Մատչելիության հղումներ

ՀՀ-ն ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն հայ սահմանապահներ մնան


Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները, խորհրդարանում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ սա Երևանի հստակ դիրքորոշումն է:

«Հայաստանի ծառայությունները՝ սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն։ Հայաստանը անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, և այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար», - ասաց ԱԽ քարտուղարը։

«Զվարթնոց»-ից ռուսներին հանելու մասին քննարկումներին նախորդեց Ներքին Հանդի արյունալի միջադեպը, որի հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունեցավ: Իշխանության ներկայացուցիչները սկսեցին բացահայտ կասկածի տակ դնել ավելի քան երեք տասնամյակ Հայաստանի սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների արդյունավետությունը: Օդանավակայանից ռուսներին հանելն ավելի վաղ ճիշտ էր համարել խորհրդարանի խոսնակը՝ մտավախություն հայտնելով, թե մի օր էլ հայերին դուրս կհանեն այնտեղից, ինչպես արցախցիներին՝ Արցախից: Թե ինչ ժամկետներում է Երևանը ակնկալում, որ ռուսները դուրս գան, Արմեն Գրիգորյանը չհստակեցրեց:

Կրեմլի խոսնակը, մինչդեռ, այսօր ասել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հարցումներ չեն եղել։

Անհրաժեշտություն կա, որ Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, հստակեցնի իր դիրքորոշումները Հայաստանի հանդեպ. ԱԽ քարտուղար

Մոսկվայից ակնկալում են հայկական կողմի հետ քննարկել ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակը: ՌԴ արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ մտահոգությունները փարատելու նպատակով միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու առաջարկ են արել Երևանին, արձագանք դեռ չկա: Արմեն Գրիգորյանը պնդեց, թե այդ առաջարկից տեղյակ չէ: Կրկին քննադատեց ՀԱՊԿ-ը:

«Մենք պնդել ենք, որ Հայաստանը սահման ունի Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ-ը պնդել է, որ չունի և չի ճանաչել, և նույնիսկ չի դատապարտել Հայաստանի տարածքի օկուպացիան։ Ես կասեի՝ այստեղ ավելի շատ անհրաժեշտություն կա, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես ՀԱՊԿ անդամ, հստակեցնի իր դիրքորոշումները Հայաստանի հանդեպ, այլ ոչ թե Հայաստանը», - շեշտեց նա։

Թեև վարչապետը անցած շաբաթ չէր բացառել ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարը, Անվտանգության խորհրդի քարտուղարն այդպես էլ չհստակեցրեց՝ ռազմական դաշինքից դուրս գալու հարց Երևանը քննարկում է, թե ոչ: Փոխարենը հերթական անգամ պնդեց՝ Հայաստանը դիվերսիֆիկացիայի քաղաքականություն է իրականացնում:

Քննարկվո՞ւմ է արդյոք ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցը՝ Արմեն Գրիգորյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց: Ազգային ժողովի նախագահն էր անցած շաբաթ հայտարարել, թե Հայաստանը մտածում է ԵՄ անդամ դառնալու ուղղությամբ։

«Մեր սեղանին են Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր օպցիաները, և մենք լավագույն օպցիան կընտրենք՝ հաշվի առնելով մեր անվտանգության միջավայրը, մեր տարածաշրջանը, մեր գործընկերներին», - նշեց նա։


Անվտանգության խորհրդի քարտուղարը խորհրդարան էր եկել հանդիպելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը: Փակ քննարկումը մոտ 2.5 ժամ տևեց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG