Մատչելիության հղումներ

«Խորը անորոշությունը պետական ոչ մի աջակցությամբ չի թեթևանում»


Ստեփանակերտում առաջին ձյունն է՝ առատ, խոշոր փաթիլներով։ Տեսանյութն այնտեղ մնացած մի քանի հայերից մեկն էր տեղադրել սոցցանցում։

«Օրը բացվում է, առաջինն իր էջն եմ մտնում», - «Ազատության»-ը պատմում է Արցախից տեղահանված Լիաննա Ոսկանյանը։

Նա Արարատի մարզի Բյուրավան գյուղում է ապրում՝ իր վեց երեխաների հետ։ Բյուրավանում ձյուն չկա, բայց տեղահանված ընտանիքի համար այստեղ անընդհատ ցուրտ է։

«Ցերեկը մենակ էս մեծ սենյակն ենք տաքացնում, բայց չի տաքանում», - ասաց Լիաննան։

Մեկ ամիս մրսելուց հետո 101 հազար դրամ հոսանքի գումար է եկել։

Պետությունը տեղահանվածներին ամեն անձի հաշվով 40+10 հազար դրամ է տալիս՝ տան վարձի ու կոմունալ վճարների համար։ Լիաննայի ընտանիք մտնում է 350 հազար դրամ․ - «Եթե վարձը սկսեմ ես տալ, ինձ ոչինչ չի մնալու»։

Մեծ հաջողություն է այն, որ մի բարերար ստանձնել է տան վարձի գումարը՝ մի քանի ամսով, վարձը 200 հազար դրամ է։ Եթե այդ աջակցությունը չլիներ, ինչ պիտի անեին, Լիաննան չգիտի։ Նրա 6 երեխաներից ամենափոքրը 11 ամսական է, բայց Լիաննան պատրաստ է աշխատել։

Ստեփանակերտի թատրոնում դերասանուհի էր Լիանա Ոսկանյանը, վերջին դերը մանկական ներկայացման մեջ էր։

Հետո Արցախի պաշարումն էր, սովը։ Լիանան դիմահարդարում սովորեց, մատնահարդարում, հետո լավաշի փռում էր աշխատում՝ փորձում ամեն ինչ՝ երեխաներին կերակրելու համար։ Հիմա, ասում է, սով չկա, սակայն այնքան խորն է անորոշությունը, որ չի թեթևանում պետական ոչ մի աջակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG