Մատչելիության հղումներ

Ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել ոստիկանական բաժին ներխուժել փորձած 3 անձանց, երկուսը կալանավորվել են


Իրավապահները Նոր Նորքի ոստիկանական բաժնի մոտ, 24-ը մարտի, 2024թ.
Իրավապահները Նոր Նորքի ոստիկանական բաժնի մոտ, 24-ը մարտի, 2024թ.

Իրավապահները ծանր հոդվածներով մեղադրանք են առաջադրել կիրակի օրը Նոր Նորքի ոստիկանական բաժին զինված ներխուժման փորձ կատարած 3 տղամարդկանց։

Ահաբեկչության, հրազենի ապօրինի շրջանառության համար մեղադրվող Արթուր Մովսիսյանը, Ստեփան Հովակիմյանը և Վարդգես Գևորգյանը «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի աջակիցներ են։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 8-12 տարվա ազատազրկում։ Վերջին երկուսը նաև կալանավորվել են, իսկ Արթուր Մովսիսյանն այդ օրը վնասվածք ստանալու պատճառով այժմ գտնվում է բուժհաստատությունում։

«Բևեռում բոլորը, ես ինքս էլ մամուլից ենք իմացել և նաև հետագայում, որքան հասկացա, հրապարակումներից, նրանց խոսքերից, դա ճիչ է եղել, Ստեփանն էր իր խոսքում ասում, երբ կռված տղերքին բանտարկում են ու հողերը հանձնում են: Մոտավորապես միտքը սրա մասին է եղել», - ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Ընդդիմադիր Բևեռի համակիր, փաստաբան Պապիկյանը կարող է ստանձնել մեղադրյալների պաշտպանությունը։ Նա հերքում է Նիկոլ Փաշինյանի հեռացումը պահանջող Բևեռի մասնակցությունը տեղի ունեցածում, պնդում՝ համակիրները զայրացել են այդ օրը սահմանամերձ Տավուշ մեկնող մարդկանց ձերբակալությունների պատճառով։

Պապիկյանն ընդգծում է՝ Արթուր Մովսիսյանին լավ է ճանաչում, նա որդի է կորցրել 44-օրյա պատերազմի ժամանակ և զայրացել է Տավուշի հատվածում Ադրբեջանին տարածքներ փոխանցելու հեռանկարից։

«Ի՞նչ պիտի աներ Արթուր Մովսիսյանը: Ես չեմ ասում՝ սա պայքարի միակ ձևն էր, բայց երբ իշխանությունը, ռեժիմը անցել է ռեպրեսիաների, նույնիսկ այն մարդկանց, ովքեր ցանկանում են աջակցել գյուղացիներին ինքնապաշտպանության նպատակով, բանտարկում է կամ առնվազն ժամանակավոր է ձերբակալում, այլ տարբերակ չի թողնում», - նշեց փաստաբանը:

Մինչդեռ գործը քննող Քննչական կոմիտեն հաղորդում է, որ խուզարկել է Բևեռի համար գրասենյակ ծառայող տարածքը, ինչպես նաև մեղադրյալների և նրանց հարազատների բնակարանները, հայտնաբերել են զինամթերք, սխեմաներ, պլաններ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

«Մանրամասներ, բնականաբար, այս պահի դրությամբ չեմ կարող հայտնել, թե այդ խուզարկության ընթացքում հայտնաբերված իրերը, առարկաները, գրությունները, նշագրումները, նաև զենք-զինամթերքն իրենցից ինչ են ներկայացնում այն իմաստով, թե որքանով են, օրինակ, զենքերը օրինական կամ անօրինական, դրանք դեռ քննությամբ կպարզվեն», - ասաց ՔԿ խոսնակը:

Մինչ Քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանը չի մանրամասնում, թե առգրավված իրերը, այդ թվում՝ զենքն ու նռնակները ԱԺԲ-ի գործունության որ հասցեում են հայտնաբերել, Բևեռի փաստաբան Արայիկ Պապիկյանը հակադարձում է՝ խուզարկություններ «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ում չեն եղել, և իրենց հայտնի չեն, թե ՔԿ-ի տարածած լուսանկարում, մասնավորապես, այդ ինչ թուղթ է, որում ձեռքով գծված է Հանրապետության հրապարակը՝ հարակից փողոցներով։

«Դա թղթի կտոր էր, որը ծիծաղ առաջացրեց նաև սոցիալական ցանցերում հազարավոր օգտատերերի կողմից: Խայտառակություն էր դա որակել որպես սխեմա, ինչի՞ սխեմ, Հրապարակելը գրավելո՞ւ, դա էին ուզում ասե՞լ», - նշեց նա:

Ընդդիմադիր ԱԺԲ-ն արդեն 7 ամիս է իշխանությունների հեռացման պահանջով Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է անում։

«Ավելի վատ ռեպրեսիաների ճանապարհ է ընտրել, քան օրինակ՝ Սերժի ժամանակ, երբ նրանք էլ, երբ գնում էին Բերձոր որոշեցին, որ ճանապարհին ռեյդային ստուգումներ անեն: Այստեղ էլ Բևեռը հենց ուզում է միջոցառում անցկացնել, սկսում են ռեյդային ստուգումներ: Չի տարբերվում ռեժիմի ձեռագիրը», - նշեց փաստաբանը:

Բևեռը 2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» հիմքով է ձևավորվել։ Երեք ոստիկանի սպանությամբ ու պատանդառությամբ ուղեկցված գործողության ժամանակ հայտարարել էին՝ ապստամբություն են արել հանուն Արցախի, այժմ, սակայն, Պապիկյանի խոսքով, զենքով որևէ գործողություն չեն անի։

Արայիկ Պապիկյանը չգիտի՝ արդյո՞ք հարցաքննվել է «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։ Իրավապահները ևս չեն հստակեցնում՝ արդյո՞ք ավելի քան մեկ տասնյակ հարցաքննվածների մեջ նաև Սեֆիլյանը կա։

Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից Սեֆիլյանն առայժմ որևէ հրապարակային մեկնաբանություն չի արել կիրակի օրվա դեպքերի մասին։ 4 ամիս առաջ նա որպես վկա հարցաքննվել էր, ըստ ԱԱԾ-ի, կանխված և «Հյուսիսային տերևաթափ» անվանումը ունեցող ահաբեկչության գործի շրջանակներում։ Իրավապահները այս վերջին գործի մասին նոյեմբերից ի վեր նոր տեղեկություններ չեն հաղորդում, միայն նշում են, թե նախաքննությունը շարունակվում է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG