Մատչելիության հղումներ

Ավինյանը վերահաստատեց՝ Օղակաձև այգու կորտերը քանդվելու են, թենիսի ակումբը կտեղափոխվի


Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր վերահաստատեց՝ համալսարանի դիմացի կորտերը պետք է քանդվեն: Մինչ այդ GreenRock Management ընկերությունից, ում քաղաքապետարանը ցանկանում է առանց մրցույթի տալ այգու վերակառուցում ու կառուցապատում անելու իրավունք, ավելի վաղ նշել էին, որ կորտերը քանդելու հարցը դեռ վերջնական չէ, եթե իրենց հարցումները ցույց տան, որ երևանցիները ցանկանում են այդտեղ կորտեր տեսնել, ապա կարող են նաև նախագիծը փոխել:

Քաղաքապետ Ավինյանն այսօր հայտարարեց՝ այգու կորտերը քանդվելու են, թենիսի ակումբը կտեղափոխվի, և կարող է գործել նաև այլ վայրում:

«Նախքան, այսպես ասած, այդ կորտերի տեղափոխումը, պետք է հասանելի մեկ այլ ավելի հարմար տեղում ունենանք ակումբը ու հետագայում նոր անցնենք քանդման աշխատանքներին», - նշեց Տիգրան Ավինյանը:

«Արարատ» թենիսի ակումբի սեփականատեր էդուարդ Սանամյանը, որ կորտերի տարածքի երկարամյա վարձակալն է, ասում է՝ քաղաքապետարանից որևէ մեկը իրենց հետ կապի դուրս չի եկել, այս ծրագրերի մասին էլ դարձյալ իմացել է գործակարգավարական նիստից:

Տեղի ունեցողը, ըստ Սանամյանի, ոչ թե հանրային, այլ մասնավոր գերակա շահի մասին է: Այս դեպքում հանրության շահն ու Երևանի պատմությունն ու ժառանգությունն անտեսվում է: Եթե քաղաքային իշխանությունները հանրային շահն են առաջ տանում, ինչո՞ւ են որպես ներդրող դիտարկում կոնկրետ մի կազմակերպության:

«Մեր նպատակը մանկապատանեկան մարզաձևի զարգացումն է: Ընդհակառակը՝ մեկ շաբաթվա ընթացքում փորձել ենք այդ սուր անկյունները հարթենք, քաղաքապետարանին հրավիրենք կոնստրուկտիվ քննարկման: Խոսո՞ւմ ենք ներդրումների մասին, այո, ակումբն է պատրաստ ներդրումներ անել, բայց ո՞վ է ակումբի դուռը թակել, ասել՝ դուք ինչ-որ ներդրման պատրաստ ես, թե՝ չէ: Մենք էլ ինվեստիցիոն ծրագրեր ունենք, քննարկվե՞լ է ինչ-որ մեկի հետ, ոչ, ոչ մեկի հետ չի քննարկվել: Թենիսի համայնքն ավելի ռադիկալ է տրամադրված, թենիսի համայնքը երկու ոտքը դրել է մի կոշիկ, ասել է՝ ակումբը մնալու է, կորտերը մնալու են և վերջ», - ասաց սեփականատերը:

Իզաբելլա Սարգսյանն ասում է՝ բազմաթիվ հարցեր կան, որ անպատասխան են

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանն ասում է՝ նոր կորտերի կառուցումը ողջունելի է, սակայն քաղաքապետի այս հայտարարությունը չի կարող բավարարել իրենց, քանի որ հասկանալի չէ՝ ինչո՞ւ է արդեն գոյություն ունեցողը քանդվում: Սարգսյանն ասում է՝ չի կարելի թույլ տալ, որ կորտերը քանդվեն, այգին կարող է բարեկարգվել, վերադարձվել երևանցիներին, սակայն կորտերն արդեն իսկ Երևանի մասն են:

«Ինչո՞ւ սա չի կարող բավարար պատասխան լինել, որովհետև գոյություն ունեցող կորտերը, որոնք 60-ական թվականներից գոյություն ունեն Երևանում, ոչ միայն կորտեր են, ֆիզիկական տարածքն է, նաև քաղաքի հիշողությունն է, դա նաև սերունդների մեջ կապ է, պատմական հիշողություն է», - ընդգծեց Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամը:

Իզաբելլա Սարգսյանն ասում է՝ բազմաթիվ հարցեր կան, որ անպատասխան են. ինչո՞ւ է նման հանրային նախագիծն արվում առանց հանրային քննարկման, ինչո՞ւ չի հայտարարվել մրցույթ, ինչո՞ւ է այգու վերականգնումը հենց այդ հատվածից սկսել:

«Թե ինչո՞ւ հիմա այդ ընկերությանը, ինչո՞ւ առանց մրցույթի, ինչո՞ւ հենց այդտեղ, դա շատ կարևոր հարց է, որովհետև այդ նույն Օղակաձև այգում կան հսկայական տարածքներ, եթե շատ եք ուզում վերականգնեք, էդտեղ կար բացօթյա լողավազան, հենց Խանջյան փողոցի վրա, որտեղ կառուցվել է այդ հսկայական «Մուլտի Վելնես» համալիրը, եթե ուզում եք վերականգնեք, օրինակի, համար այդ հսկայական շինությունը քանդեք, տեղը վերականգնեք հանրային բացօթյա լողավազանը», - ասաց Սարգսյանը:

Ըստ Արսեն Թորոսյանի, հանրության մոտ առաջացող հարցերը լեգիտիմ են

Այն, որ հանրության մոտ առաջացող այս հարցերը լեգիտիմ են, համաձայն է Տիգրան Ավինյանի կուսակից, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նա դեմ է, որ տասնամյակների պատմություն ունեցող թենիսի կորտերը քանդվեն կամ տեղափոխվեն: Թորոսյանն ասում է՝ Թենիսի կորտերը սովորաբար հենց այգիներում են լինում՝ բազմաթիվ այլ երկրներում է տեսել, դրանք շատ համահունչ են քաղաքային այգիներին: Բացի այդ՝ այս կորտերը քաղաքի խորհրդանիշն են, դրանք վերացնելը ճիշտ չէ:

«Հաջորդը, քաղաքի տեսանկյունից, դա խորհրդանիշ լինելն է այս կորտերի, որովհետև ես ինքս չեմ պարապել այդ կորտերում, բայց դրանց միշտ տեսնելով համարել եմ մեր քաղաքի խորհրդանիշներից մեկը մոտավորապես այնպես, ինչպես Երիտասարդական պալատն էի համարում, որը, ցավոք սրտի, հիմա չունենք, չգիտեմ կունենանք, թե՝ չէ ու չէի ուզենա, որ այս մի խորհրդանիշից էլ զրկվենք: Ես կարծում եմ, որ քաղաքային իշխանության մեր գործընկերները այս տեսանկյունից էլ պետք է նայեն այդ հարցին: Ու նաև այնտեղ այնքան շինարարական կառույցներ կան, այսինքն, բետոնից, որ կարելի է ապամոնտաժել ու, այո, այգին վերադարձնել երևանցիներին, ու այդ կորտերն էլ լինեն այդ այգու մի մասը, որ շատ բնական միջավայր կարող է ձևավորվել: Մյուս հարցն էլ, որ հանրությունը բարձրացնում է, թե ինչո՞ւ կոնկրետ կազմակերպության դա տալ, ես կարծում եմ, որ այդտեղ էլ լեգիտիմ հարց կա, կարծում եմ, հնարավորինս թափանցիկ պետք է արվի այդ պրոցեսը», - նշեց Արսեն Թորոսյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» այլ անդամ՝ Լենա Նազարյանը, ով ժամանակին ակտիվ քաղաքացիական պայքարի մեջ էր, հրաժարվեց մեկնաբանությունից: Իշխանական մեկ այլ պատգամավոր Արման Եղոյանը, որ ժամանակին «Հիմա» շարժման մեջ էր, վրդովվեց հարցադրումից՝ արդյոք կողմ է, թե՝ ոչ, որպեսզի համալսարանի դիմացի կորտերը քանդվեն, Երևանի պատմական հիշողությունը վերացվի:

«Երևանի պատմական հիշողություն» ձևակերպումը Եղոյանն անվանեց «պոետիկ» և հայտարարեց՝ ինքը կանաչ տարածքների համար է պայքարել, հիմա եթե նոր նախագիծը հանրային տարածքը կավելացնի՝ կողմ է նախագծին, եթե ոչ՝ կողմ չէ:

Ի դեպ՝ հարցը լուսաբանող լրատվամիջոցներին քաղաքապետ Ավինյանն այսօր ընդհանրական անվանեց դեղին մամուլ, իսկ քաղաքային իշխանություններին քննադատողներին՝ համեմատեց ճանճերի հետ:

XS
SM
MD
LG