Ռուսական զորքերը 12 հրթիռային հարվածներ են հասցրել Զապորոժիեի ուղղությամբ, այսօր վաղ առավոտյան հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
Ֆեդորովի խոսքով՝ հարվածներ են հասցվել ենթակառուցվածքային օբյեկտների, քաղաքացիական տներ են վնասվել։
Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևն իր հերթին հայտնել է, որ հարվածների հետևանքվ տուժածներ կան, թիվը ճշտվում է։
«Ռուսները մեկ ժամից ավելի է հարվածում են Զապորոժիեին։ Նախնական տվյալներով՝ ավերվել է երկու առանձնատուն։ Վնասվել է ևս յոթ տուն։ Ցավոք, կան տուժածներ։ Նրանց վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են»,- գրել է նա։
Միևնույն ժամանակ, Energoatom-ը հայտնել է, որ Զապորոժիեի ատոմակայանը գտնվում է «անջատման եզրին»։
Նրա խոսքով՝ «առավոտյան 5:10-ին Ուկրաինայի վրա լայնածավալ հրթիռային հարձակման հետևանքով անջատվել է հոսանքի հիմնական՝ «Դնեպրովսկայա» արտաքին օդային գիծը, որը ժամանակավորապես օկուպացված Զապորոժիեի ատոմակայանը կապում է Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգի հետ»։
Ուկրաինայի ամբողջ տարածքում հայտարարված է օդային տագնապ։
Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում և ունի վեց ռեակտոր: Ատոմակայանը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են։
Երեկ էլ Ուկրաինական կողմը հաղորդել էր Կիևի ուղղությամբ հարձակումների մասին, «Կիևի մարզում հակառակորդի բոլոր հրթիռները խոցվել են, սակայն հրթիռների բեկորները վնասել են քաղաքացիական օբյեկտներ, կան զոհեր»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր որ հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի «որոշումների կայացման կենտրոններին»։