Մատչելիության հղումներ

Նիկոլայ Ռիժկովը Հայաստան բերեց 500 գործարար




«1991 թվականի հայտարարությունները մարդիկ անում էին կա'մ Խորհրդային միության կործանումն արդարացնելու նպատակով, կա'մ էլ` հավատում էին, թե դա այդպես էլ կլինի, սակայն, այդպես չեղավ»,- ելույթ ունենալով Ապրանքարտադրողների միջազգային միության նախաձեռնությամբ այսօր Երեւանում անցած գործարար համաժողովում, ասաց այդ միության նախագահ Նիկոլայ Ռիժկովը։ Բելովեժյան համաձայնագրով հռչակված սահմանների թանփանցիկության, միասնական արժույթի, միասնական զինված ուժերի կամ ընդհանուր տնտեսական տարածության մասին սկզբունքները, ըստ Նիկոլայ Ռիժկովի, ոչ միայն իրականացված չեն, այլեւ բուն ԱՊՀն ոչ մի առումով կայացած կառույց չէ:

Իսկ շուկաները, վերականգնելու խնդիրն արդիական է ԱՊՀ բոլոր երկրների, ու հատկապես նրանց համար, որոնք մեծ արտահանման պոտենցիալ, սակայն, փոքր ներքին շուկաներ ունեն։ Մինչդեռ, նորանկախ երկրները միմյանցից այնպիսի սահմաններով ու հովանավորչական մաքսերով են տարանջատվել, որ եթե նույնիսկ նախկին կապերն ամբողջությամբ վերականգվեն, ապա բարձր գների պատճառով արտադրածն անհնար կլինի վաճառել:

Ներկա պայմաններում, ըստ Նիկոլայ Ռիժկովի, միավորման համար հիմք կարող են դառնալ Եվրասիական տնտեսական համագործակցության սկզբունքները։ ԱՊՀ այդ ենթակառույցը նախկին Մաքսային միության ժառանգորդն է, որին անդամակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։

Ըստ Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի, քանի որ Հայաստանը արդեն միացել է ԱՊՀ երկրների կոլեկտիվ անվտանգության պայմանագրին, ապա դրան անխուսափելիորեն պետք է հաջորդի նաեւ անդամակցությունը Եվրասիական տնտեսական համագործակցության պայմանագրին:

ԱՊՀ շրջանակներում միասնական տնտեսական տարածության ձեւավորումը շարունակ արգելակվում է օբյեկտիվ պատճառներով։ Էներգակիրներ արտահանող եւ ներմուծող երկրների շահերը տրամագծորեն հակադիր են. ասենք, Ռուսաստանի դաշնությունը կամ Ղազախստանը ոչ մի կերպ չեն համաձայնի զիջել ավելացված արժեքի հարկը նավթ կամ գազ ներմուծող երկրներին, ինչպիսին են ասենք, Հայաստանը կամ Տաջիկստանը։

Ատոմ Մարգարյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG