Մատչելիության հղումներ

Ոստիկանության բաժին ներխուժել փորձած անձինք Ազգային ժողովրդավարական բևեռի աջակիցներ են


Նոր Նորքի ոստիկանության բաժին զինված ներխուժման փորձ կատարած երեք անձինք Ազգային ժողովրդավարական բևեռի աջակիցներ են, տեղեկությունը հենց ԱԺԲ-ից են հաստատում։ Իրավապահները դեռ միայն նրանց անվան սկզբնատառերն են հրապարակել։

Նրանցից մեկը` Ստեփան Հովակիմյանը, որին ուժայինները ամենավերջում վնասազերծեցին, իրեն «սասնա ծուռ» է ներկայացնում։

34-ամյա Հովակիմյանը նռնակներով զինված ոստիկանության բաժին գնալուց անմիջապես առաջ Ֆեյսբուքում լայվ էր մտել։ Սահմանային Ոսկեպարում ԱԺԲ-ի վեց աջակիցների ձերբակալության լուրից հետո տղամարդն իր վրդովմունքն էր հայտնել, մեկ ամիս առաջ էլ ուղիղ հայտարարել էր՝ ապստամբելու է իշխանությունների դեմ։

Հովակիմյանը Ֆեյսբուքում շատ ակտիվ է, հաճախ է ընդդիմադիր գրառումներ անում։ Լուսանկարներում էլ գրեթե միշտ զինվորական համազգեստով է։

Զինված մյուս տղամարդիկ՝ 51-ամյա Վարդգես Գևորգյանն ու 55-ամյա Արթուր Մովսիսյանն են, վերջինս նույնպես Ֆեյսբուքում ընդվզելու կոչեր է արել։

Ինչի՞ համար էին նռնակներով զինված տղամարդիկ փորձում ոստիկանության բաժին մտնել։ Զգացմունքային պոռթկում էր, կատարվածը այսպես մեկնաբանեց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Հերմինե Մկրտչյանը։

«Տեղի ունեցած դեպքի մասին մենք տեղեկացել ենք մամուլից։ Իմ կարծիքով՝ սա հետևաբար պոռթկում էր, ես սա զգացմունքային հողի վրա տեղի ունեցած դեպք եմ համարում, որը շատ հապճեպ է տեղի ունեցել։ Այլ մանրամասներ մեզ հայտնի չեն, ուստի չենք կարող որևէ այլ եզրահանգումներ անել», - ասաց նա։

Կիրակի իրադարձություններն արագ զարգացան։ Ըստ իրավապահների՝ երեք հոգանոց խումբը նռնակներով ոստիկանության բաժին է եկել՝ սպառնալով պայթեցնել դրանք։ Արթուր Մովսիսյանն է նռնակը նետել, այն պայթել է մուտքի դռան դիմաց։

Պայթյունից հենց իրենք՝ խմբի երկու անդամներն են վիրավորվել՝ Մովսիսյանն ու Գևորգյանը։ Նրանց բեկորային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել։ Հովակիմյանը նռնակները ձեռքին շարունակել էր սպառնալ։ Տարածք մեծաթիվ ուժեր եկան։ Որոշ ժամանակ անց վնասազերծեցին տղամարդուն՝ հրազեն չկիրառելով։ Նրան տեղում ձերբակալեցին։

Ահաբեկչության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Խմբի անդամների նկատմամբ առայժմ մեղադրանք չի առաջադրվել, Մովսիսյանն ու Գևորգյանը դեռ հիվանդանոցում են։

Իրավապահները հիմա լայնածավալ խուզարկություններ են իրականացնում։ ԱԺԲ-ից հայտնում են՝ իրենց աջակիցների բնակարաններ են մտել։

Բևեռն ավելի քան կես տարի է՝ իշխանությունների հեռացման պահանջով Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է իրականացնում։ Հենց այնտեղից պարբերաբար ուղիղ եթերներ են կազմակերպում, հարցազրույցներ անում։ Տավուշի հատվածում հնարավոր սահմանազատման մասին խոսելիս ԱԺԲ-ն դիմադրության կոչ է անում։

2016-ին էլ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԱԺԲ-ի հիմքը դարձած «Սասնա ծռեր» խումբը ոստիկանության ՊՊԾ գունդն էր գրավել ու պատանդ վերցրել այնտեղ գտնվող անձանց, երեք ոստիկան էր մահացել։

XS
SM
MD
LG