Մատչելիության հղումներ

Աբդոլլահիան. Իսրայելը Գազայում չի հասել իր նպատակներից և ոչ մեկին


Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, արխիվ

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններով չի հասել իր նպատակներից և ոչ մեկին: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Սիոնիստական ռեժիմը չկարողացավ հասնել նպատակներից որևէ մեկին, Իսրայելի պատմական պարտության նշաններն ակնհայտ են դարձել», - գրել է նախարարը Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում: Նրա պնդմամբ՝ «Իսրայելը շարունակում է հանցագործություններ կատարել մարդկության դեմ և ցեղասպանության ենթարկել ճնշված պաղեստինցի ժողովրդին այն ժամանակ, երբ պատասխանատու միջազգային կառույցները՝ ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, չեն կարողանում արդյունավետ և կանխարգելիչ միջոցներով վերջ տալ այդ ցեղասպանությանը»:

Իրանական դիվանագիտության ղեկավարը նաև ասել է, թե «բարձր է գնահատում «Համաս» պաղեստինյան արմատական շարժման, Լիբանանում շիաների «Հեզբոլլահ»-ի և «Պաղեստինյան իսլամական ջիհադ» խմբավորման պայքարը մինչև ատամները զինված և ԱՄՆ-ի անսասան աջակցությունը վայելող Իսրայելի դեմ»: Արևմուտքում նշված կառույցներն ահաբեկչական են համարվում:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից հարձակվել են հրեական բնակավայրերի վրա, ինչի հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250-ը պատանդառվել է: Իսրայելի պատասխան գործողություններից հետևանքով Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 31 հազար մարդ, ավելի քան 72 հազարը վիրավորվել է:

Արաբական և մահմեդական աշխարհը «Պաղեստինի ժողովրդի ցեղասպանություն» է անվանում Իսրայելի գործողությունները Գազայում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցած տարվա հոկտեմբերին ասել է, որ իսրայելական բանակի նպատակը պատանդների ազատումն է և «Համաս»-ի ամբողջական ոչնչացումը:

Արևմուտքում մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի գործողությունները:

XS
SM
MD
LG