Մատչելիության հղումներ

Մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը, Փաշինյանը ցավակցել է Պուտինին


94 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը, հայտնել է Ռուսաստանի Դաշնության խորհդարանի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Յուրահատուկ ճակատագրի տեր և եզակի մեծության պետական գործիչ», այսպես է Տելեգրամի իր էջում Ռիժկովին նկարագրել Մատվիենկոն՝ շեշտելով՝ «մեծ հոգու տեր մարդ, ով միշտ անկեղծորեն ու խորապես մտագոված էր աշխատանքի ու արդյունքի, ժողովրդի ու երկրի համար»։

«Նիկոլայ Իվանովիչը «աշխատող մարդու» ամենավառ օրինակն է։ Ազնիվ, անձնուրաց և պատասխանատու։ Իր ճանապարհի բոլոր փուլերում՝ գործարանից մինչև ԽՍՀՄ Նախարարների խորհրդի ղեկավարություն, նա հենց «աշխատանքի մարդ» էր», - գրել է Մատվիենկոն։

Ռիժկովը 1971-1985 թվականներին զբաղեցրել է պետական և կուսակցական բարձր պաշտոններ։ 1985-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահն էր։ 2008 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ նրան շնորհվեց «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչում՝ Հայաստանում 1988-ի աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռիժկովի մահվան կապակցությամբ:

Փաշինյանը, մասնավորապես ընդգծել է, որ Ռիժկովը ղեկավարելով ԽՍՀՄ նախարարների խորհուրդը՝ համակարգել է Հայաստանի Սպիտակ քաղաքում հազարավոր կյանքեր խլած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները։

«Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ և կատարելով իր պարտքը՝ Նիկոլայ Ռիժկովը հավերժ դրոշմեց իր անունը հայ ժողովրդի հիշողության մեջ՝ որպես ամենածանր պահին օգնության ձեռք մեկնած հավատարիմ ընկերոջ, ինչի համար նրան շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչումը», - հեռագրում գրել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

XS
SM
MD
LG