Մատչելիության հղումներ

Ի՞նչ է քննարկում իշխանությունը փակ դռների հետևում անցկացված հանդիպումներում


Վերջին տասն օրում վարչապետ Փաշինյանն ու իր թիմը փակ դռների հետևում մի քանի հանդիպում են անցկացրել, սակայն ժամեր տևած քննարկումներից հանրությանը գրեթե ոչինչ հայտնի չէ: Իշխանական պատգամավորները օրակարգից հրաժարվում են խոսել ինչպես հանդիպումներից առաջ, այնպես էլ դրանցից հետո:

«Մենք երբեք չենք ասում՝ ինչ ենք քննարկում փակ հանդիպմանը», - նշեց պատգամավոր Արփի Դավոյանը։

Ոչինչ չեն ասում, բայց նիստերից անմիջապես հետո լուսանկարներ և կարճ հաղորդագրություն տարածում են շատ ընդհանրական ձևակերպմամբ, ինչպիսին օրինակ՝ երկվանն էր, թե վարչապետը, կառավարության անդամներն ու իշխանական պատգամավորները քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացմանը հարցերը:

Դրանից մեկ օր առաջ էլ տնտեսական անվտանգության թեման կրկին փակ ձևաչափով իշխանական խմբակցությունը քննարկել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Երկու դեպքում էլ հաղորդագրություններում մանրամասներ չեն նշվում:

Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն, օրինակ երեկվա հանդիպումից առաջ վստահեցնում էր, թե օրակարգից անտեղյակ է, ավարտին էլ առաջարկեց հարցեր ուղղել միայն իր ոլորտից, իսկ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն, ասաց, իր ոլորտը չեն. - «Ես վարչության անդամ եմ, կառավարության անդամ եմ, շատ հարցերից տեղյակ եմ, իմ կարծիքն ունեմ, բայց... իմ ոլորտից հարց կտա՞ք»։

Այսպես՝ առանց մանրամասներ հայնտնելու գրեթե չորս ժամ խորհրդարանում փոխվարչապետերը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, արտգործնախարարը, ֆինանսների նախարարը և կառավարական կաբինետի մյուս անդամները փակ ձևաչափով քննարկեցին այն, ինչ վերջին օրերին հարցեր է առաջացնում նաև հանրության շրջանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը, եթե հայ-ռուսական օրեցօր լարվող հարաբերությունների ֆոնին Վերին Լարսի փակման տեղեկություններն իրականություն դառնան: Այստեղ էլ իշխանականները հստակ պատասխան չունեն:

«Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ ունի իր շուկան դիվերսիֆիկացնելու խնդիր», - ասաց Վաղարշակ Հակոբյանը։

Այս պահին ունենք բավականին մեծ կախվածություն Ռուսաստանից տարբեր ուղղություններով. ֆիննախ

Մինչ ՔՊ-ականները լուռ են, մամուլն է գրում, թե փակ հանդիպումներում ԵՄ անդամության թեկնածու դառնալու հեռանկարն է Փաշինյանը վերջին օրերին թիմի հետ ակտիվ քննարկում: Արդյոք հարցն իշխանության օրակարգո՞ւմ է, և առաջիկայում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ հանդես կգա՝ թե պատգամավորները, թե կառավարության անդամները հստակ ոչինչ չեն ասում: Իսկ ֆինանսների ՔՊ-ական նախարարը հիշեցնում է Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից:

«Այս պահին մենք ունենք բավականին մեծ կախվածություն Ռուսաստանի Դաշնությունից տարբեր ուղղություններով թե արտահանման, թե ներմուծման, թե էներգետիկ և այլ հարցերով, և կարծում եմ, որ ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից՝ որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել, որպեսզի մեր սուվերենությունը նաև դրանով բարձրացնենք», - ասաց Վահե Հովհաննիսյանը։

Հարցին՝ ռիսկային կլինի կառույցը լքելու որոշումը Հայաստանի տնտեսության համար, նախարարը կարճ արձագանքեց՝ կարծում եմ՝ այո։

Եթե իշխանությունը շարունակի նույն քաղաքականությունը, Ռուսաստանից արձագանքները չեն ուշանա. Արթուր Խաչատրյան

Տնտեսությունն ու անվտանգությունը դիվերսիֆիկացնելու հավաստիացումներ հնչում են, բայց գործնականում տեղի է ունենում ճիշտ հակառակը, պնդում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Դա իրականության հետ որևէ աղերս չունի, ընդհակառակը՝ կախվածությունը շատ ավելի խորացել է, նաև արտահանումներն են Ռուսաստանից գալիս, ոչ թե Ռուսաստան է գնում Հայաստանից միայն, այլ նաև Ռուսաստանից ենք մենք շատ ապրանք ստանում և երրորդ երկրներ վերարտահանում», - ասաց «Հայաստան» խմբակցության անդամը։

Իսկ եթե իշխանությունը շարունակի նույն քաղաքականությունը, ըստ պատգամավորի, ԵԱՏՄ-ից և հատկապես Ռուսաստանից արձագանքները չեն ուշանա: Բացի այդ, Արթուր Խաչատրյանը հիշեցնում է՝ չի կարող Հայաստանը խոսել ԵՄ-ի մասին, բայց մնալ ԵԱՏՄ անդամ։

«Երկու ուղղություններում լինել հնարավոր չէ ճիշտ այնպես, ինչպես հնարավոր չի լինել և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ՆԱՏՕ-ում, համեմատությունները շատ խիստ են, տարբերությունը ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև, բայցևայնպես, երկու վերազգային տնտեսա-քաղաքական կազմակերպություն միանշանակ հնարավոր չի լինում», - շեշտեց նա։

ՀԱՊԿ-ը կամ ԵԱՏՄ-ն լքելու մտադրությունից իշխանությունը գոնե հրապարակային դեռ չի խոսում, միևնույն ժամանակ Ազգային ժողովի նախագահն օրերս ասել էր, թե պետք է մտածել ԵՄ-ին անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին:

Այս ամենի ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարն էր հայտարարել՝ «ժամանակն է, որ հայկական կողմը վերջապես կողմնորոշվի», ապա տևական դադարից հետո նախաձեռնել է հեռախոսազրույց արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որից մանրամասներ հայտնի չեն:

XS
SM
MD
LG