Մատչելիության հղումներ

303.6 մլն դոլար՝ «Ամերիաբանկ»-ի համար. գնորդը Bank of Georgia-ն է


303.6 միլիոն դոլար «Ամերիաբանկ»-ի համար. գնորդը Bank of Georgia-ն է: Կողմերն արդեն պայմանավորվել են, սպասում են գործարքի վերջնական հաստատմանը։

«Ամերիա»-ն հայտարարում է՝ անունը չի փոխվի, ղեկավար անձնակազմն իր տեղում կմնա, հաճախորդները, սակայն, լրացուցիչ պարզաբանումներ են ուզում:

«Ամերիաբանկ»-ի 49 տոկոսի բաժնեմասերը գործարար, այժմ Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանինն են։ Հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները 2022 թվականին են սկսվել, տեղեկացնում են գործարարի թիմից ու հավաստիացնում՝ բանտում գտնվող Վարդանյանն անձամբ որևէ առնչություն չունի այս գործարքին՝ նա իր բաժնեմասերը կառավարման է հանձնել

Ո՞վ է գնորդը. Bank of Georgia-ն Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություն է, Լոնդոնի ֆոնդային բորսայում է ներկայացված, բաժնեմասեր ունեն բազմաթիվ ներդրումային ընկերություններում։

«Վրաստանի բանկ»-ը հարևան երկրի առաջատարներից է։ Գործարքը նախատեսում են հաջորդ ամիս ավարտին հասցնել։

«Այս գործարքը նշանակալի ձեռքբերում է Խմբի համար։ «Ամերիաբանկ»-ի միջոցով պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը», - հայտարարում է գնորդը:

Բաժնետիրոջ փոփոխության վերաբերյալ դեռ Հայաստանի կենտրոնական բանկը պետք է դիրքորոշում հայտնի ու համաձայնություն տա։ Գլխավոր դրամատնից «Ազատությանը» հայտնեցին՝ գործարքի պաշտոնական դիմումն արդեն ստացել են։

«Այն մտավախությունները, որ հասարակության լայն շերտերում կան, ես, անկեղծ ասած, չեմ կիսում: Նորմալ, սովորական գործարք է իրականացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը Հայկազ Ֆանյանը:

Այս նորությունը համընկավ մեկ այլ խոշոր գործարքի մասին հայտարարությանը։ «Արդշինբանկ»-ն էլ հայկական շուկայի միակ արևմտյան բանկը՝ HSBC Armenia-ն է պատրաստվում գնել։ Ֆանյանի կարծիքով՝ HSBC-ի որոշումը բացասական իրադարձություն է Հայաստանի համար, իսկ ի՞նչ կտա «Ամերիա»-ի գործարքը:

«Եթե HSBC-ն գնում է, մնում է միակը, որը մեկ քայլ վերև՝ մայր կազմակերպությունը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, և մենք անուղղակիորեն հասանելիություն ունենք շատ մեծ ֆինանսական ռեսուրսների», - նշեց տնտեսագետը:

Գործարքները պատահմամբ են համընկել, կարծում է Ֆանյանը, ընդհանուր միտումների մասին խոսելը վաղ է։

Ինչպե՞ ս այս գործարքները կազդեն ոլորտի, հայաստանյան 18 առևտրային բանկերի առաջարկների, տոկոսադրույքների վրա, ժամանակը ցույց կտա։

«Առաջիկա տարիներին, ես չեմ զարմանա, եթե ունենք մենք կոնսոլիդացիայի այլ գործարքներ ևս», - ասաց Հայկազ Ֆանյանը:

Տնտեսագետի գնահատմամբ՝ բանկերն առաջիկա տարիներին պետք է խոշորացման գնան. 18-ը 3 միլիոն բնակչությամբ Հայաստանի տնտեսության համար մեծ թիվ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG