Մատչելիության հղումներ

WSJ. Ռուսաստանում 2023-ին ավիացիոն միջադեպերի թիվը կրկնապատկվել է


Ural Airlines -ի օդանավի արտակարգ վայրէջքը Նովոսիբիրսկի շրջանի դաշտում, օգոստոս, 2023թ․
Ural Airlines -ի օդանավի արտակարգ վայրէջքը Նովոսիբիրսկի շրջանի դաշտում, օգոստոս, 2023թ․

Ռուսաստանում 2023 թվականին ավիացիոն միջադեպերի թիվը զգալիորեն աճել է, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով բաց աղբյուրներն ուսումնասիրող հետազոտական ընկերությունները։

Գերմանական Jacdec հետազոտական ընկերության տվյալներով՝ Ռուսաստանում 2023-ին 19 հոգու համար նախատեսված ինքնաթիռների հետ կապված առնվազն 74 միջադեպ է տեղի ունեցել, իսկ 2022 -ին գրանցվել է նման ընդամենը 36 միջադեպ։

Տվյալները հաստատում է նաև Cirium հետազոտական ընկերությունը։ Ընկերության հաշվարկներով՝ Ռուսաստանում 2023 թվականին յուրաքանչյուր 100 հազար թռիչքի դիմաց տեղի է ունեցել մոտ 10 միջադեպ, մինչդեռ մեկ տարի առաջ՝ ընդամենը 5։

The Wall Street Journal-ը նշում է, որ զոհերի թվով ամենամեծ աղետը, մասնավորապես, «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի օդանավի կործանումն էր։

Թերթը հիշեցնում է նաև ռուսական Ural Airlines ավիաընկերության Airbus A321 օդանավի արտակարգ վայրէջքը Նովոսիբիրսկի շրջանի դաշտում։ Օդանավում 167 մարդ է եղել, այդ թվում՝ 23 երեխա և անձնակազմի 6 անդամները: Տուժածներ չկային։ Վթարի նախնական պատճառ նշվում էր հիդրավլիկ համակարգի խնդիրը։

Փորձագետներն այս միջադեպերը կապում են 2022-ի փետրվարին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Ռուսաստանի ավիացիոն արդյունաբերության դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցության հետ։ Այդ պատժամիջոցներով արգելվում է աևմտյան երկրների ընկերություններին սպասարկել ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռներն ու դրանց պահեստամասեր մատակարարել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի շարք ռուսական ավիաընկերություններ վերանայել են տեխնիկական կանոնակարգերը և թույլատրում են ինքնաթիռներին թռիչքներ իրականացնել այնպիսի խնդիրներով, որոնցով նախկինում արգելվում էր։

XS
SM
MD
LG