Մատչելիության հղումներ

Բանակցություններ «Ամերիաբանկի» վաճառքի շուրջ. «Վրաստանի բանկը» հաստատում է՝ ուզում են այն գնել


Բանակցություններ «Ամերիաբանկի» վաճառքի շուրջ. «Վրաստանի բանկը» հաստատում է՝ ուզում են Հայաստանի ամենախոշոր բանկերից մեկը ձեռք բերել, այժմ խորացված քննարկումներ են ընթանում «Ամերիայի» բաժնետերերի հետ։

«Ամերիաբանկի» 49 տոկոսի բաժնետերը գործարար, այժմ Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանն է։ Բանկի հնարավոր վաճառքի մասին լուրերն արդեն մի քանի ամիս է՝ շրջանառվում են։

Պոտենցիալ գնորդը՝ Bank of Georgia-ն Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություն է, բաժնեմասերը բազմաթիվ այլ ներդրումային ընկերությունների են պատկանում։ «Վրաստանի բանկը» գրասենյակներ ունի Լոնդոնում, Բուդապեշտում ու Թել Ավիվում։

Հնարավոր գործարքի դեպքում ի՞նչ ճակատագիր է սպասվում բանկի մեծաթիվ հաճախորդներին, կանվանափոխվի՞ «Ամերիան», թե՞ ոչ, առայժմ ոչինչ հայտնի չէ։ Շուրջ 3.5 միլիարդ դոլարի ակտիվներ ունեցող «Ամերիան» առայժմ լուռ է, փակագծեր չեն բացվում։

Հայաստանում ավելի շատ՝ 4 միլիարդ դոլարի ակտիվներ միայն «Արդշինբանկն» ունի, նրանք էլ HSBC-ի հետ են համաձայնության հասել՝ պատկան մարմինների հաստատումներից հետո կգնեն շուկայում ներկայացված արևմտյան միակ բանկը։ Գործարքը նախատեսում են ավարտին հասցնել մեկ տարվա ընթացքում։ HSBC Armenia-ի ներկայիս հաճախորդների հաշիվները «Արդշինբանկ» կտեղափոխվեն։

Բրիտանական խոշոր ընկերությունից հավաստիացնում են՝ հաճախորդների համար ոչինչ չի փոխվում. «HSBC Հայաստանը վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի՝ HSBC խմբի նպատակն է կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ»

Այսպիսի գործարքների իրականացման համար Հայաստանի կարգավորող մարմինների թույլտվությունն է պետք, մասնավորապես, Կենտրոնական բանկն (ԿԲ) իր խոսքը պետք է ասի։ ԿԲ-ից «Ազատությանը» փոխանցեցին՝ իրենց պաշտոնապես դեռ չեն դիմել. «Այս պահի դրությամբ HSBC-ի՝ «Արդշինբանկի» հետ գործարքի վերաբերյալ Կենտրոնական բանկը դեռևս չի ստացել պաշտոնական միջնորդություն և չի տվել օրենքով սահմանված իր նախնական համաձայնությունը»։

Քանի դեռ պաշտոնական գործընթաց չի սկսկել, հավանական այս գործարքների վերաբերյալ հայտարարություններն առայժմ խոսակցությունների մակարդակում են։

Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղից HSBC-ին հեռանում է։ Ֆրանսիայից վերջերս դուրս եկան, այժմ կանադականն են վաճառում։ Reuters գործակալությունն անցած տարի էր գրել՝ HSBC-ին ասիական շուկայի վրա է կենտրոնանում։ Վաղուղ էին շրջանառվում լուրերը, որ բրիտանական բանկն ուզում է դուրս գալ Հայաստանից, 2020-ին նույն լրատվամիջոցը գրել էր՝ դիտարկում են Հայաստանից, Հունաստանից ու Օմանից դուրս գալու հարցը, քանզի այս երկրներում գործարքների ծավալը փոքր է, տեղական բանկերի հետ մրցակցությունն էլ՝ բարդ։

HSBC Armenia -ի ընդհանուր ակտիվներն այժմ 720 միլիոն դոլար են կազմում։ «Ակբա բանկն», օրինակ, 1.9 միլիարդի ակտիվներ ունի, «Ինեկոն»` շուրջ 1.5 միլիարդի։

Տնտեսագետների կարծիքով՝ HSBC-ի նման խոշոր միջազգային խաղացողի ներկայությունը երկրի ներդրումային գրավչությունն է մեծացնում, ասում են՝ գործարքը կորուստ է Հայաստանի տնտեսության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG