավորապես, որպեսզի մահաբեր տեխնիկան և տեխնոլոգիաները չհայտնվեն ռուս զինվորականների ձեռքում։ Սա ցույց է տալիս, որ Եվրամիությունն ու Հայաստանն ավելի ու ավելի են համընկնում արժեքների և շահերի առումով», - շեշտեց ֆոն դեր Լայենը:

«Ցանկանում ենք, որ Հայաստանն իր տեղը զբաղեցնի որպես ուժեղ, անկախ ազգ՝ իր հարևանների հետ խաղաղության մեջ»

Միացյալ Նահանգների պետքարտուղարը ևս հայտարարեց հավելյալ օգնության մասին, այս դեպքում աջակցությունը եվրոպականից մի քանի անգամ ավելի քիչ է՝ 65 միլիոն դոլար։ Բլինքենը միաժամանակ ընդգծեց, որ Վաշինգտոնը ուզում է տեսնել Հայաստանը որպես բարգավաճող ու կայուն երկիր, որը խաղաղ է հարևանների հետ։

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն իր տեղը զբաղեցնի որպես ուժեղ, անկախ ազգ՝ իր հարևանների հետ խաղաղության մեջ՝ կապված տարածաշրջանի և աշխարհի հետ։ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը՝ երկուսն էլ ցանկանում են գործընկերներ լինել այս ջանքերում, և ես կարծում եմ, որ այս օրը դրա վկայությունն է: Մենք նախատեսում ենք տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն՝ դա ավելի քան 50 տոկոսով ավելի է, քան երկու տարի առաջ», - ասաց Միացյալ Նահանգների պետքարտուղարը։

Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրացիան կենսական նշանակություն ունի, ասաց Էնթոնի Բլինքենը, ընդգծելով, որ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որին, ի դեպ, Բաքուն մինչ օրս պաշտոնապես չի արձագանքել։

«Մենք ցանկանում ենք մեր ուժերը միավորել՝ առաջ մղելու մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով»

Ինտեգրացիոն այս ծրագրի մասին խոսեց նաև Եվրամիության արտգործնախարարը։ Ժոզեպ Բորելը, ի դեպ, նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը տեղի է ունենում կողմերի միջև տարիներ առաջ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակներում։ Որևէ նոր համաձայնագրի կամ դրա հնարավորության մասին այսօր խոսք չեղավ։

«Մենք ցանկանում ենք մեր ուժերը միավորել՝ առաջ մղելու մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Մենք արտգործնախարար Միրզոյանի հետ համաձայնել էինք Հայաստան-Եվրամիության գործակցության օրակարգը տանել հնարավոր ամենաբարձր մակարդակի՝ մեր գործընկերության խորհրդի շրջանակներում», - նշեց նա։

Հայաստանը պատրաստակամ է շարունակել բարեփոխումներն ու Արևմուտքի հետ սերտ հարաբերությունները

Հայաստանի վարչապետը երախտագիտություն հայտնեց շարունակական այս հանձնառության համար, ընդգծեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել բարեփոխումներն ու Արևմուտքի հետ սերտ հարաբերությունները։ Նիկոլ Փաշինյանն այսօր միակն էր, որ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից խոսեց՝ հիշատակելով հիմնարար սկզբունքները։

«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Հայաստանը նաև լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Թեև այս հանդիպումից առաջ որոշ ուժեր հայտարարում էին, թե Բրյուսելում շրջադարձ է լինելու, Հայաստանի հետ անվտանգության ոլորտում պակտ է ստորագրվելու, կամ բանակցություններ են սկսվելու անդամակցության շուրջ, այս թեմաներին հրապարակային հայտարարություններում որևէ անդրադարձ չեղավ։ Մինչև հանդիպումը ակնկալիքներ կային նաև, որ այսօր կարող է առաջընթաց արձանագրվել Վիզաների ազատականացման ուղղությամբ կամ Եվրոպական խաղաղության նախաձեռնությունից Հայաստանին ոչ մահաբեր զինատեսակներ հատկացնելու շուրջ։ Սակայն, ո՛չ մեկի, ո՛չ մյուսի մասին կողմերը հրապարակավ չխոսեցին։ Բանակցություններն արդեն ավարտվել են, ինչպես Եվրամիության աղբյուրները փոխանցեցին, դռնփակ հանդիպումը շարունակվել է մոտ մեկ ժամ։

XS
SM
MD
LG