Մատչելիության հղումներ

Եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ը կշարունակի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը. ԵՀ փոխնախագահ


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրամիությունը շարունակելու է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, շուկաների դիվերսիֆիկացման, ստանդարտների ներդրման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, ԵՄ առևտրի գծով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը այսօր Երևանում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

Դոմբրովսկիսի խոսքով՝ այժմ հայաստանյան գործընկերների հետ մշակվում են տնտեսական և ներդրումային ծրագրերի առաջնահերթությունները:

Կառավարության լրատվականի փոխանցմամվ՝ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակից, ընդգծել է բրյուսելյան եռակողմ հանդիպման կարևորությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը: Վարչապետը տեղեկացրել է, որ Կառավարությունն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային հասանելիության պետական աջակցության ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել ԵՄ օժանդակության անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG