Մատչելիության հղումներ

«Մենք մեր սահմանները կպաշտպանենք». ըստ ԱԺ նախագահի՝ ճիշտ կլինի ռուս սահմանապահների դուրս գալը «Զվարթնոց»-ից


Ազգային ժողովի նախագահը կարծում է, որ ճիշտ կլինի՝ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից: Իսկ արդյոք այդ հարցն իշխանության օրակարգում է, Ալեն Սիմոնյանն ասաց, թե ինքն անձամբ նման քննարկման չի մասնակցել:

«Կարող է իրավապահների կամ համապատասխան մարմինների հետ քննարկվել է, բայց ես կարծում եմ… դե որովհետև մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն, դուք վստա՞հ եք», - ասաց նա։

Ռուս սահմանապահները օդանավակայանում երեք տասնամյակից ավելի է՝ ծառայություն են իրականացնում: Թե կոնկրետ ինչ իրավական հիմքով, հստակ չէ: Հայաստանի տարածքում նրանց գործունեությունը կարգավորվում է 1992 թվականին Մոսկվայի հետ կնքված պայմանագրով, որում, սակայն, խոսք չկա «Զվարթնոց»-ում ներկայության մասին: Քննարկվում է արդյոք ռուս սահմանապահներին «Զվարթնոց»-ից հանելու հարցը, «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել կառավարությանը, պատասխան, սակայն, դեռ չի ստացվել։

Ալեն Սիմոնյանն այսօր առհասարակ կասկածի տակ դրեց ռուս սահմանապահների արդյունավետությունը Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում:

«Ապացուցվեց մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին, էլ չեմ ասում, որ հաճախ նաև ձև արեցին, ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները շատ ավելի խոցելի լինեն, եկան Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ արեցին, եկան Լեռնային Ղարաբաղ, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին հա՞, հետո էլ հինգ հոգի մարդ իրադարձությունների ավարտից 2-3 ժամ հետո մահացան ռուս խաղաղապահներից, ասին՝ տեսա՞ք՝ մենք ոնց էինք աշխատում, մեր խաղաղապահներն էլ մահացան։ Այսինքն՝ եկան, ուղեկցեցին հայերին դուրս, դա՞ էր պաշտպանությունը, մի օր էլ գան, «Զվարթնոց»-ից ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»։

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ սա ռուսներին Հայաստանից դուրս մղելու գործընթաց է

Ընդդիմությունից վստահ են՝ իշխանությունն այսպիսով ռուսներին Հայաստանից դուրս մղելու գործընթաց է սկսում, ինչը, պատգամավոր («Հայաստան» խմբակցություն) Արմեն Ռուստամյանի գնահատմամբ, անվտանգային լուրջ ռիսկեր է պարունակում:

«Այս կոնտեքստի մեջ լուրջ վտանգներ ենք տեսնում, այսինքն՝ այստեղ սկսել այս մասից հետո հասնել ուրիշ տեղ, ի վերջո, պետք է հարցը կամ ամբողջությամբ հայեցակարգված լուծում ստանա, կամ մաս-մաս ինչ-որ ձևերով, ինչպես այս իշխանությունների ոճն է, անել իբր թե մեծ բան չենք պահանջում, այսպիսի փոքր քայլերով հասնել վերջնական այն արդյունքին, որը մեզ համար կարող է կործանարար լինել։ Սա է, որ մեզ մտահոգում է», - ընդգծեց նա։

Օդանավակայանից ռուսներին հանելու լուրերին նախորդեցին Ներքին Հանդի դեպքերը, երբ ադրբեջանական կրակոցից հայկական կողմը չորս զոհ ունեցավ, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, թե այնտեղ տեղակայված ռուս զինվորականները ոչ միայն միջադեպը չկանխեցին, այլև խոչընդոտում են Եվրամիության դիտորդների մուտքը գյուղ։

Ռուս զինվորականները Ներքին Հանդում են 44-օրյա պատերազմից հետո, բայց այստեղ էլ իրավական հիմքերը, ինչպես նաև նրանց մանդատը պարզ չեն։ Ազգային ժողովի նախագահը ևս տեղյակ չէր: Նրանց գործառույթներն էլ հստակ չնկարագրեց:

«Ինչ-որ ժամանակահատվածում, երբ որ իրավիճակը լարված էր, այդտեղ ինչ-որ մաս, պատասխանատվության գոտի այսպես ասած՝ վստահվել է, եթե չեմ սխալվում, ու կարծում եմ՝ այդ իրավական հարցը մենք պետք է լուծենք», - նշեց Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ ռուս զինվորականները բացի Ներքին Հանդից, Հայաստանի սահմանների այլ հատվածներում ևս տեղակայված են հենց իշխանության խնդրանքով: Այժմ էլ, երբ միջադեպեր են արձանագրվում, առանց ռուսների գործառույթների մասին հստակ տեղեկությունների, փորձում են մեղքը բարդել նրանց վրա:

«Տարբեր պաշտոնյաներ այնպիսի տարակուսած կարծիքներ են արտահայտում, կարծես թե նրանց խնդրանքով չէր 44-օրյա պատերազմից հետո ռուս զինծառայողների տեղակայումը Հայաստանի Հանրապետության սահմանագծի տարբեր հատվածներում, ընդ որում տարբեր մարզերի», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամը։

Հյուսիսային դաշնակցին քննադատելիս խորհրդարանի խոսնակը չշրջանցեց նաև Մոսկվայի առաջնորդած ռազմական դաշինքը: Հարցին, թե ինչու Հայաստանն ի վերջո չի լքում ՀԱՊԿ-ը, Ալեն Սիմոնյանն առաջարկեց «մի քիչ վստահել իրենց քաղաքական մարտավարությանը»:

«Շատ բաներ կան չեմ կարող բարձրաձայն ասել, բայց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրդովմունքը և զայրույթը, վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ լիովին կիսում եմ ես և ՀՀ իշխանությունները», - նկատեց նա։

Խորհրդարանի ղեկավարի հայտարարություններին Մոսկվայից դեռ չեն արձագանքել։

XS
SM
MD
LG