Մատչելիության հղումներ

Փաշինյանը նշեց՝ որ դեպքում կլուծվեն ՀԱՊԿ-ի հետ խնդիրները, հակառակ պարագայում «ՀՀ-ն դուրս կգա»


ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում, Մինսկ, Բելառուս, 20-ը հունիսի, 2023թ.
ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում, Մինսկ, Բելառուս, 20-ը հունիսի, 2023թ.

Հայաստանում ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին. եթե այս հարցի պատասխանն այժմ էլ հնչի և համապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, կնշանակի՝ ռազմական դաշինքի հետ խնդիրները լուծված են, սեղանից վերցնելով և ցույց տալով Հայաստանի մակետը ՝ հայտարարեց վարչապետը: Հակառակ դեպքում դարձյալ զգուշացրեց. - «Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Երբ՝ չեմ կարող ասել»։

Հարցն այժմ էլ սեղանին է, հայտնեց Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց՝ ՀԱՊԿ-ի հետ բոլոր խնդիրներն առաջացել են հենց այդ հարցի պատասխանը չստանալու հետևանքով: Ընդ որում՝ վարչապետն ասաց, թե նախկինում ստացել են տարընթերցման որևէ տեղ չտվող դիրքորոշում, որ Հայաստանի տարածքը կարմիր գիծ է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի համար:

Իսկ 2021-ից հետո, երբ այդ կարմիր գիծը խախտվել է ադրբեջանական ներխուժման ժամանակ, ո՛չ Ռուսաստանից, ո՛չ ՀԱՊԿ-ից քայլեր չեն հետևել: Փաշինյանը շեշտեց՝ հենց այս իրավիճակի պատճառով է հայկական կողմը փաստացի սառեցրել անդամակցությունը կառույցին։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից. հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն կառավարության ղեկավարը նախընտրեց բացատրել, թե ինչ նկատի ունի սառեցնել ասելով:

«Դա նշանակում է՝ մենք նիստերին չենք մասնակցում, մենք, ասել եմ, ներկայացուցիչ չունենք, դա դե յուրե որոշո՞ւմ է, թե՞ դե յուրե որոշում չէ։ Օրինակ՝ հարց չի՞ ծագում, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունի, էս ինչու ՀՀ-ն չի օգտագործում իր քվոտան ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու, էս ինչու ՀՀ-ն կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ», - ասաց նա։

ՀՀ-ն՝ այս իշխանությունների ձեռամբ, վաղուց սուբյեկտից վերածվել է օբյեկտի. Տիգրան Աբրահամյան

Մինչ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, իսկ վարչապետն անգամ ասում է՝ եթե խնդիրները կարգավորվեն, Երևանն, ըստ էության, կազմակերպությունից դուրս չի գա, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի փոխնախարարը նախօրեին հայտարարել էր, թե ընդունում են ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք և աշխատելու են եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, երբ Հայաստանում ՀԱՊԿ-ը դե յուրե լքելու որոշում դեռ չունեն:

«Այստեղ մեզ համար խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ այս իշխանությունների ձեռամբ, վաղուց սուբյեկտից վերածվել է օբյեկտի, և փաստացի մեր միջոցով և Հայաստանի Հանրապետության տարածքում փաստորեն անընդհատ խորը դիմակայություն է, որոնք տարբեր փուլերում նաև ուղիղ բախումների ձևով են արտահայտվում», - կարծում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Լոնդոնին երեկ Մոսկվայից են արձագանքել: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ: Իշխող ուժում այդ դիրքորոշումը չեն կիսում: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը մի կողմից՝ ողջունում է Լոնդոնի հայտարարությունը, մյուս կողմից՝ բաց չի ասում՝ ի՞նչ սպառնալիքներ կան Մոսկվայից:

Իշխող ուժի արձագանքը

«Ցանկացած միջազգային գործընկեր, ով Հայաստանի Հանրապետության անվտանգության բարձրացմանը միտված որևէ քայլ, որևէ հայտարարություն, որևէ գործողություն կիրականացնի, մենք դա գոհունակությամբ և շատ լավ կընկալենք և կընդունենք», - ասաց իշխող ՔՊ-ից Վաղարշակ Հակոբյանը։

Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին Միացյալ Թագավորության պաշտոնյայի հայտարարությունը երկու հնարավոր իրավիճակի մասին է՝ կա՛մ միջազգային գլխավոր դերակատարները իրենց ձևակերպումներով Երևանին մղում են ավելի ակտիվ գործողությունների, կա՛մ կուլիսներում, այդուհանդերձ, կա գործընթաց, որը հասել է որոշակի կետի, և որից հանրությունը տեղյակ չէ:

«Որքան էլ հայաստանյան իշխանությունները ցույց են տալիս, որ դեռևս չունեն վերջնական որոշում, բայց իրենց վերջնական որոշման մասին որ միայն քննարկում են, այլ փորձում են որոշակիորեն ծածկել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ իրենց որոշման հետևանքով, և հենց դրանով էր պայմանավորված, որ հայտարարություններ, որոնք չեն հնչում Հայաստանի իշխանությունների շուրթերից, հնչում են այն երկրների տարբեր պաշտոնյաների կողմից, որոնք կա՛մ քննարկումներին մասնակցում են կուլիսներում, կա՛մ նվազագույնը՝ տեղեկացված են այդ գործընթացներից», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։


Վարչապետն ու թիմակիցները վստահեցնում են, որ գնում են Հայաստանի անվտանգությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Տիգրան Աբրահամյանը հակադարձում է՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է մի ճանապարհով, որտեղ նոր սպառնալիքներ են նշմարվում։

XS
SM
MD
LG