Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պահանջած գյուղերը Հայաստանի դե յուրե տարածքում չեն․ Փաշինյան


Կառավարությունը շարունակում է արտաքին և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ գործադիրի ղեկավարի՝ Երևանի համար շարունակում է առաջնային մնալ խաղաղության օրակարգը և երեք սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և սահմանների սահմանազատում և սահմանագծում իրականացնելու քաղաքականությունը։

Փաշինյանը կրկին շեշտեց երեք սկզբունքները՝ «Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման քաղաքական հիմք է և նոր սահման ստեղծելու օրակարգ չկա, տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»։

«ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»»

Հայաստանի վարչապետն այսօր հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Ավելի վաղ՝ անցած շաբաթ օրը, Բաքուն պահանջել էր անհապաղ ազատել և Ադրբեջանին վերադարձնել դրանք։

«ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել», - հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Ճանապարհի հարցին Փաշինյանն այսօր անդադարձավ. - «Եվ պետք ա փոքր մի քանի կտոր կա, պետք ա գնալ, էդ ճանապարհները դուրս ա՞ գալիս Հայաստանի այ էս տարածքից՝ դե յուրե, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից, էստեղից դուրս ա գալիս, այ էստեղից դուրս ա գալիս սենց ա՞ մտնում, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ: Եվ ես ուզում եմ ասել, որ արդեն էդ հանձնարարականը տվել եմ, և նաև առաջիկայում պատեհ առիթով կգնամ և էս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում և ինչու եմ էդպես մտածում»:

«Առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք, և էնտեղ, որտեղ, օրինակ, մեր կոմունիկացիաները մեր սահմաններից դուրս են, էդ հատվածներում մեր կոմունիկացիաները վերակառուցենք, որպեսզի Հայաստանի բոլոր կոմունիկացիաները անցնեն Հայաստանի դե յուրե տարածքով», - նշեց վարչապետը:

Ո՞ր փուլից և որտեղի՞ց սկսել դելիմիտացիայի գործընթացը

Փաշինյանը կրկին հայտարարեց, թե Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։

Մինչ այդ դելիմիտացիայի հարցով բանակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել էր, որ Հայաստանի ավելի քան 30 բնակավայրերի տարածքներ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Բաքուն Հայաստանից տարածքներ է օկուպացրել նաև 44-օրյա պատերազմից հետո, սակայն հրաժարվում է ընդունել այդ փաստը։

Մինչ Երևանը դեմ չէ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզից, որտեղ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Խորհրդային Ադրբեջանի տարածքներ կան, նման մոտեցում չունի Բաքուն: Արդյոք Բաքուն պատրա՞ստ է նույն կերպ հետ քաշել զորքերը այն Հայաստանի այն 31 գյուղերի տարածքից, ուր առաջ է եկել կա՛մ 90-ականներին, կա՛մ 2021-22 թվականնների հարձակումների ընթացքում, «Ազատությունը» հարց ուղղեց վարչապետին, որին նա հստակ չպատասխանեց։

«Ասում ենք՝ շատ լավ, էկեք գնանք տեղում տեսնենք, թե որտեղ ինչ կա և որը ում տարածքն է, որտեղ է սկսվում Ադրբեջանի տարածքը, որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը: Ո՞ր կետում եք ուզում, որ կետում ուզում եք՝ գնանք անենք դա, որպեսզի պրոցեսը մեռյալ տեղից շարժվի: Բայց մենք, բնականաբար, ո՞նց պետք ա իմանանք՝ էս կետում որ տարածքն է՝ պետք ա գնանք նայենք դե յուրը հիմքը: Եվ մենք, այո, պատրաստ ենք էդ կոնկրետ իրավական բանաձևի իրացմամբ գնանք լուծումների: Մենք մերժողական չենք», - հայտարարեց Փաշինյանը:

«Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից հրաժարվելու հարց քննարկվել և քննարկվում է»

Փաշինյանը հաստատեց՝ Բաքվի հետ բանակցություններում քննարկվել և քննարկվում է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ ներկայացված գանգատներից հրաժարվելու հարց։

Հայաստանի վարչապետը միաժամանակ հայտարարեց, թե ըստ Երևանի, լուծումը պետք է թողնել բանակցությունների վերջին փուլին, երբ խաղաղության դրույթները համաձայնեցված կլինեն։

«Եվ դա տրամաբանական է․ եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմները իրար դեմ, իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր, Հայաստանի Հանրապետության համար դա մի գործոն է, որը կարևոր է նաև մեր ասելիքը և մեր օրակարգն առաջ մղելու համար», - ասաց Փաշինյանը։

Արդյոք Բաքուն կիսում է այս մոտեցումը և պատրաստ է հրաժարվել Հայաստանի դեմ ներկայացված ու հնարավոր հայցերից՝վարչապետը չի հստակեցրել։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ, ևս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Բաքուն խնդրահարույց է համարել Հայաստանի կողմից ներկայացված հայցերը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ոչ միայն պնդել է, որ դրանք իր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներ են, այլև ընդգծել է այդ հայցերից հրաժարվելու կարևորությունը: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքել է՝ եթե Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ միջազգային դատարան ներկայացրած հայցերից, հնարավոր է Հայաստանն էլ հրաժարվի։

«Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականցնենք»․ Փաշինյանը՝ ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց»-ից դուրս գալու մասին

Անդրադառնալով «Զվարթնոց» օդնավակայանից ռուսներին հանելու մասին քննարկումներին՝ Փաշինյանը հայտարարեց, որ այո՛, Հայաստանի սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում Ռուսաստանի սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել «Զվարթնոց»-ում ծառայություն իրականացնելու համար։

«Տեղեկացրել են, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, ՀՀ սահմանապահ ծառայությունը «Զվարթնոց»-ում բավարար փորձ, հմտություն է ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության», - ասաց Փաշինյանը՝ հստակեցնելով՝ Երևանը ոչ թե դիմել, այլ տեղեկացրել է ռուսական կողմին այդ որոշման մասին։

«Եվ այնտեղ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը», - փոխանցեց վարչապետը՝ շարունակելով․ - «Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականցնենք»։

Օդանավակայանից ռուսներին հանելն ավելի վաղ ճիշտ էր համարել խորհրդարանի խոսնակը՝ մտավախություն հայտնելով, թե մի օր էլ հայերին դուրս կհանեն այնտեղից, ինչպես արցախցիներին՝ Արցախից: Մարտի 6-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։

«Հայաստանը նախկին պայմանավորվածությունները վերականգնելու փորձ է արել»

Օրերս Երևանն ադրբեջանական կողմին հանձնեց Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին։ Երևանի այս քայլը դժգոհություն հարուցեց, մասնավորապես, իրավապաշտպանների շրջանում, թե ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը միակողմանի բարի կամք դրսևորեց։

Փաշինյանն այսօր պարզաբանեց՝ Հայաստանը նախկին պայմանավորվածությունները վերականգնելու փորձ է արել։

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և ունի պայմանավորվածություն, որ այն զինվորները, ովքեր մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց՝ վերադարձվում են։ Այս պայմանավորվածության ընկալումը 2018-ից առաջ ու հետո խախտվել է։ Մենք Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում վերահաստատել ենք, որ եթե շփոթվելու դեպք լինի, մենք պետք է վերադարձնենք։ Մենք վերադարձրեցինք՝ առանց որևէ մեկին վերադարձնելու։ Սա այդ պայմանավորվածությունը վերակենդանացնելու փորձ է արվում մեր կողմից», - պարզաբանեց գործադիրի ղեկավարը։

Ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում. հարցն անպատասխան է մնում

ՀԱՊԿ-ի թեմային անդրադառնալով, մասնավորապես, այն հայտարարություններին, որ կազմակերպությանն անդամակցության սառեցման ընթացակարգ չկա, Փաշինյանն ասաց՝ պետք չէ քաղաքական որոշումը և քաղաքական դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացների հետ։

Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին և որոշումներին, պատճառն այն է, որ մինչ օրս չի ստացել այն հարցի պատասխանը, թե որն է կազմակերպության պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում։

«Այսօր էլ այդ հարցը սեղանին է։ Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցերին և պատասխանը կհամապատասխանի մեր պատկերցումներին, կնշանակի Հայաստանի Հանրապետության և ՀԱՊԿ-ի միջև հարցերը հասցեագրված են, լուծված են, ամփոփված են։ Եթե ոչ, Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից, երբ՝ չեմ կարող ասել»,-հայտարարեց Փաշինյանը՝ դահլիճից հնչած հարցին արձագանքելով. - «Նոր տարուց առաջ»:

Սահմանին խաղաղապահներ տեղակայելու ՀԱՊԿ-ի պատրաստակամության մասին վարչապետն ընդգծեց, որ խաղաղապահը չեզոք կողմ է, մինչդեռ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մե՛ր կազմակերպությունն է»:

«Ուժեր կային, որոնք սպասում էին Հայաստանում իշխանափոխության և ցնցումների»

Հայ-ռուսական հարաբերությունների մասին Փաշինյանը սակավախոս էր, փոխարենը պնդեց, որ ուժեր կային, որոնք անցյալ տարվա Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից հետո րոպե առաջ սպասում էին Հայաստանում իշխանափոխության և ցնցումների։

«Ես տեսնում էի, որ արտաքին ուժեր կան, ովքեր նաև դրդում են էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին և աջակցում են նրանց, որ Լեռնային Ղարաբաղի հայերը րոպե առաջ դուրս գան, րոպե առաջ: Ինչի՞ համար: Որովհետև նրանք հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկը և տեսնում էին, որ Հայաստանում իրանց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար, և նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Բրյուսելի հետ հարաբերություններին անդրադառնալով՝ վարչապետը հույս հայտնեց, որ առաջիկայում կսկսվեն վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները, կերկարաձգվեն Եվրամիության դիտորդների՝ Հայաստանում մնալու ժամկետները, կընդլայնվեն հարաբերությունները անվտանգության ոլորտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG