Մատչելիության հղումներ

«Այս ամենը տեղի է ունենում «Բևեռ»-ի հրեշացման նպատակով». խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու ղեկավարների տները


Երևանի Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց ուժայինները բանակցում են զինված ներխուժման փորձ կատարած անձի հետ, 24-ը մարտի, 2024թ.
Երևանի Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց ուժայինները բանակցում են զինված ներխուժման փորձ կատարած անձի հետ, 24-ը մարտի, 2024թ.

Ավելի քան 40 հասցե. իրավապահներն այսօր վաղ առավոտից խուզարկում են ընդդիմադիր «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի (ԱԺԲ) ղեկավարների, համակիրների տներն ու գրասենյակները։ Քննչականը դեռ չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ իրեր, փաստաթղթեր են առգրավել և արդյո՞ք այս խուզարկություններին ձերբակալություններ կհետևեն։

Խուզարկություններն անցկացվում են անցած կիրակի ոստիկանության Նոր Նորքի բաժնում առերևույթ ահաբեկչության դրվագով հարուցված վարույթի շրջանակում։

«Բևեռ»-ի երեք համակիրներն էին զինված ներխուժման փորձ արել, նրանցից մեկը մուտքի մոտ նռնակ էր պայթեցրել: Երեք տղամարդիկ հիմա մեղադրվում են ահաբեկչության, հրազենի ապօրինի շրջանառության համար։

Առավոտյան խուզարկել են «Բևեռ»-ի առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Արա Պապյանի տները, Բայց նրանց հարցաքննության մինչ այս պահը չեն կանչել:

«Նենց ուժեղ էին հարվածում, ոնց որ ուզում էին դուռը ջարդել, երկու հոգի մասկով էին, մի քննիչ, ընդհանուր 8 հոգով էին», - ներկայացրեց Սեֆիլյանի որդին՝ Վահագն Սեֆիլյանը:

Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից Սեֆիլյանի որդին պատմեց՝ իրավապահները իրենց բնակարան առավոտյան 7-ին էին եկել։

«Քանդել են, ստուգել են ամեն ինչ, մտել պահարանները բացել են, մեզ չեն թողել մենք մոտենանք, նայենք ինչ են անում, իմ սենյակ են մտել, նայել են կոմպիս մեջ ամեն ինչ, սենյակներն են մտել, դարակները ջարդել, շատ չեն վնասել, բայց ավելի շատ խառնաշփոթ են արել», - ասաց Վահագն Սեֆիլյանը:

«Բևեռ»-ի կենտրոնական գրասենյակը ևս վաղ առավոտից խուզարկվում էր, այդ պատճառով ժամը 1-ին նախատեսված մամուլի ասուլիսն անցկացրեցին դրսում։ Արա Պապյանը պնդեց՝ իրենց համակիրները ստեղծված ծայրահեղ իրավիճակում են դիմել նման քայլի, իսկ իշխանություններն այս առիթն օգտագործում են «Բևեռ»-ին հրեշացնելու համար։

«Օգտագործելով այդ առիթը հրեշացնել «Ազգային ժողովրդավարական բևեռը», այստեղ հստակորեն այդ գիծը կա, այսօրվա խուզարկություններն էլ դրա հետ են կապված՝ փորձ անել անձերի կատարած գործողությունը և կառույցը՝ «Ազգային ժողովրդավարական բևեռը» իրար հետ կապել, փորձում են այս ձևով ներկայացնել», - ասաց Պապյանը:

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Բևեռ»-ի անդամները հայտարարում են՝ ճիշտ է, իրենց համակիրները օրենք են խախտել, բայց դա ապստամբություն էր. - «Հաշվի առնելով, որ երեքն էլ պատերազմի մասնակից են, առավել ևս Արթուր Մովսիսյանը զավակ է կորցրել, մյուսները նաև կոնտուզիա է ստացած են ու ակնկալել, որ իրենք, ինչպես շատերն են ասում, պիտի բոլոր քայլերն ու հետևանքները հաշվարկեն, նման բան չկա: Կրկնում եմ՝ եթե մենք ընդունում ենք, որ սա ապստամբություն է, ես ընդունում եմ, որ սա ապստամբություն է, այո, ապստամբության իրավունքն իրենք ունեն»:

Գարեգին Չուգասզյանն էլ, քննադատելով վարչապետ Փաշինյանի քաղաքականությունը հատկապես Տավուշից սկսվող հնարավոր սահմանազատման հարցում, պնդեց՝ իշխանությունները պարտվողականություն են քարոզում, իսկ ընդդիմացողներին լռեցնում են։ Հայաստանի իշխանությունները չեն բացառում Տավուշում հայկական վերահսկողության տակ գտնվող նախկին ադրբեջանաբնակ չորս գյուղերի վերադարձը Ադրբեջանին։

«Փոխանակ մեր ժողովրդի ոգին բարձրացնեն, ամեն ինչ արվում է պարտվողականություն քարոզելու, հանձնողականություն քարոզելու ու ոչ միայն դա, այն մարդիկ, ովքեր դրան դիմադրում են, մենք Տավուշում դրա ականատեսը եղանք, նրանց ձերբակալեցին», - նշեց Չուգազսյանը:

«Բևեռ»-ը «Սասնա ծռեր»-ի հիմքով ստեղծված կազմակերպություն է, որը 2016-ին Երևանում ոստիկանության գունդ էր գրավել, գործողության հետևանքով երեք ոստիկան զոհվեց: Այն ժամանակ էլ էին հայտարարում ապստամբության մասին՝ պնդելով՝ դեմ են դուրս եկել Արցախի հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը։

Օրերս, երբ կալանավորվեցին ոստիկանություն ներխուժելու փորձ կատարած «Բևեռ»-ի համակիրները, իրավապահները հայտարարեցին՝ տասնյակ խուզարկություններ են անցկացրել «Բևեռ»-ի համար գրասենյակ ծառայող տարածքում, ինչպես նաև մեղադրյալների և նրանց հարազատների բնակարաններում, հայտնաբերել են զինամթերք, սխեմաներ, պլաններ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG