Մատչելիության հղումներ

Բաքուն երբեք անվերապահ աջակցություն չի ստացել Բրյուսելից և Վաշինգտոնից, ինչպես դա ստանում է Երևանը. Հաջիզադե


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն:

Պաշտոնական Բաքուն երբեք անվերապահ աջակցություն չի ստացել Բրյուսելից և Վաշինգտոնից, ինչպես դա ստանում է Երևանը: Այսօր այդօրինակ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:

«Հետաքրքիր է, որ Ադրբեջանը, լինելով շուրջ 30 տարի զինված ագրեսիայի, օկուպացիայի և էթնիկ զտումների զոհ, և նույնիսկ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերին, որոնք պահանջել են անհապաղ, ամբողջական և անվերապահ դուրս բերել հայկական զորքը, ԵՄ-ից և ԱՄՆ-ից երբեք նման անվերապահ աջակցություն չէր ստացել»,- նշել է Հաջիզադեն՝ ի պատասխան ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի մասին տեղեկության հրապարակմանը:

Խոսնակի փոխանցմամբ, Բաքվին մտահոգում է Բրյուսելում նախատեսված հանդիպումը, որի օրակարգում այդ թվում Երևանին ռազմական աջակցություն տրամադրելու հարցն է, ինչպես նաև «Հայաստանի ռազմականացմանն» ուղղված Փարիզի ծրագրերը, որը «ներառում է նաև նոր խոստումներ՝ ավելացնելու ռազմական մատակարարումները (ներառյալ մահաբեր և հարձակողական զենքերը»։

«ԵՄ անդամ մեկ այլ երկիր՝ Հունաստանը, վերջերս հայտարարել է Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու մասին։ Բացի այդ, քննարկվում է Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցներից ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Դա լրացուցիչ մտահոգություն է առաջացնում և խարխլում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացը»,- հայտարարել է Հաջիզադեն:

Նա դժգոհություն է հայտնել նաև եվրոպացի դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու կապակցությամբ, նշելով, որ դա արվել է առանց Ադրբեջանի համաձայնության։

«Առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք: Բացի այդ, Կանադայի անդամակցումը դե ֆակտո այն դարձնում է ՆԱՏՕ-ի առաքելություն: Դա ուղեկցվում է Ադրբեջանի կողմից հնարավոր միջամտությունը զսպելու կոչերով, որոնք բացարձակապես անհիմն են», - ասել է ադրբեջանցի դիվանագետը։

Հաջիզադեի խոսքով՝ ադրբեջանական կողմը բազմիցս է ԵՄ-ին կոչ արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները և ապահովել, որ դա լինի չեզոք, քաղաքացիական և անզեն առաքելություն, որը, համաձայն իր մանդատի, պետք է զերծ մնա Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և անվտանգության օրինական շահերի դեմ ուղղված որևէ գործողությունից:

Եվրոպացի դիտորդները Հայաստան ժամանեցին 2023-ի փետրվարից, այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։

Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG