Մատչելիության հղումներ

ՀՀ-ում բացի Հայաստանի կառավարությունից որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյան


Հայաստանի Հանրապետությունում բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։

Փաշինյանը մանրամասնեց՝ նրանք կամա թե ակամա հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։

«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում», - հայտարարեց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ անհրաժեշտության դեպքում պետք է արվեն, ձեռնարկվեն համապատասխան քայլեր, միջոցներ որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։

«Եթե որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա ՀՀ-ի սազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ երկրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են», - ասաց Փաշինյանը։

Հայաստանի գործադիրի ղեկավարի խոսքերը հետևել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Le Figaro-ին տված հարցազրույցին։

Շահրամանյանը, պատասխանելով հարցին, թե «Արցախն այլևս տարածք չունի, բայց ձևականորեն դեռ կա՞ վտարանդի պետություն և կառավարություն», ասել է․ - «Այո՛, Երևանում, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ, Արցախի նախագահական, դատական և օրենսդիր մարմինների գրասենյակներն են։ Խորհրդարանականները քվեարկությունների համար կարող են հավաքվել այստեղ: Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, որի համաձայն, կառավարության բոլոր նախարարները կամավոր հիմունքներով մնում են իրենց պաշտոններում»։

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով մի քանի անգամ հայտարարել են, որ Ղարաբաղի լուծարումից հետո Արցախի պետական կառույցների գործունեությունը ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։

XS
SM
MD
LG