Մատչելիության հղումներ

Հայաստանը որոշել է Ադրբեջանին վերադարձնել սահմանը հատած զինծառայողին. ԱԱԾ


Հայաստանը որոշել է ադրբեջանական կողմին հանձնել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ըստ Քննչական կոմիտեի՝ նա փետրվարի 28-ին Տեղ գյուղի հատվածում՝ հայկական զինված ուժերի դիրքերի մոտակայքում էր հայտնվել ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:

Միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է։

«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն», - զինծառայողին վերադարձնելու որոշման մասին հաղորդագրության մեջ հավելել է ԱԱԾ-ն։

Կառույցն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով, Պաշտպանության նախարարության զինծառայողները վնասազերծել են նրան։

Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն էլ «Ազատության»-ը փոխանցել էր, որ ադրբեջանցիները երկուսն են եղել, մեկին էր հաջողվել բռնել։

XS
SM
MD
LG