Մատչելիության հղումներ

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները. Գալուզին


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Մոսկվան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները, NEWS.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա բնորոշմամբ, ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։

«Մենք լիովին աջակցում ենք այս ուղղությամբ Աստանայի ջանքերին», - հայտարարել է Գալուզինը՝ շեշտելով․ - «Կարևոր է, որ բանակցություններն ընթանում են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը որոշած՝ բարձրագույն մակարդակում 2020-2022 թվականներին ձեռքբերված եռակողմ պայմանավորվածությունների հունով»։

Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։

Գրեթե մեկ ամիս անց՝ մայիսի 10-ի,ն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Ալմաթիում։ Երկու օր տևած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել բանակցությունները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ։

Մինչ այդ Արարատ Միրզոյանը հստակ նշել էր, որ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից երկու հիմնական հարցերի՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։ Արդյոք հենց այս հարցերն են շարունակում մնալ բաց՝ կողմերը դեռ չեն հստակեցնում։

Համենայն դեպս Երևանը կառուցողական, Բաքուն դրական է գնահատում Ալմաթիի հանդիպումը։

«Խաղաղապահները խաղաղություն և կայունություն են բերել տարածաշրջանին»

Անդրադառնալով երեքուկես տարի ռուս խաղաղապահների գործունեությանը Լեռնային Ղարաբաղում՝ Գալուզինը շեշտել է, թե նրանք արել են գլխավորը, որ չպետք է մոռանալ։ «Նրանք խաղաղություն և կայունություն են բերել տարածաշրջանին», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ 5 տարի ժամկետով։ Ըստ փաստաթղթի՝ նրանց մանդատը ևս հինգ տարով կարող էր երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Այս տարվա ապրիլի 16-ին ադրբեջանցի մի շարք օգտատերեր սոցիալական ցանցերում Լեռնային Ղարաբաղից դեպի Գյանջա ուղևորվող ռուսական ռազմական շարասյունների տեսանյութեր հրապարակեցին։ Մեկ օր անց Կրեմլը հաստատեց՝ խաղաղապահների դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղից։ Ավելի ուշ Մոսկվան պարզաբեց՝ ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը, քանի որ տարածաշրջանում նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել։

«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբիդային պատերազմի գործիք է»

ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբիդային պատերազմի գործիք է, անդրադառնալով ԵՄ առաքելությանը՝ հայտարարել է Գալուզինը։

Որպես ապացույց նա ընդգծել է առաքելության գործունեության վերաբերյալ հաշվետվողականության բացակայությունը։

«Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղված է հակառուսական քարոզչությամբ, հասարակության մեջ կեղծ պատկերացումներ է սերմանում Եվրամիության նկատմամբ որպես Հայաստանի անվտանգության և բարգավաճման երաշխավորի։ Ավելին՝ ԵՄ գործունեությունը գնալով հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ է կրում», - հայտարարել է Գալուզինը։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարից։ Այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև 2024-ի սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։ Ապրիլի կեսերին Կանադան միացավ ՀՀ-ում ԵՄ առաքելությանը։ Բաքուն բազմիցս քննադատել է առաքելությունը՝ նաև նշելով, թե Կանադայի անդամակցումը դե ֆակտո այն դարձնում է ՆԱՏՕ-ի առաքելություն»:

Որպես Հարավային Կովկասի «բարգավաճման բանալի»՝ Գալուզինն այսօր շեշտել է «3+3» հարթակի կարևորությունը։

Տարածաշրջանում «3+3» հարթակի ստեղծման առաջարկը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներինն էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Էրդողանն ասել էր, թե Ալիևը Հայաստանին խաղաղություն է առաջարկել, և որ Հարավային Կովկասում մշտական խաղաղություն կարելի է հաստատել՝ գործարկելով «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան) մեխանիզմը։

Պաշտոնական Թբիլիսին դեռ այն ժամանակ հրաժարվեց մասնակցել հավաքներին Ռուսաստանի ներկայության պատճառով:

XS
SM
MD
LG