Մատչելիության հղումներ

Շուրջ հազար արցախցի դեռ չի օգտվել աջակցության ծրագրերից


Արցախցիները ժամանում են Հայաստան, սեպտեմբեր, 2023թ.
Արցախցիները ժամանում են Հայաստան, սեպտեմբեր, 2023թ.

Արցախից տեղահանված շուրջ 112 հազար մարդ ստացել է 100-հազարական դրամները, պետբյուջեից շուրջ 29 միլիարդ դրամ է ծախսվել աջակցության երեք ծրագրերի ուղղությամբ, այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ընդգծելով՝ ևս 1.5 միլիարդն էլ դոնոր կազմակերպություններն են հատկացրել: Այս գումարն, ըստ նախարարի, դեռ կավելանա, որովհետև շուրջ հազար արցախցի դեռ չի օգտվել աջակցության ծրագրերից։

«Ցավոք սրտի, նախկինում չեն եղել լավ մշակված թվային տվյալներ, որը մեզ հնարավորություն կտա շատ ավելի ճկուն և շատ արագ որոշումներ կայացնել, և մենք հընթացս նաև մշակել ենք համակարգեր», - ասաց նախարարը:

Էլինա Բաղրյանն արդեն չգիտի՝ էլ որտե՞ղ դիմում գրի, էլ ինչպե՞ս ապացուցի, որ 2023-ի սեպտեմբերի տեղահանումից առաջ ապրել են Ստեփանակերտում, դրանից առաջ՝ Շուշիում: Ամուսինն աշխատել է Պաշտպանության բանակում, ինքն էլ որպես հղի Ստեփանակերտի ծննդատանն է հաշվառված եղել: Այս ամենը հաստատող տեղեկանք ունեն անգամ Ստեփանակերտի քաղաքապետից, բայց աջակցության ծրագրերից օգտվելու հայտերը մերժվել են: Արարատի մարզում վարձով են ապրում, ընտանիքի ծախսերը շուտով կավելանան՝ մի քանի օրից երկրորդ բալիկը կծնվի:

«Մենք 2020 թվականին առաջին անգամ տարհանվել ենք Շուշիից, ապրել ենք այստեղ, այնուհետև վերադարձել ենք Արցախ: Սակայն վերադառնալուց հետո Արցախի օպերատիվ շտաբից մեր տվյալները չեն հանվել: Այնտեղ ստանում էինք բնակվարձեր՝ որպես փոխհատուցում 2020 թվականի տարհանված, այդ ամենը՝ փաստաթղթերով: Ստեփանակերտից դուրս ենք եկել 2023 թվականի սեպտեմբերի 28-ին: Խնդիր է առաջացել, ըստ օպերատիվ շտաբի, որ այդ գումարները չենք կարողացել ստանալ: Դիմել ենք միգրացիոն նախարարություն, սոցապ նախարարություն, այնտեղ պատասխան չենք ստացել», - «Ազատությանը» պատմեց Էլինա Բաղրյանը:

Արցախի օպերատիվ շտաբի տվյալները հաճախ չեն համընկնում Հայաստանի պետական մարմինների տվյալներին, արձագանքում է նախարարը։ Ըստ պաշտոնյայի՝ Արցախից տեղահանվածներ են եղել, որ ժամանակին Հայաստանում գրանցված են եղել, բայց չեն իմացել, նաև նրանք են դուրս մնացել ծրագրից, որովհետև աջակցությունից օգտվելու պայմաններից մեկը նաև Հայաստանում գրանցում ու անշարժ գույք չունենալն է: Այդուհանդերձ, վստահեցրեց՝ մինչև փետրվար, ծրագրից դուրս մնացած շուրջ հազար քաղաքացու տվյալների կրկնակի ստուգումները կավարտեն:

«Անհատական դեպքերով վարչարարությամբ լուծելու ենք այդ խնդիրը, ու այդ խնդրի լուծման որոշումը նաև վերաբերելու է կոնկրետ Արցախի օպերատիվ շտաբի տեղեկատվական այդ բազաներին: Եվ եթե ապացուցվեն այդ փաստերը, համոզիչ ներկայացվեն, կգնա վճարման», - ասաց Մկրտչյանը:

Օրենքում փոփոխություն է արվել, ու կենսաթոշակ և նպաստ ստացող տեղահանված արցախցիներն, ըստ նախարարի, դրանք կշարունակեն Հայաստանում ստանալ, մի մասն արդեն ստացել է: Եթե կրկին տվյալների համընկնման խնդիր չառաջանա, ծրագիրը կշարունակվի: Մկրտչյանն ասաց, որ շուրջ 6 հազար արցախցի Հայաստանում արդեն աշխատանք է գտել:

«Եթե անընդհատ մենք սոցիալական աջակցության կախվածության մեջ պահենք, աշխատելու մոտիվացիան վստահաբար կընկնի մարդկանց մոտ: Տեղահանումից երեք-չորս օր հետո մենք ունեցել ենք բազմաթիվ դիմումներ միասնական սոցիալական ծառայություն՝ աշխատանքի տեղավորման մասով: Մոտ 6 հազար մարդ արդեն ունի աշխատանք, որից ավելի քան 600-ը ուղիղ միասնական սոցիալական ծառայության աշխատանքի արդյունքում է տեղավորվել և մի քանի հազարն էլ խորհրդատվություն է ստացել», - նշեց նախարարը:

2020-ի պատերազմից հետո Արցախից Հայաստան տեղափոխված և ունեցվածքն այնտեղ թողած քաղաքացիները Կառավարության վերջին երեք ծրագրերից չեն օգտվում: Նախարարն ասում է՝ ժամանակին նրանք այլ ծրագրերից են օգտվել, ու Արցախի իշխանությունների հետ քննարկելով են դադարեցրել դրանք, այդ ծառայություններն արդեն Արցախի կառավարությունն է շարունակել: Հիմա աջակցության երկարաժամկետ ծրագրեր են մշակում, որտեղ նաև նրանց մասին դրույթներ կլինեն։

XS
SM
MD
LG