Մատչելիության հղումներ

«Մարտական Եղբայրություն»-ից պնդում են՝ Վերին Ոսկեպար գնալուց հետ չեն կանգնի


«Մարտական եղբայրության» հավաք-քննարկում, լուսանկարը՝ Ֆեյսբուքից
«Մարտական եղբայրության» հավաք-քննարկում, լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Դեպի Վերին Ոսկեպար ճանապարհ բռնած «Մարտական եղբայրության» ձերբակալված 49 անդամները, որոնց ոստիկանությունը երեկ բաժիններ էր տարել զենք-զինամթերք կրելու կասկածանքով, ազատ են արձակվել։ Ոստիկանությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ որևէ մեկի մոտ զենք չի հայտնաբերվել։

Կազմակերպության անդամներն այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում։

Ձերբակալվածներից մեկն էլ ՀԱԿ նախկին անդամ, «Մարտական Եղբայրություն» միաբանության ղեկավար, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանն է, ում կարծիքով՝ իշխանության նպատակը մեկն էր՝ թույլ չտալ Երևանից հասնել Տավուշ։ Մինչև ձերբակալությունները իրավապահները հորդորել էին ձեռնպահ մնալ մարտավարական պարապմունքների նպատակով Վերին Ոսկեպար մեկնելուց։

«Որևէ իրավական հիմնավորում չէր բերվել, բայց ասվել էր, որ, սենց ասած, չեք գնալու: Ասացի՝ շատ լավ, ես ձեզ հասկացա, ես էլ ասում եմ, որ մեր որոշումն է, մենք կգնանք, այնպես ենք արել, որ այն մարդիկ, որոնք անհրաժեշտ է հասնեն Ոսկեպար, որոնք կոնկրետ այդտեղ այդ պարապմունքներով զբաղվողներն են, իրենք հասել են Ոսկեպար, դա բարդ չէր կազմակերպել», - ասաց Տեր-Աբրահամյանը:

Օրերս Ոսկեպար ու Կիրանց գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր հատվածային սահմանազատման մասին։ Ըստ վարչապետի՝ գործընթացը կարող է սկսվել հենց Բաղանիսից Բերքաբեր հատվածում, դրանց մեջտեղում Ոսկեպարն ու Կիրանցն են։

«Մարտական եղբայրություն»-ում պնդում են՝ նոր զիջումների պատրաստվող իշխանությունները փորձում են հիմա էլ հեռացնել բոլոր նրանց, ովքեր կանգնում են իրենց ճանապարհին։ Տեր-Աբրահամյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված կազմակերպությունը, սակայն, առաջին, անգամ չէր մարտավարական պարապմունքների գնում Տավուշ։ Ասում է՝ 1 տարի է արդեն հստակ պայմանավորվածություն ունեն տեղի իշխանությունների հետ։

«Համայնքապետարանի հետ հուշագիր կա ստորագրած դեռ անցյալ տարի, այդ Բաղանիս և Ոսկեպար համայնքներում է հիմնականում եղել, մարտական պարապմունքներ են անցկացվել, տակտիկական, որովհետև մարտական որ ասում ես, մարդիկ մենակ կրակոցն են պատկերացնում: Չէ, տակտիկական պարապմունքներ, որոնք նույնիսկ ավելի կարևոր են: Որ մենք առաջին անգամ գնացինք ու էդ մարդկանց հետ ծանոթացանք, խոսեցինք, խնդիրն էսպես էր, իրենք մեր առաջ պայման կարելի է ասել դրել են, որ եթե դուք գալիս եք, այս ամեն ինչը անում եք, լինի ինչ-որ ճգնաժամային իրավիճակ, դուք գնալո՞ւ եք Երևան, մեզ թողնելո՞ւ եք մենակ, թե՞ մեզ հետ եք լինելու, որովհետև դրանից է կախված մեր մասնակցությունը՝ կմասնակցենք, թե՝ չէ, մենք ասել ենք՝ իհարկե, ձեր կողքին կլինենք, որպես Հայաստանի քաղաքացիներ, եթե որոշեք՝ ինչ-որ պայքար եք մղելու կամ ինչ-որ հարցեր եք բարձրացնելու», - նշեց միաբանության ղեկավարը:

Հնչող կարծիքներին, որ գուցե առանձին կազմակերպությունների մարտավարական պարապմունքները կարող են որպես սադրանք ընկալվել Ադրբեջանի կողմից, «Մարտական Եղբայրություն» միաբանության ղեկավարը հակադարձում է. - «Դա աբսուրդ է, Հրանտի Ոսկեպար գնալուց Ադրբեջանը կռիվ չի սկսելու: Ադրբեջանն ու Ռուսաստանը սպասում են հարմար միջազգային իրավիճակի ոչ թե Ոսկեպարի ուղղությամբ, այլ որևէ ուղղությամբ: Էն կռիվը, որ իրենք չեն էլ ավարտել Հայաստանի դեմ, էս էլ է շատ կարևոր, անընդհատ ասում են՝ պատերազմ կսկսվի, ոչ մի վայրկյան Հայաստանի դեմ պատերազմը չի ավարտվել՝ ոչ քարոզչական, ոչ տեղեկատվական, ոչ էլ ռազմական»:

Երեկվա զանգվածային ձերբակալություններին անդարձել էր իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որ ֆեյսբուքյան էջում գրել էր, թե հասկանալի չէ տեղի ունեցածի տրամաբանությունը և նպատակը՝ պարզաբանում ակնկալելով ոստիկանությունից։

«Կարծում եմ, կարիք չկա իրավիճակը ավելի լարել, որևէ բան չի խանգարում, որ հասարակական կազմակերպությունը իրագործի իր կանոնադրական նպատակներից բխող գործունեությունը՝ ոստիկանության գործընկերների աչալուրջ հսկողությամբ», - գրել էր պատգամավորն՝ ընդգծելով՝ ցանկացած գործողություն, առավելևս, երբ խոսքը գաղափարական միավորումների մասին է, որոնց անդամները տիրապետում են զենքին, չի կարող լինել սպոնտան, այլ պետք է լինի հստակ կանոնակարգված, պետության վերահսկողության ներքո:

«Մարտական Եղբայրություն» կազմակերպությունից պնդում են՝ Վերին Ոսկեպար գնալուց հետ չեն կանգնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG